308 մլն․ նվիրում ենք, որ լեդ էկրաններ սարքե՞ն ու ֆանտասմագորիկ վերլուծություններ անե՞ն

308 մլն․ նվիրում ենք, որ լեդ էկրաններ սարքե՞ն ու ֆանտասմագորիկ վերլուծություններ անե՞ն

 

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը եւ ազատել 2021-ի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից: Համաձայն ՀՀ կառավարության որոշման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար «Առաջին» լրատվական հեռուստաալիքի կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության 2021թ. գործունեության արդյունքներով առաջացել է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ՀՀ 2022թ. Պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն՝ 308.664.700 դրամի չափով: Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել վերը նշված շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման համար: Հիմնավորման մեջ նշված է նաեւ․ «Եթե հաշվի առնենք, որ ներկայումս լրատվական ալիքի լրատվական թողարկումների տաղավարային նկարահանումներն իրականացվում են նախկին լրատվական ծառայության թողարկումների համար մոտ 6 տարի առաջ իրականացված դեկորատիվ ձևավորմամբ, ապա պարզ է դառնում, թե որքան անհրաժեշտ է թարմացնել և ամբողջությամբ փոփոխել տաղավարի ձևավորումը»։

Թե որքանո՞վ է արդարացված Հանրային հեռուստաընկերությանն ազատել 308 մլն-ի հարկային պարտավորություններից՝ ավելացնելով կանոնադրական կապիտալը, հեռուստամեկնաբան, մեդիա փորձագետ Արայիկ Մանուկյանը նախ անդրադառնում է Հանրային հեռարձակողի խորհրդին, որի կողմից էլ արվել է առաջարկը․ «Հանրային հեռարձակողի խորհուրդը փակ կառույց է, շատ ավելի փակ, քան նախկինում էր։ Իսկ մենք նախկինում՝ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք, անընդհատ քննադատում էինք նախկին Հեռուստառադիոխորհրդին, նշելով որ փակ կառույց է, որեւէ մեկը գաղափար չունի ինչո՞վ է զբաղվում այդ կառույցը, ինչի՞ համար են մարդիկ ստանում այդ աշխատավարձը, ի՞նչ քաղաքականություն է տարվում, Հանրայինի վարած քաղաքականությունից գո՞հ են, թե՞ դժգոհ, հազար ու մի հարց, որ ունենք տալու այդ կառույցին, որպես հարկատուներ եւ այդ հեռուստաընկերությունը պահողներ։ Եվ այսօր այդ կառույցի մասին շատ ավելի քիչ գաղափար ունենք, քան ունեինք 10 տարի առաջ»։

Արայիկ Մանուկյանը հիշում է, որ 2014թ-ին եւս Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը զիջեց կամ ավելի ճիշտ՝ նվիրեց 850 մլն․ շահութահարկ․ «Այդ առումով «լավագույն ավանդույթները» շարունակվում են, որովհետեւ արվեց էլի Հեռուստառադիոխորհրդի առաջարկով՝ գրեթե նույնանուն պատճառաբանություններով՝ տեխնիկական վերազինում, նմանօրինակ բառակապակցություններ, որոնց տակ չկա բացվածքը, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է նշանակում տեխնիկական վերազինում։ Մենք շատ լավ տեսանք, որ նախկինում տեխնիկական վերազինման անվան տակ Հանրային հեռուստաընկերությունը տեխնիկապես տուժեց կարելի է ասել՝ ապավերազինվեց, որովհետեւ եթերի կառավարման տաղավարները վերացան, ուղիղ եթերի հնարավորություն մնաց միայն մի ստուդիայում, հեռուստատեսությունը սկսեց ուղիղ եթեր դուրս գալ ПТС-ի՝ շարժական հեռուստակայանի միջոցով, որն աբսուրդային է եւ մինչ օրս շարունակվում է։ Այն ժամանակ խոսվում էր նաեւ Երեւան ստուդիայի շենքի գրավ դնելու եւ գրավից հանելու մասին, որը հարկատուներին էլի հայտնի չդարձավ՝ այդ շենքը գրավից հանվե՞ց, թե՞ ոչ, այդ գումարը դրա՞ դիմաց տրվեց, թե՞ ոչ։ Հիմա նույն պրակտիկան է, նույն ձեւակերպումները, ի՞նչ անհրաժեշտություն է առաջացել մի քանի տարի անց, այդ տաղավարները նորից ձեւավորելու, արդյո՞ք խնդիրը գալիս է նախկինից, երբ 850 մլն-ը նվիրվեց ու, մեծ հաշվով, որեւէ բան չարվեց եւ արդյո՞ք որեւէ մեկը դրա համար պատասխան տվեց այն ժամանակ եւ դրանից հետո»։

Ա․ Մանուկյանը նկատում է՝ այսօր այլեւս այն ժամանակները չեն, որ տաղավարները ձեւավորելու համար պետք է ծախսել միլիոնավոր դրամներ․ «Այսօր աշխարհում բոլոր հեռուստաընկերությունները գնում են տաղավարների մինիմալիստական ձեւավորման ճանապարհով, որովհետեւ աշխարհում շատ դժվար է գումար հայթայթել եւ պարտադիր չէ տաղավարների ձեւավորումը գեղցիական ոճի մեջ անել՝ 50 հատ լեդ էկրանով, գույնզգույն գույներով, այն դեպքում, որ Հայաստանում շատ ավելի մեծ ու կարեւոր խնդիրներ կան։ Չհաշված նաեւ այն հանագամանքը, որ հեռուստատեսությունում շատ ավելի բովանդակային խնդիրներ կան եւ բովանդակային խնդիր լուծելու համար բոլորովին լեդ էկրանների կարիք չկա։ Այսօր մենք հեռուստատեսության միջոցով արժեհամակարգային խնդիրներ ունենք լուծելու, որակյալ բովանդակություն հաղորդելու, հասարակություն ձեւավորելու, որը չենք անում։ Եվ նրանք, ովքեր ժամանակին մեծ- մեծ խոսում էին այս երեւույթների մասին, այսօր լինելով Հեռուստառադիոխորհդի անդամներ, հեռուստաընկերության տնօրեններ, փակվել են իրենց աշխատասենյակներում եւ իրենց կոմֆորտն են վայելում՝ մոռանալով, որ իրենք եւս այս խնդիրների մասին բարձրաձայնել են։ Հիմա 308 մլն․ նվիրում ենք, որ լեդ էկրաններ սարքե՞ն ու տարատեսակ քաղաքական գործիչները, վերլուծաբանները եւ չգիտեմ ինչաբանները նստեն եւ իրենց ֆանտասմագորիկ վերլուծություններ անե՞ն՝ տպավորություն ստեղծելով, որ հենց նոր են եկել Պուտինի կամ Բայդենի առանձնասենյակներից։ Ես, որպես հասարակության անդամ, դա լսելու ցանկություն չունեմ, իսկ 308 կամ 850 մլն-ով ֆանտաստիկ որակյալ բովանդակություն կարելի է հաղորդել հեռուստատեսությանը, որը չի արվում։ Խնդիրը սրանում է»։