«Հրապարակ». Սա Թրամփի թիմի համար ազդանշան է, որ ՀՀ իշխանությունն իրենց դեմ գործել է
Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ
- Աշխարհը սպասում էր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներին։ Թրամփի հաղթանակով պահպանողականները նաեւ ԱՄՆ-ում հաջողություն գրանցեցին։ Աշխարհի տաք կետերում ի՞նչ կփոխի այս հաղթանակը։
- Այդ հարցը շատերն են իրենց տալիս՝ այն հատվածներում, որտեղ պատերազմական իրավիճակ է։ Իմ կարծիքով, այս հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ, որովհետեւ, եթե նույն հարցը Թրամփին տան, ինքն անկեղծորեն պետք է ասի, որ իրեն ժամանակ է հարկավոր, բայց, ընդհանուր առմամբ, դեմոկրատների քաղաքականությունը չի շարունակվի։ Առաջին հերթին՝ դեմոկրատիայի համար տրվող գրանտները, պետական միջոցները, դեմոկրատիայի գաղափարի վրա տարվող միջազգային քաղաքականությունը կփոխարինվեն ռեալ պոլիտիկով՝ պրակտիկ քաղաքականությամբ։ Եթե երկու հիմնական կոնֆլիկտները՝ ուկրաինականը եւ Իսրայել-Իրան հակամարտությունը որոշակի հանգուցալուծում ստանան, մյուս կոնֆլիկտները կլուծվեն այդ տրամաբանության մեջ։
- ԱՄՆ-ՌԴ հնարավոր կոնսենսուս կլինի՞ Ուկրաինայի հարցում, Եվրոպան անհանգիստ էր ԱՄՆ-ի ընտրությունների ելքով։ Արդյո՞ք մոտ է խնդրի հանգուցալուծումը։
- Շատ հետաքրքիր է ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը, որտեղ իրենք ասում էին, որ, այո, դրանով տապալվել է Դեմոկրատական կուսակցության քաղաքականությունը նաեւ ՌԴ-ի հանդեպ, սակայն իրենք ամենակոշտ ձեւով հետապնդելու են ՌԴ շահերը, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն լինի իրենց պայմաններով։ Ինչպե՞ս իրեն կպահի Թրամփի վարչակազմը։ Կարծում եմ՝ նա հակված է լուծումներ գտնելու, բայց Թրամփի ոճը հաշվի առնելով՝ նա կփորձի դա անել ինչ-որ ճնշումների միջոցով։ Այստեղ խնդիրն այն է, որ երկու կողմն էլ պատրաստ է, որ ուկրաինական կոնֆլիկտը կանգնի, սակայն ՌԴ-ն իր տարբերակն է պնդում, Թրամփի դեպքում պետք է ստիպել ՌԴ-ին՝ գնալ զիջումների։ Արդյունքը դժվար է կանխատեսել։ Չեմ կարծում, որ այդ լուծումն արագ կլինի, ամիսներ են հարկավոր, որ Թրամփը նոր թիմ ձեւավորի, հունվարից հետո նախագահ դառնա, հետո ինչ-որ խորհրդակցություններ տեղի ունենան ՌԴ-ի հետ։ Դա ժամանակ կպահանջի։
- Թրամփի ընտրվելը, հաշվի առնելով Իրանի նկատմամբ նրա վերաբերմունքը, ինչպե՞ս կազդի մերձավորարեւելյան ճակատում սցենարների վրա։
- Ես չեմ կարծում, որ Թրամփը հակաիրանյան վերաբերմունք ունի, նա ուղղակի պրոիսրայելական հակվածություն ունի, որը կապված է ե՛ւ իր ընտանիքի, ե՛ւ նախագահ դառնալու գործում հրեական համայնքի աջակցության հետ, սակայն Իսրայելում մի լուրջ խնդիր է առաջացել՝ հասարակությունը ճեղքված է։ Այս ընտրությունների ընթացքում, երբ Նեթանյահուն փոխեց Իսրայելում բավականին մեծ հեղինակություն ունեցող պաշտպանության նախարարին, երկրում ցույցեր սկսվեցին, հասարակության մի զգալի հատվածն ատում է վարչապետին, իսկ Իսրայելը պատերազմում գտնվող երկիր է, եւ այստեղ հարցը հետեւյալն է՝ մի բան է ունենալ պրոիսրայելական դիրքորոշում, այլ բան՝ ի՞նչ է նշանակում պրոիսրայելական դիրքորոշումը, երբ այնտեղ հասարակությունը կիսված է։ Այստեղ հարց է առաջանում, թե որն է պրոիսրայելական լուծումը՝ գնալ մինչեւ վե՞րջ, ինչպես ասում է այդ երկրի վարչապետը, թե՞ հակառակը։
- Վրաստանյան սցենարները Թրամփի ընտրվելուց հետո կարծես սառեցվո՞ւմ են։ Հարավային Կովկասի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնյունկտուրայի վրա ինչպե՞ս կազդի այս հաղթանակը։
- Ինչ վերաբերում է Վրաստանին, այո, ես կարծում եմ, որ այս հաղթանակով Վրաստանի ընդդիմությունը որբ է մնում, որովհետեւ Վրաստանում իշխանափոխության գաղափարը դեմոկրատներինն էր, եւ Վրաստանի գործող իշխանությունը մեծ հույսեր էր կապում ԱՄՆ ընտրության հետ։ Իրենց համար սա լավ լուծում էր, Վրաստանում ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն կհանդարտվի։ Ինչ վերաբերում է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին, քանի որ Իսրայելը եւ Բրիտանիան Ադրբեջանի ներկայիս իշխանության տանիքն են հանդիսանում, եւ հաշվի առնելով Թրամփի մոտեցումն Իսրայելի նկատմամբ եւ այն հանգամանքը, որ Եվրոպայում Թրամփի հիմնական գործընկերն Օրբանն է, որը հատուկ հարաբերություններ ունի Ալիեւի հետ եւ Հունգարիան թուրքական աշխարհի մաս է ճանաչում, այստեղ, կարծում եմ, խնդիրներ ունենք։ Ադրբեջանն ու նրա նախագահը մինչեւ ընտրությունները խաղադրույքը դրել էին Թրամփի վրա եւ այդ մասին բաց ու միանշանակ էին արտահայտվում։
- Ի տարբերություն Ադրբեջանի, ՀՀ իշխանությունների ակնկալիքները դեմոկրատներից էր, մերձիշխանական սատելիտների սոցցանցային գրառումներն այսօր հիասթափության մասին են։ Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս կզգա ԱՄՆ իշխանության փոփոխությունը։
- Մի կողմ դնենք, թե ով ինչ է գրում սոցցանցերում, դա էական չէ։ Մամուլում տեղեկություն էր սպրդել, որը, կարծում եմ, ճիշտ է, որ ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկա է գտնվել Հարիսի նախընտրական միջոցառմանը, իսկ երբ դեսպանը ներկա է գտնվում երկու՝ միմյանց հետ մրցակցող թիմերից մեկի ներքաղաքական, նախընտրական միջոցառմանը, դա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է, այսինքն՝ ՀՀ-ն պաշտոնապես սատարել է թեկնածուներից մեկին, իրենք այլ երկրի ընտրություններում վերաբերմունք են ցույց տվել։ Սա Թրամփի թիմի համար ազդանշան է, որ ՀՀ իշխանությունն իրենց դեմ գործել է: Թե սա ինչ հետեւանքներ կունենա, չեմ կարող ասել։
- Արցախի վերաբերյալ Թրամփի հայտարարությունն ուղղակի պոպուլիստակա՞ն էր` հայ համայնքի ձայների համար, թե՞ Արցախի հարցում քաղաքականություն կփոխվի։
- Կարծում եմ՝ դա նախընտրական հայտարարություն էր՝ հայ համայնքի ձայները ստանալու համար։ Ինչպես այս հայտարարությունից, այնպես էլ Արամ Ա կաթողիկոսին զանգից որեւէ ակնկալիք ունենալը ծիծաղելի կլինի։
- Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում ինչպիսի՞ն կլինի Թրամփի դիրքորոշումը, Բայդենի վարչակազմը, ըստ վերլուծաբանների, այստեղ շահառու էր։
- Այդ հարցում կարեւոր դեր կկատարեն Թրամփի եւ ՌԴ նախագահի հարաբերությունները, եթե այդ հարաբերությունները լավ լինեն, եւ ինչ-որ լուծում գտնվի Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ն հաշվի կնստի ՌԴ շահերի հետ նաեւ Հարավային Կովկասում, որովհետեւ մի բանից բխում է մյուսը։ Եթե դա տեղի ունենա, թուրքական աշխարհի համար միջանցք բացելու ճնշումները կարող են մեղմվել։
- ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների հնարավոր լիցքաթափման ֆոնին Ռուսաստանը, ինչպես ասում են, կվերադառնա՞ տարածաշրջան։
- Կարծում եմ՝ Ռուսաստանը տարածաշրջանից չի հեռացել, որ վերադառնա: Այլ հարց է, որ ավելի ակտիվ կլինի, որը կախված կլինի Ուկրաինայում իրավիճակից։ Իսկ Հայաստանում իշխանության հարցը պետք է հայ ժողովուրդը որոշի, որը եթե փորձի դա անել, նրան ոչ ոք չի խանգարի։
Կարծիքներ