Ռաֆ Բարաթյան. Զավակականչ

Ռաֆ Բարաթյան. Զավակականչ

***
Պապը 
Տնկեց շիվերը
Ու գնաց պատերազմ։

Հայրը
Ջրեց տնկիները
Ու գնաց պատերազմ։

Որդին
Էտեց ծառերը
Ու գնաց պատերազմ։

Ո՜նց էր 
Շան պես
Իր ոռնոցից 
Իրեն կապել աշունը,
Որ տուն չմտնի,
Ու տատին, մորը, հարսին 
Չասի -

Ծառերը՝
Պտուղներն ուսերին,
Գնացին պատերազմ...

***
Մինչեւ երեկ 
Ինձ հարցնում էի,
Թե ինչու
Աշխարհի 
Ամենամեծ զորամասը
Հայոց բանակում
Չի գտնվում։
Հիմա այլեւս
Չեմ հարցնում։
Բա 
Երկի՛նքն 
Ինչ է...

***
Ինձ հարեւան
Թշնամի ու բարեկամ
Բոլոր պետությունները
Ամեն տարի
Աշունից լույս են քաղում,
Աշունից երգ են քաղում
Ու՝ բերք։

Նույն աշունն է,
Սակայն ամեն տարի
Միայն ի՛մ հայրենիքն է
Նրանից քաղում
Զինվորի մարմիններ...

***
Մի ձեռքին՝ հող, երկինք՝ մեկին,
Ո՜նց է մայրը որդի գործում.
Դարձի տոն է սաղմիս ծոցում՝
Մի ձեռքին՝ հող, երկինք՝ մեկին։

Շյուղ է ու հատ՝ կարված միգին,
Մահն իր հոգու դուռն է գոցում.
Մի ձեռքին՝ հող, երկինք՝ մեկին,
Ո՜նց է մայրը որդի գործում...

***
Քույրս կարդում է,
Որ Հայաստանում
Մեկ շաբաթում 
Հազարից ավելի
Արու զավակ է ծնվել։

Քույրս կարդում է
Եվ ուրախանում,
Որ տարիներ անց
Հայ աղջիկների տեղակ
Ծառե՛րը չեն գարնանը
Ճերմակ հագնելու։

Քույրս կարդում է
Եվ դադարում
Ծառ լինելուց...

***
Տանս մի պատը 
Հայոց երկրիս 
Հյուսիսային սահմանն է, 
Մյուս պատը 
Հարավային սահմանն է, 
Արեւմտյան պատն էլ 
Երրորդ սահմանն է։ 

Իմ տունը 
Երեքպատանի է, 
Երեքից էլ՝ 
Արեւելյան սահմանի 
Նկարները կախված...

***
Ամռան վերջին օրը
Մայրս արդեն
Աշուն հագած է լինում,
Որ դեպի իրե՛ն քայլենք
Ես, 
Մայրս
Ու հայրենիքս,
Եվ իրենի՛ց 
Դեպի ձմեռ քայլենք
Հայրենիքս,
Մայրս
Ու ես...
Մայրս այլեւս
Աշնանը չի վստահում...

***
Էլի ձմեռ է,
Եվ հայրենիքս
Նախորդ ձմռան պես
Ու՝ ձմեռների,
Գլխարկ չի դնում։
Սարսուռը գլխին
Նա միշտ քայլում է
Քաղաքից մի գյուղ,
Գյուղից մի քաղաք։

Ձեռքերից ինչպե՞ս 
Գլխարկը առնի,
Եթե ամեն պահ
Մի զինվոր է՛լ է
Իր սառած ձայնը
Ուզում տաքացնել
Ծերացող գրկում 
Իմ հայրենիքի...

***
Նարեկացի է անունդ, Երկի՛ր,
Հոսող լեռներդ մատյաններն են քո,
Ողբերգությունդ՝ ճիչեր տողերի,
Լուսանցքն անցնում է ամեն երեկո։

Բազեներն են այս ջրերում լողում.
Երանի նրանց, որ դարձան ծաղիկ.
Մեղքը աղի մեջ, որպես պաշտամունք,
Մեղքը աղի հետ խմում են, մայրի՛կ...

***
Ու մեր միջեւ՝ գետ հազարան,
Մեջը լիքը ծլուն օրեր,
Վախենում եմ՝ կյանքս լվամ,
Հուշդ դառնա վաղվաս տանտեր։

Ու մեր միջեւ՝ ծեր մի անցյալ,
Երգիդ նման գալիքն ուսին.
Քարշ է տալիս կառքով անսայլ
Հին սոնատն ինձ դեպի լուսին։

Ու մեր միջեւ՝ զավակականչ
Սաղմնաձայներ մոտ ու հեռու,
Ինձ ճամփում են սերմնակակաչ -
Իմ ընդերքից հավաքելու...

***
Հայոց տան մեջ
Ամենաերկարակյացները
Հիմա հայ զինվորներն են.
Նրանց տարիքը
Քայլում է մինչեւ
Ական հագնելը...
Հայոց տան մեջ    
Հայ զինվորների
Տարիքը որոշում է
Արծաթագիրը...

***
Երեսուն եւ մեկ տարի է՝
Ձայնը
Անգո՛ւյն մատիտներն են
Նկարել տալիս,
Սեւե՛րը՝ մարմինը,
Կյանքը
Կարմի՛ր մատիտներն են
Նկարել տալիս,
Գորշե՛րը՝ երազանքները...

Երեսուն եւ մեկ տարի է՝
Անկախությունը
Մատիտները ձեռքին
Իրեն է նկարում...

***
Մինչեւ անկախության ծնվելը
Տատս նրա համար
Բրդյա գուլպա,
Բրդյա շապիկ,
Բրդյա տաբատ էր գործել՝
Կարմիր, կապույտ, ծիրանագույն...

Դրանցով պիտի
Հայրս ու մայրս
Մեծացնեին անկախությանը,
Դրանցով պիտի
Հայրս ու մայրս
Պսակեին անկախությանը...

Ի՜նչ կարմիր էին,
Ի՜նչ կապույտ էին
Ու՝ ի՜նչ ծիրանագույն
Տատիս երազանքները...

***
Ավելին չէ,
Քան գինեմոլը
Պատերազմը...
Տատս նրան
Իր մաշված
Կյանքն է խմեցնում։
Մայրս նրան
Իր թորած
Մութն է խմեցնում։
Քույրս նրան
Իր հանած
Երազն է խմեցնում։

Սակայն նրա
Աչքը քուն չի հագնում
Մինչեւ չի խմում ինձ...

***
Որդիս մի օր կհայրանա,
Կպապանա որդիս մի օր,
Ու ջրեղեն մթից ճերմակ
Հրեշտակներ կծնվեն չոր։

Դուստրս էլ կմայրանա,
Կտատանա իմ տատի պես,
Ու որքան էլ անձրեւանա,
Կյանքը կգա արեւն ի տես։

Ես էլ մի օր կմարդանամ,
Ծաղիկն ինձնից կառնի ներում,
Երբ անունիս մարմինը տաք
Շողշողա իմ զավակներում։

***
Մտածեցի՝
Ձեռքերս տամ հայրենիքիս՝
Մի քիչ շոյի։
Մտածեցի՝
Շուրթերս տամ հայրենիքիս՝
Համբույր առնի։
Մտածեցի՝
Մարմինս տամ հայրենիքիս՝
Մի քիչ սիրի։
Մտածեցի, մտածեցի
Ու հիշեցի՝
Բա մինչ այսօր
Իմ պեծնառատ հայրենիքը
Ո՞ւմ ձեռքով էր,
Ո՞ւմ շուրթով էր
Ու մարմնով 
Մտնում ծոցը
Ձեռքը ընկած
Ձորձորակի...

***
Իմ կողմերում՝ տղայասյուն,
Ինձնից ներքեւ՝ կուսատեղի,
Վաղուց սերը որպես թռչուն
Չգիտի՝ ում շուրթից թռչի։

Ո՞նց իջնի նա կապտափեշից
Եվ որ մեկին ժպտա լույսով,
Եվ որ մեկի մատի փշից 
Լավաշ թխի սիրամոմով։

Չգիտի՝ ոնց համբույր դառնա՝
Քսվի զույգի շուրթերին մերկ,
Որ մի տղու եւ աղջկա
Շուրթին հանգչի այս տաղը լերկ...

***
Ասում է՝ հաց են ժայռերը,
Աշունից դեղնած իմ այրին,
Լուսնահաց օրրանն աչքերին -
Ասում է՝ հաց են ժայռերը։

Հենվել են ծփուն մայրերը
Ոտքը կախ գցած այն ժայռին.
Ասում է՝ հաց են ժայռերը,
Աշունից դեղնած իմ այրին...

***
Հացենիները ծարավ են լույսի,
Իսկ լույսն ինչ-որ տեղ ձմեռ է հունցում։
Լույսը իր մորը հիշել չի՞ փորձում.
Հացենիները ծարավ են լույսի։

Հացեր են թխում պատկերով հույսի
Մայրերը - որդուց դատարկված ծոցում.
Հացենիները ծարավ են լույսի,
Իսկ լույսն ինչ-որ տեղ ձմեռ է հունցում...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ