Այո, քննարկում ունեցել ենք․ ԲՀԿ-ն մասնակցելու՞ է Գյումրու ընտրություններին
Տեւական ժամանակ է՝ Գյումրիում անիշխանություն է, քաղաքն անտերության է մատնված։ «Բալասանյան դաշինք»-ը 12 տարի կառավարելուց հետո քաղաքական ճնշման արդյունքում թողեց քաղաքի ղեկը , եւ Հայաստանի երկրորդ քաղաքը այս պահին ղեկավար չունի։ Գյումրին գնում է նոր արտահերթ ընտրությունների՝ ՏԻՄ օրենքի խախտումով, քանի որ ընտրությունների կազմակերպումը՝ առանց գործող համայնքապետի, հնարավոր չէ։ Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն գնով փորձում է հարցը լուծել, իրավաբանների հետ են խորհրդակցում, որ ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ արվի եւ հարմարեցվի իրենց ցանկությանը։
Մինչ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների քողի տակ քաղաքի զավթումն է պլանավորում, քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ հայտարարել են ընտրության մասնակցելու իրենց որոշման մասին, անգամ քաղաքապետերի թեկնածուների անուններ են շրջանառվում։ Այս օրերին Գյումրիում ակտիվ է նաև խոսակցությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես մասնակցելու է ընտրությանը, անգամ քննարկում են ունեցել՝ ինչ ձևաչափով եւ ում առաջադրել քաղաքապետի թեկնածու։ Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուն Շիրակի մարզի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանն է, որը շահել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վստահությունը ։
Hraparak.am-ը Հասմիկ Վիրաբյանից հետաքրքրվեց՝ ճիշ՞տ են խոսակցությունները, թե՞ ոչ ։
«Նախ սկսեմ նրանից, որ, այո, մենք ներքին քննարկում ունեցել ենք, բայց այդ քննարկումը քաղաքական չի եղել, այսինքն՝ որպես գյումրեցի,ստեղծված իրավիճակի հետ կապված ես իմ մտահոգություններն եմ հայտնել մեր կուսակցության առաջնորդին, եւ պարոն Ծառուկյանի հետ քննարկել ենք, թե ինչ կարող է անել մեր կուսակցությունն այս պահին, որպեսզի քաղաքում առաջացած ճգնաժամը չխորանա։ Որևէ քաղաքական որոշում մենք չենք կայացրել, քաղաքական քննարկում չի եղել, ավելի հստակ ասեմ՝ ԲՀԿ-ն Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում չի կայացրել ։Ինչ վերաբերում է իմ անվան շուրջ պտտվող խոսակցություններին, թե քաղաքապետի թեկնածում եմ, առանց ավելորդ համեստության մի բան պիտի ասեմ․ այս օրերին այնքան զանգեր ու նամակներ եմ ստանում, որոնք նույնիսկ որպես ապացույց կարող եմ ձեզ տրամադրել, մարդիկ խնդրում են, առաջարկում, թե դրեք ձեր թեկնածությունը։ Ես իմ քաղաքի կյանքում բավական ներդրում ունեմ, բնական է, որ մարդիկ ինձ կարող են տեսնել այդ պաշտոնում, բայց եթե անկեղծ, ինձ մտահոգում, տխրեցնում է մեկ այլ բան։ Այսօր մարդիկ իրենց հույսը ոչ թե քաղաքական ուժերի , այլ անհատների հետ են կապում, նայում են շուրջբոլորը եւ փորձում են գտնել մեկին, որ իրենց կարծիքով իրենց համար մի բան կարող է անել, անգամ սոցիալական օգնության ձեռք մեկնողին են տեսնում քաղաքապետի թեկնածու, նրան, որ իրենց հոգսը գոնե մեկ օրով կարող է թեթևացնել։ Սա անչափ տխուր պատկեր է, խոսում է մեր քաղաքական դաշտի ծանծաղության, աղքատության մասին, իրոք, ցավալի է․․․ »,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Կարծիքներ