Արթուր Ղազինյանը հրավիրվել է ՀՔԾ

Արթուր Ղազինյանը հրավիրվել է ՀՔԾ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Ղազինյանը՝ նշելով, որ իրեն հրավիրել են ՀՔԾ իր ներկայացրած հաղորդման շրջանակում։

Հիշեցնենք՝ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ «Մեկ Հայաստան» կուսակցությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Կուսակցության ղեկավարի  խոսքով, դրա համար հիմք են դարձել կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների՝ կասկածելի, ակնհայտ ապակառուցողական ու կործանարար գործողությունները, որոնք առերևույթ հանգեցրել են հարյուրավոր մահերի ու երկրի համար առաջացրել են ծայրահեղ ծանր հետևանքներ։ 

«Քննիչի մոտ առաձնապես հարցեր չկար, որովհետեւ հաղորդումը ներկայացված էր առավելագույն պրոֆեսիոնալիզմով, հիմնավորված էր, ուղղակիի լրացուցիչ ինֆորմացիա խնդրեց։ Ես ավելացրի 2 հիմնական կետ․ պահանջել եւ ստանալ առողջապահության նախարարությունից ԱՀԿ կողմից իրենց տրամադրված կորոնավիրուսի վերաբերյալ վիրուսի իրական հատկանիշները եւ դրանք համեմատել Փաշինյանի եւ Թորոսյանի կողմից փետրվարի կեսերից մինչեւ մարտի 24-ը տրամադրած տեղեկության հետ, հայտնաբերել տեղեկատվությունը թաքցնելու եւ առկա տեղեկատվությունն աղավաղվելու կոնկրետ փաստեր, եւ երկրորդը՝ պահանջել եւ ստանալ բացատրություններ Արսեն Թորոսյանից եւ Նիկոլ Փաշինյանից․․․Իրականում շատ բաներ ֆորմալ բնույթ էր կրում, ընդամենը խնդրանք է եղել լրացուցիչ պարզաբանում՝ հաղորդման հետ կապված։ Ընդունեն իրավական որոշում՝ կլինի իրավական գործընթաց, կընդունեն քաղաքական որոշում՝ կլինի քաղաքական գործընթաց»։

Նա նաեւ նշեց, որ քրեական գործ պետք է հարուցվի Քր․օրենսգրքի 278 հոդվածի 2-րդ մասի (Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը)  եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։