«Հրապարակ». Տպավորություն է, որ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։
Թեմայի շուրջ զրուցել ենք միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
- Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
- Բնականաբար, ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական լրջագույն կառույց, որին անդամակցում է նաեւ Թուրքիան, պետք է առաջին ձեռքից կարողանա տեղեկություններ ստանալ այն պրոցեսների մասին, որոնք տեղի են ունենում եւ որոնք մտահոգում են ոչ միայն մեզ, այլ նաեւ առաջադեմ աշխարհին, այդ թվում նաեւ՝ ալյանսին։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ մեր իշխանություններն էլ պետք է փորձեն ներկայացնել իրենց դիրքորոշումները ՆԱՏՕ-ի ղեկավարությանը եւ բացատրեն իրողությունները․ ներկայացնեն ադրբեջանական ագրեսիան ու դրա հետեւանքները, նաեւ իրենց ծրագրած քայլերն այս ուղղությամբ, թե ինչ պետք է անեն հայաստանյան իշխանությունները։ Որովհետեւ շատ հաճախ այդ քաղաքական քայլերը, որոնք մեր իշխանություններն անում են, կարող են անհասկանալի լինել արտաքին ուժերի համար, որովհետեւ տարբեր հայտարարություններ են լինում, որոնք ոչ միշտ է, որ համընկնում են իրար։
- Ի՞նչ եք կարծում՝ Միացյալ Նահանգները զենք կտրամադրի՞ Հայաստանին՝ դիմելու դեպքում։
- Միացյալ Նահանգները, սովորաբար, հակամարտող պետություններին, եթե ռազմավարական հստակ շահ չունեն այս կամ այն կողմի նկատմամբ, զենք չեն տրամադրում։ Գուցե զենք տրամադրեն Սաուդյան Արաբիային, որը կարող է պոտենցիալ օգտագործվել Իրանի դեմ, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում նրանք զենք չեն տրամադրում ո՛չ Հայաստանին եւ ո՛չ էլ Ադրբեջանին։ Ադրբեջանին տալիս են ռազմական օգնություն, բայց դրանք զինատեսակներ չեն, զենք եւ զինամթերք չեն, մանավանդ՝ խոշոր տրամաչափի։ Դրանք, սովորաբար, Միացյալ Նահանգներում ռազմական ակադեմիաներում կրթական ծրագրեր են, կապի միջոցներ, ռազմական հանդերձանք եւ այլն։
- Ի՞նչ ազդեցություն կունենան այս հանդիպումները մեր հարեւան Իրանի հետ հարաբերությունների վրա։
- Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հստակ են այն առումով, որ ճիշտ գիտակցում են Իրանի կարեւորությունը մեզ համար, գիտակցում են, թե ինչպիսի սուր եւ լարված են Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, եւ որքան զգայուն են Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Այնպես որ, սրանք շատ նուրբ եւ շատ գրագետ, կարեւոր աշխատանք են ենթադրում, մանրակրկիտ ուսումնասիրություններ, հետազոտություններ, իրականացրած ռազմավարության մշակում եւ այլն։
- Ի՞նչ եք կարծում՝ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, բոլոր ռիսկերն ու դրանցից բխող հետեւանքները հաշվի կառնի՞։
- Այո, Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ի գործողություններից, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանն իր օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ունի։ Ես հույս ունեմ, որ այդ ռիսկերն ու հետեւանքները գնահատվում են, հաշվարկներն արվում են, հույս ունեմ, որ հստակ մեխանիզմներ կան՝ հասկանալու համար, թե դա ինչ դրական եւ բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի անվտանգային համակարգի, ընդհանրապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Սա չափազանց կարեւոր է հասկանալ եւ ոչ թե զգայական դաշտում որոշումներ կայացնելով, այլ հստակ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը հասկանալուց հետո։
- Այս հանդիպումներից հետո ի՞նչ զարգացումների սպասել։
- Բարդ է այս պահին ինչ-որ բան կանխատեսելը, որովհետեւ շատ գործընթացներ կան, որոնք տրամաբանական ընթացքով չեն գնում, այդ թվում նաեւ՝ մեր արտաքին քաղաքական բանակցությունները։ Հայաստանյան իշխանությունների հայտարարություններն իրարամերժ են շատ հաճախ լինում։ Տպավորություն է, որ մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը։ Համենայնդեպս, մենք բավականին բարդ աշխարհաքաղաքական ցնցումների, աշխարհակարգի փոփոխության էպիկենտրոնում ենք հայտնվել։ Եվ, ցավոք սրտի, չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, թե այս ցնցումների մեջ, այս փոթորկի մեջ ուր պետք է շարժվի եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը։
- Սեպտեմբերի 26-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ։ Նա իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ կարեւոր բանակցություններ են տեղի ունենալու։ Ի՞նչ սպասել։
- Բնականաբար, հանդիպման ժամանակ քննարկվելու են վերջին զարգացումները, քննարկվելու է՝ գուցե խաղաղության այն համաձայնագիրը, որն առաջարկվում է մեզ Եվրոպայի կողմից։ Քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները, ընդհանրապես՝ տարածաշրջանում իրողությունները, Ադրբեջանի գործողությունները եւ այլն։ Այսինքն՝ քննարկվելու են այն հարցերը, որոնք Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում են եղել վերջին ամիսների ընթացքում, եւ Ֆրանսիան դրանց մասին բարձրաձայն խոսել է։
Կարծիքներ