Դաշնակցության տվայտանքները
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն շարունակում է քաղաքական խորհրդատվությունները՝ համապետական ընտրություններին ընդառաջ միասնական օրակարգ եւ նախագահի համաձայնեցված թեկնածուի հարցերի շուրջ: Արցախի առաջատար քաղաքական ուժը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայներնիքն» արդեն իսկ հայտարարել է, որ նախագահի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածուին եւ այդ թեմայով բանակցություններ չի վարելու: Դաշնակցության առաջարկը մերժել է նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:
Խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն քննարկումներ է ունեցել Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունների հետ: Ու թեեւ բանակցություններից մանրամասնություններ հայտնի չեն, տպավորությունն այն է, որ նախագահի համաձայնեցված թեկնածուի հարցում կողմերի մոտեցումները նույնական չեն: Այս իրավիճակում Դաշնակցությունը դիմել է բավական անսովոր քայլի՝ խորհրդատվություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ Արցախի կառույցի նախաձեռնությունը քաղաքական լայն աջակցության չի գտել: Մնացել է տպավորություն ստեղծել, թե Դաշնակցությունն է համապետական ընտրություններով ամենամտահոգը:
Հակառակ պարագայում քաղաքական որոշակի կշիռ ունենալով՝ Դաշնակցությունը քաղաքական խորհրդատվությունների չէր գնա այնպիսի ուժերի հետ, որոնք միայն անվանապես են կուսակցություն կոչվում, իրականում դերակատար չէր: Խոսքը, մասնավորապես, Արցախի արմենական կուսակցության եւ ՌԱԿ տեղական կառույցի մասին է, որոնք փաստացի մարդ-կուսակցություն են:
Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, ապա Դաշնակցությունը հանդիպել է «Ինքնություն եւ միության» ներկայացուցիչներին: Այդ հանդիպումները, սակայն, քաղաքական եղանակ չեն կարող ստեղծել: Դաշնակցությունն, այսպիսով, մատնվել է տվայտանքների: Բայց թե ինչու՞՝ մնում է անհասկանալի: Ինչու՞ է գերնպատակ հռչակվել նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջադրումը: Մի՞թե Դաշնակցությունն իր շարքերում չունի մեկին, որին կարող է նախագահի թեկնածու առաջադրել, ներկայացնել ողջամիտ ծրագիր եւ գնալ ընտրությունների: Ի՞նչ իմաստ ունեն քաղաքական խորհրդատվությունները, եթե ներկայումս խորհրդարանական ամենամեծ խմբակցություն ունեցող եւ ՏԻՄ վերջին ընտրություններում ազդեցիկ հաջողությունների հասած «Ազատ հայրենիքը» չի միանում այդ նախաձեռնությանը, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ կառաջադրի նախագահի իր թեկնածուին:
Ուժերի դասավորվածությունը գրեթե ակնհայտ է: Բաց է մնում մի հնարավորություն՝ բանակցել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» հետ: Կգնա՞ Դաշնակցությունն այդ ճանապարհով: Սամվել Բաբայանը կընդունի՞ ՀՅԴ առաջարկը: Առաջիկա ամսում, երեւի, այս եւ այլ հարցերի շուրջ հնարավոր կլինի ավելի հիմնավոր դիտարկումներ անել: Առայժմ փաստ է, որ Դաշնակցությունն Արցախում քաղաքական տվայտանքների շրջան է անցկացնում:
Կարծիքներ