Հեղափոխության տարելի՞ց, թե՞ տարեդարձ

Հեղափոխության տարելի՞ց, թե՞ տարեդարձ

Օրերս 2018 թվականի հեղափոխության մասին՝ Նոր կտակարանի տեսք հիշեցնող մի գրքույկ ընկավ ձեռքս։ Կոչվում է՝ «Ովքեր արեցին հեղափոխությունը»։ Հեղինակ՝ Վարդան Ազատյան, ում գրքի «Հեղինակի մասին» բաժնում ներկայացրել են որպես նկարիչ, արվեստաբանության ու փիլիսոփայության թարգմանիչ։ Տպագրվել է Artmargins, Oqsford Art Journal, Springerin եւ այլ միջազգային հանդեսներում եւ դասավանդել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի եւ Նիդերլանդական արվեստի ինստիտուտներում։

Այս ինտրիգային ծանոթագրություններից հետո բացում ենք ու կարդում գրքի առաջին իսկ նախադասությունը․ «Հեղափոխության տարելիցի կապակցությամբ հրատարակվող այդ գրքույկը եղելության իմ ըմբռնումն է ամփոփում»։

Այստեղ են ասում՝ Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է, եւ չենք կարող չասել՝ «թավշյա հեղափոխության» մեկ տարվա տարելից չէ, այլ՝ տարեդարձ։ Գոնե այդպիսին պիտի լինի հեղինակի համար, ով վարչապետ Փաշինյանին կոչում է ուխտադիր առաջնորդ՝ «լույսի մարտնչող ասպետ» կամ՝ «մեկը», ով հեղափոխական այնպիսի պայքարի եղանակ է ընտրել, որում լծորդվում են քավությունն ու անձնուրաց վճռականությունը։ Գրքույկի «Գաղափարականները կամ քաղաքական ուխտի վկաները» բաժնում հեղինակը քայլարշավն անվանում է քրիստոնեական ուխտագնացության քաղաքական օրինակ։ Խնդիրն էլ այսպես է դրված՝ «հեղափոխություն անելու մշակութային ուժերի փիլիսոփայական վերհանում»։ Գրքույկի այն բաժինները, որոնք հեղինակինն են, հիշեցնում են սովետահայ գրականագիտության, աստվածաշնչյան տեքստերի մի սիմբիոզ-վերլուծություն։

Պատահական չէ, որ գրքի «Ծանոթագրություններ» բաժնում հավասարապես նշվում են՝ «Քաղաքացու երգը», Մատթեոս, Աստվածաշունչ, Միքայել Նալբանդյան, «Նամակ Մեղուի խմբագրությանը», Արամ Ղանալանյան՝ «Առածանի», Լեո, «Մեր կյանքից»․ Աշոտ Հովհաննիսյան, «Գյուղացիական ազատագրական շարժումները եւ լեգենդը», ժողովրդական հեքիաթ «Սլիկ երեց»։ Հանդիպեցի անգամ մեջբերումների՝ բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդ Ուլյանով Լենինից, որի անունը, իհարկե, չի նշվում։ Վարդան Ազատյանը գրում է․ «Ինչպես ասել է փորձառու մի հեղափոխական՝ երբ վերեւները չեն կարողանում, ներքեւները չեն ցանկանում»։ Ի դեպ, Լենինն իր այդ՝ Չերչիլի ասացվածքներից ոչ պակաս հանրահայտ ասույթն օգտագործում է մի շարք, այդ թվում՝ «Հեղափոխական պրոլետարիատի մայովկան» հոդվածում։  

Ինչպես գուշակում ենք՝ «երբ վերեւները չեն կարողանում»-ը վերաբերում է Սերժի Հայաստանում իրականացված «էրեխեքի հեղափոխությանը»։ Ըստ հեղինակի՝ «էրեխեքի» կողմից Սերժին մերժելու նպատակը ոչ այնքան վարչակարգի տապալումն էր, «որքան Սերժին մերժողի դերն ու հաճույքը», որը նախեւառաջ հնարավորություն էր՝ «գործնականում մոտենալու երազած աղջկա կամ տղայի այն պատկերին, որը մշտապես թեւածում է դեռահասի գլխավերեւում՝ իբրեւ բաղձանք», որը շատ շուտով դառնալու էր մոտիկ՝ զգայա-մարմնական իրադարձություն, որը «տեղավորվում էր Փաշինյանի՝ սովորաբար խոսքն ամփոփող հեղափոխական կարգախոսի շրջանակներում»․ «Կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»։ Լեյլա տատիկի ու Աշոտի, Ռուսաստանից ժամանած բեռնատարի վարորդի կերպարների ու նրանց մասնակցության համառոտակի  բացատրությունն էլ կա․ «Չկա Հայաստանում սոցիալական այնպիսի վարք, որն իր զորությամբ ու տարածումով կհամեմատվի հանուն ընտանիքի ու երեխաների, հանուն արյունակցական կապերի իրականացվող գործողությունների լեգիտիմության հետ»։

Գիրքը բաղկացած է եւս 4 տեքստից, որոնք, նրա խոսքով, պատմականորեն ու մշակութաբանորեն հիմնավորում, բացապարզում են հեղինակի ասելիքը։ Դրանք են՝ Միքայել Նալբանդյանի վերը նշված նամակը, որում Հրապարակախոսը (Լրագրողը) հիմնավորում է աշխարհիկ օրենքն ու մարդու իրավունքները։ Աշոտ Հովհաննիսյանի աշխատությունը մինչեւ թոնդրակյաններ ու էպոս՝ «Սասնա ծռեր» է գնում, որում ազատագրումը գալիս է «տնից»։ Իսկ չորրորդ տեքստում Սլիկ անունով ծուռ երեցը մի օր որոշում է իր ինչքը բարձել իշուկի վրա, կինն ու երեխաները՝ ներառյալ, եւ գնալ դրախտ։ «Ծուռ» Սլիկին հանդիպած ատվածաշնչյան Ադամը, Մովսեսը, Գաբրիելը նրան նախատում են, որ առանց մահանալու որոշել է գնալ դրախտ։ Ի վերջո, պարզվում է, որ երկրի վրա դրախտ կա, եւ, ի վերջո, Սլիկը հասնում է դրա դռանը։ Բայց Քրիստոսը դրախտի դուռը չի բացում եւ ասում է․ «Երէց, դու խօմ ծուռ չես, չէ՞ դու հլամուն տէրտէր իս, վըր քու արեւուն՝ կարդցոր իս, զգիր ու զօրութին գինաս, սեւ ու սպիտակի վրէն կաչքիս, հարի մարդ չմեռնի, չթաղւի, չէրթայ էն դիւ աշխարք կրնա՞յ երթայ դրախտ»։