Սահմանադրական լապշաներ՝ Նիկոլից

Սահմանադրական լապշաներ՝ Նիկոլից

Փաշինյանը բավականին թյուր կարծիք ունի Սահմանադրության՝ մայր օրենքի մասին: Այլապես չէր հայտարարի, որ «ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս»: Ընդամենը 1 տարի առաջ այդ օրը նշվել է նորմալ, առանց այլեւայլությունների, որպես պետական տոն, թեեւ նույն տարվա մայիսի 20-ին տեղի էր ունեցել մեր նոր անկախության շրջանի ամենախայտառակ իրադարձությունը, երբ երկրի վարչապետի կոչով, գրոհ կազմակերպվեց դատարանների, այդ թվում՝ ՍԴ-ի դեմ: Չմոռանանք՝ ոստիկանները ՍԴ դատավորին հորդորում էին մի քիչ հեռու կանգնել ՍԴ մուտքը շրջափակած ամբոխից, որովհետեւ ամբոխը գրգռվում է, հասկանում ես:

Մեկ այլ դատավորի վայր գցեցին լուսամուտագոգից, երբ փորձում էր լուսամուտով մտնել աշխատավայր: Այս խայտառակությունից մի քանի օր անց տեղի ունեցավ մեկ այլ, ոչ պակաս խայտառակություն: Ամբոխի սրտի վարչապետը փոխել տվեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումն ու նորից կալանեց նրան: Հարց․ ո՞րն է գործող Սահմանադրության մեղքը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ քաղաքական եւ դատական իշխանություններն անկախ են միմյանցից:

Այս դեպքերից մոտ 1 տարի անց Փաշինյանը, որ հետեւողականորեն վարում է Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանը արժեզրկելու քաղաքականություն, այսօր արդեն «հաղթանակած» հայտարարում է, թե երկրին պետք է նոր Սահմանադրություն, որովհետեւ նախորդ 3 սահմանադրական հանրաքվեների արդյունքները, իբր, հանրությունը վստահելի չի համարում: Այս կապակցությամբ Փաշինյանին ուզում եմ ասել. պարոն Փաշինյան, Դուք պետք է հասկանաք, որ ցանկացած ընտրական գործընթաց, լինի հանրաքվե, թե այլ ընտրություն, արձանագրում է որոշակի արդյունքներ, որոնցից ողջ հասարակությունը չի կարող գոհ մնալ: Ձեր տրամաբանությամբ՝ հենց հիմա պետք է չեղարկել 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություն նշանակել, որովհետեւ գործող ԱԺ-ն, մեղմ ասած, կիսատություն ունի եւ լիարժեքության պակաս: ԱԺ-ի 2 խմբակցություն չի մասնակցում նիստերին, բոյկոտում են, քննադատում իշխանություններին՝ խայտառակ սխալ եւ ժամանակավրեպ որոշումներ կայացնելու համար: Երկու ձեռքերի մատները չեն բավականացնի հաշվելու համար, թե քանի անգամ եք Դուք, որպես գործադիր իշխանության ղեկավար, իմքայլական բիոզանգվածին թելադրել Ձեր կամքը եւ ստիպել կնոպկա սեղմել՝ առանց սեփական կարծիք ունենալու:

Մյուս կողմից էլ, հանրությանը հայտնի է երկրի օրենսդիր մարմնի հանդեպ Ձեր վերաբերմունքը, որն արտահայտվեց հոկտեմբերի 2-ին, երբ ամբոխին գրոհի տարաք ԱԺ շենքի վրա՝ տալով Ձեր հակասահմանադրական արարքների մեկնարկը: Նույն թվականի դեկտեմբերին արդեն, կարելի էր Ձեզ չթողնել մասնակցել ԱԺ ընտրություններին, ձեռնաշղթաներ անցկացնել եւ տանել այնտեղ, որտեղ պահվում են սահմանադրական կարգ տապալողները, բայց դա տեղի չունեցավ, եւ հանրությունը կատարեց 2018թ. դեկտեմբերյան չարաբաստիկ ընտրությունն ու իշխանության բերեց ձեզ: Էյֆորիա, ճղճղոց, բղավոցներ՝ սա էր այդ ընտրությունների քարոզչական լեյտմոտիվը: Արդյունքները համահունչ էին այդ էյֆորիային, բայց չի կարելի պնդել, որ հանրությունն այսօր գոհ է իր ընտրությունից:

Ցանկացած սահմանադրական հանրաքվե ընտրություն է: Ցանկացած հանրաքվեից հետո էլ ձեւավորվում են մեծամասնություն եւ փոքրամասնություն: Փոքրամասնությունը միշտ դժգոհ է մնում ընդունված տարբերակից: Բնական էր, ուրեմն, որ ԼՏՊ-ի 1995թ․ քյոխվայապետական սահմանադրությունից դժգոհներ էլ կային, բնական էր, որ դժգոհություններ պետք է լինեին նաեւ Քոչարյանի 2005թ. կիսանախագահական սահմանադրությունից եւ Սերժ Սարգսյանի 2015թ. պառլամենտական սահմանադրությունից: Հարցն այն է, սակայն, որ մենք 10-ական տարի ապրել ենք Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի սահմանադրություններով, եւ դրանք չեն չեղարկվել, քանի դեռ հանրաքվե տեղի չի ունեցել, եւ սահմանադրություն չի փոխվել: 2015թ. սահմանադրությունը, կարելի է ասել, «հեղափոխություն» էր Հայաստանի Հանրապետության կառավարման կարգի փոփոխության առումով, բայց ընդամենը 5 տարի անց վերածվեց փալասի: Այո, փալասի՝ ոչ մի հարգանք այդ փաստաթղթին «այո» ասած հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, ոչ մի ակնածանք գործող մայր օրենքի հանդեպ, ոչ մի երկյուղ երկրի բարձրագույն դատարանից, ոչ մի վախ, որ եթե անգամ ընդունվի նոր սահմանադրություն, ապա այդ պահի իշխանություններին դատելու են ոչ թե նոր, այլ այն սահմանադրությամբ, որը ոտնահարելով՝ այդ իշխանությունը դարձրեց փալաս:

Չեմ կարող չհամաձայնել Փաշինյանի հետ. «Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եվ, ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն»: Բայց համոզված եմ, որ Փաշինյանը պարզապես չգիտի, թե ինչպես կարելի է ունենալ այդպիսի մայր օրենք: Եթե ճանապարհը նոր հանրաքվեն է, այն էլ՝ սահմանադրական խախտումներով հապճեպ կազմակերպված, այն էլ՝ մեկ անգամ չեղարկված եւ ի վերջո երկրի սահմանադրական կարգի տապալման հանգեցրած, ապա դա չէ լավ սահմանադրություն ունենալու ուղին: Եթե արդեն պարզ է, որ դու սահմանադրական օրենքներ ես ընդունում սահմանադրության ոտնահարմամբ, կիստ-պռատ, հետո սկսում ես ծակերը փակել, սահմանադրության երաշխավոր նախագահը հրաժարվում է ստորագրել այդ հանցագործության տակ, եւ դու, այնուամենայնիվ, ՍԴ նախագահին հայտարարում ես պաշտոնանկ արված, ՍԴ դատավորներին՝ ժամկետից շուտ թոշակի գնացած, կներեք, բայց ձեր յուրաքանչյուր հետագա քայլ այլեւս չի կարող հավատ ներշնչել հասարակությանը:

Ձեր ներկայացրած սահմանադրության ցանկացած տարբերակ, միեւնույն է, քննարկվելու է կատարված հանցագործության պրիզմայով եւ չի լինելու ընդունելի հանրության համար:
Բա չե՞ք ասի՝ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը Փաշինյանին հանգեցրել է այն մտքին, որ ՀՀ քաղաքացիները երկրի պետական կարգն իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ: Ի՞նչ ասեմ: Բոլորի համար էլ հասկանալի է, չէ՞, որ պողոսներն ամենեւին կապ չունեն սահմանադրական կարգի տապալման հետ, եւ ոչ ոք նրանց կամքը չի հարցրել Վահե Գրիգորյանին ՍԴ խցկելու, Հրայր Թովմասյանի հայրական տուն ԱԱԾ գործուղելու, Թովմասյանի սանիկներին դատելու, ՍԴ դատավորներին կաշառելու միջոցով թոշակի ուղարկելու հարցում: Իրենք նստել, մտածել են, որ խաբված պողոսներին պետք է մի բանով զբաղեցնել, ու որոշել են իրենց պատկերին համահունչ «արդարադատություն» հաստատել երկրում՝ ՍԴ-ն փոխելով: Եվ ՍԴ-ն հայտարարվեց թշնամի: 

ՍԴ-ի հետ կապված այս խայտառակության կապակցությամբ Փաշինյանի յուրաքանչյուր գրառում այլեւս ժամանակավրեպ է: Նրա կարծիքով, պողոսից բացի մեղավոր են նաեւ ԱԺ 89 պատգամավորները եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Փաշինյանը չի ընդունում, որ ինքն էլ որոշակի պարտականություններ ունի սահմանադրական կարգի պահպանման առումով, առնվազն՝ մինչեւ հաջորդ սահմանադրության ընդունումը: Նա հույս ունի նոր սահմանադրության գործը գլուխ բերել 2021-ին, երբ տեղի կունենա նոր հանրաքվե (նախորդն արդեն չեղարկվել է), եւ սահմանադրությունը կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Հասկանում եք, չէ՞, թե ինչ է տեղի ունենում Փաշինյանի հետ: Սա մի այլ կարգի ֆենոմեն է: Մեծ երազողը լավ սահմանադրություն է ուզում, բայց մինչ դրան հասնելը փորձում է զանազան ձեւեր, որոնք բացարձակապես կապ չունեն օրենքի եւ օրինականության հետ:

Փաշինյանը խոստանում է, որ նոր սահմանադրության նախագիծըլայն հանրային քննարկումներով կընթանա․ փաշինյանական հերթական սուտը: Նրա համար «հանրային» ասվածը հլու-հնազանդ իմքայլական ամբոխի սահմաններից այն կողմ չի անցել: Այդու դեռ պետք է ասես՝ եղբայր, քեզ ի՞նչն էր խանգարում սահմանադրական հանրաքվե կազմակերպել «հնարավորինս լայն հանրային» քննարկումներից հետո: Եվ ապա՝ վստա՞հ ես, որ քո կիսագրագետ թիմը կարողանալու է նոր սահմանադրության տարբերակ ներկայացնել քննարկման, այն էլ՝ հանրային, եթե այսօր չի կարողանում 3 տող փոխել գործող սահմանադրության մեջ: Կա նաեւ երրորդ խնդիրը՝ որտե՞ղ կլինեն Փաշինյանն ու հակասահմանադրական քայլարած պատգամավորները 2021-ին: Ես, օրինակ, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ՔԿՀ-ներից Սահմանադրություն փոխել: