ԱՄՆ Բանակային ուժերի նախարարի պատասխանը     

ԱՄՆ Բանակային ուժերի նախարարի պատասխանը     

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը` Department of Defense, իր   կառուցվածքով շատ տարբեր է ՀՀ ՊՆ-ից եւ դժվար է մեզ ծանոթ պաշտպանական պաշտոններով բացատրել, թե ով է ԱՄՆ Secretary of Army-ն: Մոտավոր անալոգիայով կարելի է ասել US Secretary of Army-ն ԱՄՆ ՊՆախարարի առաջին տեղակալն է, ով տնօրինում է բանակային ոլորտի հարցերը եւ ղեկավարում է երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբը: 

Իսկ եթե ավելի ստույգ, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներառում է երեք առանձին նախարարություններ` Բանակային ուժերի (Department of Army), Ծովային ուժերի (Department of Navy), եւ Օդային ուժերի (Department of Air Forces): Secretary of Army-ն էլ Զինված ուժերի նախարարության (Department of Army)-ի ղեկավարն է: Մնացյալ մանրամասնությունները թողնենք մի կողմ, էականը, ներկա պահին ԱՄՆ Secretary of Army-ն Ռայան ՄըքՔարֆին է, ով այս օրերին տարածաշրջանային այցով գտնվում էր Եվրոպայում, եւ այդ հանգամանքից օգտվելով ԱՄՆ պետդեպարտամենտի Բրյուսելյան մամլո կենտրոնը հուլիսի 15-ին մամուլի ասուլիս էր կազմակերպել նրա հետ; Այն լրագրողները, ովքեր Բրյուսելյան կենտրոնի ասուլիսներին մասնակցելու հրավեր ունեն, կարող են իրենց հարցերը ուղարկել նախապես գրավոր, կամ ասուլիսի ընթացքում հեռախոսով հարցը տալ, եթե իհարկե հերթ կհասնի: Մասնակցության հրավեր ունենում են ամեն երկրից մեկ-երկու լրագրող, բայց Եվրոպայում մի քանի տասնյակ երկիր կա, հետեւաբար մի քանի տասնյակ լրագրողի պոտենցիալ մասնակցություն է ապահովվում, այդքանով էլ պարզ է, որ բոլորի հարցերը չեն կարող հնչել:

Դրանից ելնելով էլ ինքս սովորություն ունեմ իմ հարցերը բրյուսելյան ասուլիսներին գրավոր ուղարկելու, թեեւ վստահ չեմ, թե դա նախընտրելի ուղին է: Ամեն դեպքում՝ այս անգամ երկու հարց էի ուղարկել Բրյուսել, մեկը ավելի օրախնդիր էր` որոշ չափով Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների թեմային էր առնչվում, երկրորդը ավելի ընդհանրական հարց էր հայ-ամերիկյան ռազմական համագործակցության վերաբերյալ: Ըստ իս, եթե ասուլիսի մոդերատորը իմ հարցերից մեկը ներկայացներ, պետք է որ դա լիներ առաջին հարցը: Իմ հարցերն էին. 

1. Պրն. Քարտուղար, Դուք հավանաբար տեղյակ եք, որ վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումներ են ընթանում: Զարմանալիորեն Թուրքիայից որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել հանուն Ադրբեջանի զոհվելու: Որեւէ խնդիր չկա, եթե դա զգացմունքային ճիչ է, բայց կա՞ արդյոք իրատեսական հնարավորություն, որ ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան զինված միջամտի Հարավային Կովկասում որեւէ հակամարտության: 

2. Տեղեկատվության բաց աղբյուրներից ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ԱՄՆ-ը բավականին ամուր ռազմական համագործակցություն է զարգացրել Վրաստանի հետ թե՛ երկկողմ ձեւաչափով, թե ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի գծով եւայլն: Համագործակցության այդ ծավալը երեւի թե մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի հետ ԱՄՆ համագործակցությանը: Ըստ Ձեզ հնարավո՞ր է տեսանելի ապագայում փոփոխություն` Հայաստանի հետ ԱՄՆ համագործակցությունը ընդլայնելու եւ մեծացնելու առումով: 

Ինչպես ավելի ուշ տարածված ասուլիսի սղագրությունից երեւաց քարտուղար ՄըքՔարֆիի հետ ասուլիսին մոտ 10 հարց էր հնչել, այդ թվում մոդերատորը հնրավորություն էր գտել նաեւ իմ հարցերից մեկն ուղղելու հյուրին: Բայց դա չէր եղել սահմանային բախումներին եւ Թուրքիային վերաբերող հարցը, այլ Վրաստանի եւ Հայաստանի հետ ԱՄՆ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցը: 

Քարտուղար ՄըքՔարֆին շատ լավատեսական պատասխան էր տվել, ասելով բառացիորեն հետեւյալը. «Վրաստանի առնչությամբ ուղղակի շարունակվում է նախորդ լրագրողի հարցին իմ տված մեկնաբանությանը: Մենք Վրաստանի հանդեպ ընդլայնեցինք մեր հանձնառությունները Ռուսաստանի 2008-ի թշնամական գործողությունների պատճառով, մենք ցանկանում էինք վստահ լինել, որ ի զորու ենք օժանդակել մեր այդ գործընկերոջը ավելի ուժեղ լինելու, մեր ներկայությունը Վրաստանում հարկավոր էր ցույց տալու համար, որ իրենց կողքին ենք լինելու եւ սատարելու ենք: 
Հայաստանի առնչությամբ, ակնհայտորեն մենք միշտ քննարկումներ ենք ունենում, թե բոլոր մեր դաշնակիցներին ինչպես օժանդակենք, հետեւաբար մենք շարունակաբար վերագնահատում ենք առկա հնարավորությունները, եւ այստեղ ավելին ասելու նյութ հավանաբար մոտ ապագայում կունենանք»:  

Դե ինչ, հրաշալի է, որ Հայաստանի հետ ԱՄՆ ռազմական համագործակցության ընդլայնման շուրջ խոսելու հնարավորություններ է տեսնում ԱՄՆ Զինված ուժերի նախարարը, բայց ինձ միեւնույնն է հետաքրքիր էր, թե առաջին իմ հարցին ինչ պատասխան կտրվեր: Հասկանալիորեն բրյուսելյան ասուլիսը վերջացած էր, եւ ամերիկյան կողմից իմ հարցին պատասխան ստանալու գործնականում միակ տարբերակը կամ նույն օրը ավելի ուշ Վաշինգտոնում ընթացող պետքարտուղար Մարկ Պոմպեոյի ասուլիսին այդ հարցն ուղարկելն էր, կամ ավելի դյուրին ճանապարհը` հարցս Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով պետդեպարտամենտ ուղարկել, ինչը եւ արեցի:

Վաշինգտոնից Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյից պատասխանեցին, գովելիորեն արագ, բայց պատասխանի իմաստն այն էր, որ հուլիսի 15-ի ասուլիսում պետքարտուղար Պոմպեոյի եւ հուլիսի 13-ին պետդեպարտամենտի մամլո խոսնակի հայտարարություններն են ուժի մեջ եւ դա է այս պահի ամերիկյան դիրքորոշումը: 

Արդյո՞ք Թուրքիայից նախարար Չավուշօղլուի եւ մյուսների զոհվելու պատրաստակամությունն այնքան է զգացմունքային եւ անլուրջ, որ մեկնաբանել հնարավոր չէ: Երեւի այդպես է, եթե ԱՄՆ-ից հետեւողականորեն չեն ցանկանում մեկնաբանել: