«Հրապարակ». Փաշինյանին անակնկալ է սպասվում

«Հրապարակ». Փաշինյանին անակնկալ է սպասվում

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն այսօր՝ կառավարության նիստի օրը, որոշել են նորից ակցիա անել Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ նրանք անցած կիրակի, Քաղաքացու օրվա կապակցությամբ, բողոքի ակցիա էին արել Քայլող մարդու արձանի մոտ՝ տոմատ լցնելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կնոջ նկարներով պաստառի վրա։ Մենք փորձեցինք հերոսաբար զոհված մինուճար Հայկ Մելիքյանի մորից` Նաիրա Մելիքյանից տեղեկանալ, թե այս անգամ ինչ են ծրագրում անել:

- Տիկին Նաիրա, տեղեկացանք, որ մայիսի 4-ին, առավոտյան ժամը 11:00-ին` կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա եք իրականացնելու, որը մնացյալ ակցիաներից տարբերվելու է: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

- Անկեղծ ասած, փակագծեր չեմ ուզում բացել, դրանց ձեռագիրը գիտեք բոլորդ էլ, ամեն ինչի ընդունակ են, ինչպես միշտ: Ակցիան այս խունտայի դեմ է, նույն պահանջով` հրաժարական: Սրանք պետք է հեռանան, պատճառը մեր հանձնված եւ հանձնվող տարածքներն են, մեր մորթված սերունդն ու ծախված եռատոնը: Մոտենում ենք մայիսի 9-ին, բայց այլեւս եռատոնը ծախված է:

- Ակցիայի կազմակերպիչներն ովքե՞ր են:

- Անհատներով` հիմնականում կանայք են: Ես եմ, Անի Կարապետյանն է, Նաիրա Զոհրաբյանը, Նարե Սոսեն, Զարուհի Փոստանջյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ու էլի ուրիշներ: Քաղաքական տարբեր ուժեր եւս միանալու են:

- Խորհրդարանական ընդդիմությունը չի՞ միանում Ձեզ:

- Դա իրենց պետք է հարցնեք, ես իմ կարծիքն ունեմ եւ գիտեմ, թե ինչու չեն միանում, սակայն չեմ ուզում կրկին մեղադրել իրենց, մեկ էլ տեսար` միացան:

- Իսկ դուք առաջարկե՞լ եք:

- Առաջարկելու հարց չկա: Ես իրենց բոլոր շարժումներին եւ հավաքներին մասնակցել եմ, անգամ շատ հարթակներում ինձ խնդրել են ելույթ ունենալ, եւ ես ունեցել եմ ելույթ, այնպես որ, ես միշտ բաց եմ եղել դաշտում ու չեմ կարծում, թե նույն ընդդիմությունը չգիտի մեր գործողությունների մասին եւ մեր հրավերին է սպասում: Օրինակ, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը միշտ ներկա է մեր ակցիաներին, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Քրիստինե Վարդանյանը տեղյակ է մեր ակցիաների մասին, իսկ մյուս դաշնակցականները տեղյակ չեն: Նույնը վերաբերում է «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքներին:

- Ես ճի՞շտ հասկացա, այսօրվա ակցիայի նպատակն օրվա իշխանությունների հեռացման պահանջն է:

- Այո, մեր միակ օրակարգն այս խունտայի հեռացումն է: Սրանց հեռացնելու մի քանի ճանապարհ կա. մեկը սահմանադրական ճանապարհն է` ընտրությունների միջոցով, որի ժամանակը մենք չունենք, մյուսն էլ համաժողովրդական ընդվզումն է: Դրա համար լայն մասսաների մասնակցությունն է պետք: Մենք ամեն կերպ փորձում ենք բողոքի կայծը պահել, որպեսզի սրանք հեռանան: Մենք չենք համակերպվել ու չենք համակերպվելու կատարվածի հետ, կապ չունի, թե քանի հոգի ենք, պայքարելու ենք:

- Թեպետ փակագծերը չեք ցանկանում բացել, սակայն կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է ձեր կողմից կազմակերպված բողոքի ակցիայի եւ խորհրդարանական ընդդիմության կողմից կազմակերպված ակցիաների տարբերությունը:

- Օրինակ` մենք անիմաստ չենք քայլում փողոցներով, անում ենք կոնկրետ ակցիա: Կարծում եմ` մենք կոնկրետ ուղերձներով ենք հանդես գալիս: Նույն սպանված քաղաքացու ակցիան, որը տեղի ունեցավ, մեծ ուղերձ ուներ: Ժողովուրդը լսարանային ընդդիմությունից պետք է ռեալ պայքարող ընդդիմություն դառնա: