«Հրապարակ». Ավագանին վերջին պահին է իմացել, որ իրեն հրահանգված է թեկնածու չառաջադրել

«Հրապարակ». Ավագանին վերջին պահին է իմացել, որ իրեն հրահանգված է թեկնածու չառաջադրել

Փարաքարի ավագանու դեկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստը՝ համայնքապետի թեկնածու առաջադրելու օրակարգով, ավարտվել է անարդյունք։ Թեկնածու չի առաջադրվել ո՛չ ՔՊ-ից, ո՛չ Դավիթ Մինասյան դաշինքից, որի հետ «Քաղպայմանագիրը» 2021 թվականին միավորվել ու համայնքապետ էր ընտրել, ո՛չ էլ ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցությունից։

Համայնքապետի պաշտոնը, հիշեցնենք, թափուր էր մնացել ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականից հետո, երբ նա նոյեմբերի 15-16-ին հայտնվել էր աղմկահարույց սպանության «էպիկենտրոնում», ոտքից հրազենային վիրավորում ստացել, ինչից հետո ստիպված հրաժարական էր ներկայացրել՝ «նախաքննությանը չխանգարելու համար»։ Գյուլնազարյանի ասելով՝ ոչ միայն իր մեղքը չի ապացուցվել, այլեւ ինքը տուժողի կարգավիճակ է ստացել։ Նրա հետ կապված վարույթի բացակայությունը նորից առաջադրվելու հույս է տվել ե՛ւ իրեն, ե՛ւ իրենց թիմին ու համակիրներին։ Համայնքապետարանի միջանցքներում նույնիսկ խոսում էին, որ դեկտեմբերի 11-ի ավագանու արտահերթ նիստում ՔՊ-ն ու Դավիթ Մինասյան դաշինքը կրկին առաջադրելու են Գյուլնազարյանի թեկնածությունը, ապա, համաձայն ընդունված կարգի, ընտրելու են համայնքի ղեկավար։

Բայց, ինչպես ասում են, պլանավորում են ներքեւներում, իսկ որոշումները կայացվում են վերեւներում, այս դեպքում՝ կառավարությունում։ Կադրերի ընտրության հարցում «Պոլի փետ լինի, մեզանից լինի» տրամաբանությամբ առաջնորդվող Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ «շրջահայաց» է դարձել։ Փորձում է ՔՊ շարքերը մաքրել «թափթփուկներից», կուսակցության «անունն ու պատիվը» հեղինակազրկողներից եւ ղեկավար պաշտոնները վստահել քիչ թե շատ գրագետ, հասարակության կողմից ընդունված կուսակիցներին։ Բայց նրանք կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են: Եվ իշխանությունն ուղղակի երկունք է ապրում` կադրերի ընտրության հարցում:

Փարաքարի ավագանու իշխանական թեւը, մեր տեղեկություններով, ավագանու նիստին անտրամադիր ու «թեւաթափ» վիճակում է եղել։ Նիստից դեռեւս օրեր առաջ համայնքապետարանում լիահույս են եղել, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը վերադառնում է։ Բայց «սառը ցնցուղից» սթափվել են՝ «իմանալով», որ թեկնածու չեն առաջադրելու, ավելի ճիշտ` նման հրահանգ չի իջեցվել։

Փարաքարի օրինակը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ազատվում է անհնազանդներից, սկանդալների մեջ հայտնված կուսակիցներից․ կարելի է ասել՝ նրանց նստեցնում է «փոխարինողների» իշոտնուկին, մինչեւ գան լավ ժամանակներ, երբ նորից կարող է հայտարարել, որ «պողպատե մանդատ» է ստացել ժողովրդից, ինչ ուզի, կանի: Կասկածելի տարրերին, աղմկոտ պատմություններում հայտնվածներին մեկուսացնելով, նա փորձում է վերագտնել հանրության` իր նկատմամբ կորսված հավատը եւ վերականգնել ժողջանի վստահությունը։ Եվ որքան էլ սպանության ժամանակ դեպքի վայրում եղած պաշտոնյան հայտարարի, որ ինքը ոչ թե մեղադրյալ է, այլ՝ տուժող, նա հասկանում է, որ դա գործին չի օգնի, եւ հանրության աչքում նա արդեն կրիմինալ է ու վարկաբեկիչ հանգամանք։ Փաշինյանը շուտով կսկսի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար փնտրել, ինչպես Գյումրիում: Կգա նաեւ ավագանին լուծարելու օրը: Հնարավոր է, որ Գյումրու նման՝ Փարաքարում էլ նախնական ընտրություն՝ փրայմերիզ իրականացնի, ցույց տալով, որ տեղի բնակիչն է ամեն ինչ որոշում, եւ ինքը դեմոկրատ ղեկավար է: Գուցե փարաքարցին նաեւ այդ թատրոնի խայծը կուլ տա ու մոռանա, թե ինչպես ընտրություններից հետո «Ապրելու երկրին» դուրս մղեցին համայնքի կառավարումից եւ 2 կրիմինալ ուժերով կիսեցին համայնքը` անօրինական համաձայնության գալով, թե 5 տարվա կեսը ես կկառավարեմ, կեսը` դու: Բայց ոչ մեկն էլ չկարողացավ կառավարել, եւ երկու համայնքապետերն էլ հայտնվեցին քրեական հետապնդման ներքո։

Արեգ Մարգարյան