Նվաճենք 25 օլիմպիական մեդալ կամ դառնանք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեդալակիր

Նվաճենք 25 օլիմպիական մեդալ կամ դառնանք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեդալակիր

Հայաստանի մինչև 2050թ․ զարգացման ռազմավարություն, գաղափար, տեսլական, ձևակերպված արժեքներ, գործիքներ, թիրախներ, նպատակներ ու մեգա-նպատակներ այս ամենի մեջ՝ որպես սույն ռազմավարության նպատակ՝ նվաճել 25 օլիպիական մեդալ։ Կամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա աշխարհի առաջնության մեդալակիր։ «Սրանով վերաբերմունքը կփոխենք մեր նկատմամբ, որովհետև ամեն այսպիսի մասշտաբի սպորտային հաղթանակ մեծացնում է նույնիսկ մեր ֆերմերի և գյուղացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Ինքը հավատում է, որ ինքը հաղթող հանրության, հաղթող ազգի ներկայացուցիչ է․․․և արդեն՝ արտաքին էֆեկտները․․․»,-Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկայի ժանրից մեկը մյուսի հետևից «ռազմավարական թիրախներ» էր արտաբերում։

Ի դեպ, Բրազիլիան, որը ֆուտբոլի աշխարհի բազմակի չեմպիոն է, երբեք չդարձավ հաղթող ազգի ներկայացուցիչ` այն իմաստով, որը նկատի ունի Նիկոլ Փաշինյանը։

Շարունակենք․ նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ «Մենք վաղուց արդեն կարող ենք այս խնդիրը ռեալիստական համարել»,-ասում է Փաշինյանը։ Մյուս մեգա-պլանը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 միլիոնի։

Սրա արդյունքում՝ վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։