Յո՞ երթայք, պարոնա՛յք

Յո՞ երթայք, պարոնա՛յք

Թուրքիայի իշխանությունները մտադիր են մզկիթի վերածել Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը, որն այժմ թանգարան է: Հունիսի սկզբին այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է օգնականներին՝ ուսումնասիրել տաճարը մզկիթի վերածելու հնարավորությունը: Պարզ չէ` հանձնարարականը թանգարան-տաճարը մզկիթի վերածելու իրավակա՞ն հիմքերին է վերաբերում (թանգարանի կարգավիճակ տաճարը ձեռք է բերել 1935 թվականին), թե՞ նաև պատմամշակութային կամ քաղաքական: Սակայն դա, ըստ էության, կարևոր չէ,  առավել կարևոր է այդպիսի մտադրության հասունանալու ժամանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջին հարյուրամյակի Թուրքիայի պատմության մեջ, եզակի դեպք լինելով, փոխվում է այդ պետության հիմնադիր հոր` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատմական որոշումներից մեկը:  Հիրավի, ինչո՞ւ է անհրաժեշտություն ծագել փոխել Աթաթուրքի որոշումը, և ինչո՞ւ է հենց հիմա հասունացել խնդիրը: Չէ՞ որ դա անսպասելի է գլոբալացող աշխարհում մշակույթների ու կրոնների երկխոսության արդի համապատկերում և մասնավորապես` տևական ժամանակահատված Եվրամիություն ձգտող Թուրքիայի նկրտումների ֆոնին: 

Իսկ աշխարհն արդեն արձագանքում է Թուրքիայի իշանությունների հնարավոր քայլին, մասնավորապես Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար մետրոպոլիտ Իլարիոնն ասել է. «Չի կարելի վերադառնալ միջնադարի ժամանակներին»: Բայց գրեթե կասկած չկա, որ Էրդողանը հետևողական կլինի իր մտադրությունում, և Սբ Սոֆիայի թանգարան-տաճարի փոխարեն աշխարհը շուտով կտեսնի մզկիթի վերածված Սբ Սոֆիա: Դե, իսկ Էրդողանը հետևողական կլինի, որովհետև չի մտածում ռուս մետրոպոլիտի նման. Սբ Սոֆիան մզկիթ դարձնելով` Էրդողանը չի «վերադառնում միջնադար».  նա նայում է… ապագային: Տաճարի կարգավիճակի փոփոխությամբ փոխվում է իսլամի դժգունացող կարգավիճակը թուրքական հասարակության մեջ, ընդգծվում է թուրքի կրոնական ինքնությունը, նա նվաճողի, կողոպտողի, յուրացնողի իր ազգաբանական նկարագրի ևս մի յուրահատկություն է վերագտնում: Էրդողանի քայլն իր ազգի կրոնի համար նոր պատմություն կերտելու հնարավորություն է, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք` պատմությունը նորովի կերտելու հնարավորություն:

Ահա այս համապատկերում, երբ ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչը` կրոնը, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում, ի՞նչ են անում մեր իշխանությունները: Մերոնք, ցավոք, զբաղված են բոլորովին հակառակ գործերով. ազգուրաց ընթացքի խելահեղությամբ բռնված՝ նրանք հայոց կաթողիկոս ու եպիսկոպոս են նվաստացնում` ճանապարհ փակելով ու քստմնելի ցույցեր բեմադրելով, վեհարան ներխուժելու խժդժություններ են կազմակերպում` անմեղսունակի ինքնագոհությամբ,  Վեհափառ անպատվել փորձող մի թշվառականի (ուզում էի ասել` սորոսականի, բայց դա միևնույն բանն է) մինչևիսկ բարձր պաշտոնով են պատվում: («Նոր Հայաստան, նոր հայրապետ» նողկալի շարժման «դեմքերից» Կարեն Պետրոսյանը, օրինակ, իշխանությունների կամոք, «ծառայություններին» ի տրիտուր, ստացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի աթոռը): Մերոնք, ի վերջո,  երկու տարի շարունակ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման-վերականգնման աշխատանքներն են խոչընդոտում` օրինապաշտության կեղծ հղումներով կասեցնելով դրանք: Այնպիսի տպավորություն է (և այդ տպավորությունը խորանում է), թե մեր իշխանավորները ազգի հոգևոր-կրոնական արժեքներից քայլ առ քայլ ձերբազատվելու, դրանք ոչնչացնելու հետևողական քաղաքականություն են վարում: 

Եվ այս ամենն իբր քիչ է, մերոնք, մասնավորապես` հայ դպրության «մեծագլուխները» սորոսականի (ուզում էի ասել` թշվառականի, բայց դա միևնույն բանն է) իրենց դավադիր մտքով ու վարքով հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս են նետում «Հայ եկեղեցու պատմություն« առարկան: Ապշել կարելի է՝ տեսնելով, թե ի՛նչ անվրդովությամբ են նրանք խաթարում հայ մանուկի հայեցի դաստիարակության ընթացքը` նրա ինքնության ձևավորման ճանապարհից հեռացնելով եկեղեցի ու պատմություն, քրիստոնեական մշակույթ ու լեզու,  և թե ինչպե՛ս են քաղաքական հավկուրի իրենց նվազատեսությամբ նսեմացնում, մթագնում այն ամենը, ինչը կապ ունի հայ եկեղեցու և պատմության հետ… Եվ կոսմոպոլիտ-մանկուրտների դաստիարակության սորոսական նպատակի իրագործմանը լծված ԿԳՄՍ՝ չափ ու կշռի հապավում հիշեցնող անունով նախարարությունը դեռ բարբաջում է ազգայինից ու ազգությունից…

ՀԳ.: Սբ Սոֆիայի տաճարի մասին, որ համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է, ասում են, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»: Թուրքիայի նախագահ Էրդողանը Սբ Սոֆիայի համամարդկային մշակութային արժեքի կարգավիճակը փոխելով ազգայինի և կրոնականի՝  ցանկանում է փոխել նաև թուրքի մասին պատկերացումը՝ փաստորեն այդ ճանապարհին չխորշելով վերազգային արժեքները ազգայնացնելուց:

Իսկ ի՞նչ ենք անում մե՛նք, համաշխարհային ո՞ր խոզերի առաջ ենք լցնում մեր ազգի մարգարիտները, հօգուտ ո՞ւմ ենք կայացնում սովորական տրամաբանություն, օրենք ու սահմանադրություն ոտնահարող մեր ազգադավ որոշումները: Հօգուտ ո՞ւմ են պղծագործում մերոնք, որոնք ապազգային շահերի սպասարկման գործին որդեգրվել են այնպես ստորաքարշորեն, որ արդեն չես էլ ուզում ասել` մերոնք… 

Յո՞ երթայք, պարոնա՛յք…