Ի՞նչ եղավ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը

Ի՞նչ եղավ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը

Իսկապես, ի՞նչ պատահեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» մոգական արտահայտությանը: Հիշեցնեմ՝ այն արտասանվեց երկու տարի առաջ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում, Փաշինյան Նիկոլի կողմից: Դա վերջինիս լավագույն հռետորական ելույթներից մեկն էր եւ աչքի ընկավ հիտլերյան ոճով. այդ մասին նույնիսկ գրառում եմ արել Ֆեյսբուքում: Քանի որ մի քանի փաստավավերագրական եւ գեղարվեստական՝ հատկապես արեւմտյան, կինոնկար եմ դիտել Ադոլֆ Հիտլերի մասին, կարող եմ վկայել, որ 2019-ի ամռան այդ ելույթի էներգետիկան որոշակիորեն մոտ էր գերմանացի նացիստների առաջնորդի ելույթների ոգուն:

Իհարկե, 2019-ին չէի կարող իմանալ, որ մեկուկես տարի անց մենք կկորցնենք Արցախի մեծ մասը, իսկ մնացած մասի անվտանգությունը կապահովեն զուտ ռուսական խաղաղապահ ուժերը: Չնայած արդեն առկա էր պատերազմ հրահրելու, մի քանի հազար զոհ տալով պարտություն կրելու եւ դրա «լույսի» ներքո Արցախը թշնամուն հանձնելու սատանայական գաղափարը: 

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, որ հնգամյա ժամկետը լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում: Թե ինչի վրա է հիմնված այդ կարծիքը՝ դժվարանում եմ ասել: Հատկապես որ ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որպեսզի 4 տարի անց ռուսական զորամիավորումը լքի Արցախի տարածքը: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, դատելով նրա վարքագծից, ամեն ինչ կանի այնպես, ինչպես կցանկանա նրա «կիրթ եւ կառուցողական» ադրբեջանցի գործընկերը:  
Ինչեւէ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռացողն այսօր բացարձակ տարանջատվել է Արցախից: Տարանջատվել է ինքը, տարանջատել է պետական համարյա ողջ համակարգը:

Իհարկե, շարունակվում է պետական բյուջեից Արցախում սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, բայց դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Դա նման է այն երեւույթին, երբ պատերազմում պարտություն կրելուց հետո որեւէ երկիր միջազգային կազմակերպություններից, որպես ողորմություն, էժան վարկեր կամ դրամաշնորհներ է ստանում՝ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար: Ահա այդպիսի վիճակում է այսօր Արցախը Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք:

Փաշինյան Նիկոլն այնքան է տարված խաղաղասիրություն մուրալով, որ ոչ միայն մոռացել է Ստեփանակերտի ճանապարհը, այլեւ համարյա թե փշաքաղվում է Հայաստանի պետական կառույցներում «Արցախ» անվանումը տեսնելու հեռանկարից: Դրա վկայությունը ՀՀ Ազգային ժողովում Արցախի հարցով առանձին մշտական հանձնաժողովի ստեղծման գաղափարի տապալումն էր: Հիշեցնեմ․ յոթերերդ գումարման Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մեխանիկորեն կիսվեց երկու մասի, որպեսզի սահմանադրորեն արգելափակվի Արցախի հարցով առանձին հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

Իսկ հիմա էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով վերանվանելու՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության փորձն է ուզում տապալել: ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովում համապատասխան օրինագիծն արդեն տապալվել է, մնում է լիագումար նիստում նույնն անելը, ինչը կոճակ սեղմողների բավարար քանակի շնորհիվ հանգիստ կյանքի կկոչվի: 

Ինչպես երեւում է, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղություն մուրալու գինը, առաջին հերթին, Արցախից «ձերբազատվելն» է, իսկ այնուհետեւ այն ամբողջությամբ մոռացության տալը եւ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետության կազմում որպես վիլայեթ  տեսնելը, ինչի շնորհիվ ամբողջովին կյանքի կկոչվի «Սերգո ջանի» լավ ապրելու տերպետրոսյանական տեսլականը: