«Ես ինձ մեղավոր եմ հռչակում»

«Ես ինձ մեղավոր եմ հռչակում»

Կգա՞ս, քեզ տանեմ
այրված գյուղերի,
լքված քաղաքների,
ընկած տաճարների եզրով,
մինչև խրամատը լույսի.
հենց այնտե'ղ է
վերակերտվում արյունը`
սաստի'կ, սաստի'կ, սաստի'կ…

Գագիկ Սարոյանը ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից է, չեմ վարանի ասել՝ ամենաինքնատիպը։ Նա յուրովի է շարունակում հայ պոետական արվեստի ազգային ավանդույթները, իսկ նրա բանաստեղծաշարային մտածողությունը վկայում է լիակատար, կուռ ամբողջականության ձգտող գրչի մասին։ Գագիկը վաղուց դուրս է եկել զինվորական զինապարտության տարիքից, սակայն արցախյան վերջին պատերազմի դաշտ գնաց հայրենապարտության նվիրական բեռով։ Եվ այս հարցազրույցի նյութն էլ պատերազմն է ու բանաստեղծությունը։

- Ֆեյսբուքյան քո գրառումներում, որ մինչև վերջերս բացառապես գեղարվեստական էին՝ չափածո, նոր «հերոս» է ի հայտ եկել՝ հուդան։ Ի՞նչ կերպարանք ունի նա, որտեղի՞ց է եկել, ի՞նչ է ուզածը․ բանաստեղծի քո ներքնատեսությունն ի՞նչ է ասում։ 

-Միշտ մտածել եմ, որ բանաստեղծությամբ ամեն ինչ կարելի է ասել, նա այդ հնարավորությունը և իրավունքը տալիս է, սակայն մեր երկրին պատուհասած վերջին աղետը մի ներքին խոչընդոտի դեմ է ինձ կանգնեցրել․․․ Երևի նման իրավիճակներից է ծագել հանրահայտ ասույթը, թե՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են։ Ինչևէ, հիմա ոչինչ չի գրվում, բացարձակ դառնություն է իմ ներսում, և  և հուդա կոչեցյալը դրա մեղսավոր ակունքն է։ 

-Ֆեյսբուքում  հրապարակված «Հոգեմետ տաղեր» շարքի քո մի քանի բանաստեղծություններ ավարտվում են «սաստի՛կ, սաստի՛կ, սաստի՛կ» բանաձևով․ դա ի՞նչ է՝ հոգեկան գերլարված վիճակի արտահայտությո՞ւն, երբ վերջին փրկության պես ապավինում ենք բառին՝ նրան փոխանցելով մեր ցասումը, մեր ցավը, նրա «մեջ» պարպվելով։ 

-Այդ շարքը տպագրվել է իմ վերջին՝ «Պարականոն» գրքում։ Ինչ վերաբերում է բառին՝ որպես ապավինման վերջին հենարանի, ես վստահ եմ, որ բառը՝ որպես աստվածային պարգև, իր ներքին ծավալներում շարունակում է կրել լույսը՝ որպես պատգամ և որպես դարման՝ այնքանով, որքանով մենք մեր մեջ կսպանենք ստրուկին և կմերժենք հուդային։ Վերջ ի վերջո հուդան ամենուր է, այսօր՝ իշխանության թամբին, վաղը՝ կառափնարանի կոճղին․․․  Վերջին հինգ տարում (ինչ ֆեյսբուքում եմ) աստծո ամեն օր փորձել եմ իմ երկրում իմ գործերով պաշտպանել Սերը, Հայրենիքը, Աստծուն․․․ Գուցե այդքան էլ լավ չեմ արել իմ գործը, այլապես այսքան ատելություն որտեղի՞ց մեր կողմերում։ Ես ինձ մեղավոր եմ հռչակում։

-Վերջին պատերազմը երկրորդն էր քեզ համար։ Եվ եթե նորից զենք է վերցնում բանաստեղծը, ուրեմն ոչ միայն հայրենիքի նկատմամբ պարտքը, այլև առաջինի հիշողությունները նրան կարող էին նորից մարտադաշտ տանել, հատկապես այն վստահությամբ, որ այս անգամ էլ հաղթանակ կկերտվի։ Այդ օրերին մտածե՞լ ես պարտության մասին։ 
 

-Ըստ էության բոլոր պատերազմներն էլ նախ և առաջ բանաստեղծների պատերազմներ են, և եթե պարտվում է երկիրը, ուրեմն բանաստեղծը լավ չի հյուսել իր առաքելության «գործքը»։ Ցավոք սրտի, այս գլոբալիստական թոհուբոհի մեջ բազում էին մեր մեղքերը, և այն քչերը, ովքեր հավատարիմ մնացին մեր մշակույթի ազգային կերպին, ի զորու չեղան կանխելու արհավիրքը։ Թեև համոզված եմ, որ եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չդավաճաներ, պատերազմի ելքը բոլորովին այլ կլիներ։ Բանակը պատրաստ էր եթե ոչ հաղթելու, ապա գոնե չպարտվելու, ապացույց՝ 44 օրվա վիթխարի մաքառումը։

– Բոլորն այսօր խոսում են կորցրած տարածքների մասին, բեկված հավատի, մեր ցնդած ազգային երազի մասին։ Բայց մենք արդյո՞ք միայն  երկիր ենք կորցրել։ Ես ավելի ողբերգական ընկալում ունեմ՝ հայրենիք ենք կորցրել․․․

-Այո, մենք հիմա ոչ միայն երկրի, այլև կորսվող հայրենիքի վկաներն ենք՝ ապշահար, թևաթափ։ 

-Բանաստեղծությունը որքանո՞վ է խոցելի մեր ողբերգական իրականության մեջ․ արդյո՞ք վերջին ամիսների մղձավանջում չի զոհվել նաև․․․ բանաստեղծությունը։   

-Բանաստեղծությունը՝ ոչ, իսկ այ իրական բանաստեղծը՝ հաստատ։ Բանաստեղծությունը երկնային պարգև է, որ երկիր է իջնում բանաստեղծի «սանդուղքով», և եթե խախուտ է սանդուղքը, բանաստեղծությունն ընկնում է՝ փշրվում, բայց Վերից Տեսանողը փշրվածը վերակերտում և ա՛յլ մեկի «սանդուղքով» է ուղարկում։

-Մասնավորապես ինձ՝ թվում է, որ մեր այս օրերում այլևս ժամանակավրեպ է բանաստեղծություն գրել դասական տարազով՝ հանգով, չափով ու ռիթմով։ Դրանցով մի ավելորդ պաթոս է մնում չափածո խոսքի մեջ, որը դառնաղետ իրականությունը մերժում է։ 


- Բանաստեղծության անատոմիան՝ նրա զինանոցը, կանոնները հարափոփոխ են և անվերջանալի որոնումների արդյունք՝  ըստ էության։ Այսինքն՝ ամեն բանաստեղծ ինքն է իր զինանոցն ընտրում՝ ըստ իր հոգու բացառիկության։ Երբեմն թվում է, թե պաթոսը ավելորդ բան է, բայց երբեմն ահա՝ ոչ։ Սա մոտավորապես նույնն է, երբ, ասենք, զավակիդ ուզում ես գրկել, շա՛տ պինդ գրկել․․․ Իսկ «շատ պինդը» չէ՞ որ արդեն պաթոս է։ Մի՞թե մենք գրկելու, գովերգելու, խոնարհվելու կարիք չունենք։  Իսկ առանց պաթոսի՝ անհնար է։ Պաթոսի առումով՝ հիշենք նաև հիմները, օդաները, փառաբանությունները․․․

-Մշակութային, մասնավորապես գրական խոսույթում բազմիցս է արձանագրվել, որ մեր գրականությունն այնքան էլ շատ արժեքավոր գործեր չունի արցախյան առաջին պատերազմի մասին։ Իսկ վերջին պատերազմը կարծես մեկընդմիշտ «փակում» է թեման․ ի՞նչ գրել, մանավանդ՝ ինչո՞ւ գրել։ Մենք չե՞նք կորցրել ինչո՞ւ-ի գոյապահպան տեսլականը։

–Ես շատ քիչ գործեր ունեմ պատերազմի մասին, բայց պատերազմական հուշերը, զգացողությունները, նրա թողած ազդեցությունն իմ գործերի վրա ակներև են՝ իմ կարծիքով։ Չեմ կարծում, թե այս պարտությունը մեզ զրկել է պատերազմելու իրավունքից ընդհանրապես, ուրեմն՝ նաև պատերազմի մասին գրելու իրավունքից՝ մասնավորապես։ Հակառակ դեպքում դա կլիներ մեր ազգի վախճանը։ Եվ հենց այսօ՛ր է, որ մեզ պետք է  հանիրավի չարչրկված պաթոսը։ Չէ՞ որ իմ թոռներն ու ծոռները դեռ պատերազմելու են այս Հայրենիքի համար, և նրանց մեծացնել է պետք․․․ պաթոսով։

-Մի վերջին անգամ հիշենք հուդային։ 2018-ի ապրիլ-մայիսյան համաժողովրդական խանդավառությանը,  դու, քչերից մեկը լինելով, անմասն էիր։ Այդ օրերի քո ախտորոշումը դու նույնիսկ տվեցիր՝ «մասսայական փսիխոզ»։ Ի՞նչ ես մտածում ա՛յս օրերի քաղաքական անցուդարձի մասին։ Քո ներքնատեսությունը մի լավ բան հուշո՞ւմ է։

-Որպես մեկ լեզվով խոսող և մտածող հանրություն՝ մենք ցավալիորեն պառակտված ենք։ Պատճառները մեր պատմության խորքերում են։ Որպեսզի շատ հեռվից չգամ, հիշենք ցեղասպանության թողած և շարունակվող հետևանքները․ տարբեր գավառներից խլյակ առ խլյակ փրկվածները չկարողացան մեկ հոգեկերտվածքով ազգային Տան կրողներ դառնալ, սովետն էլ իր ստալինիզմ-լենինիզմով մեզ չհամախմբեց։ Գավառական, բակային շովինիզմը բզկտեց մեզ։ Անկախության 30 տարիներին էլ մնացինք անջատ ու ինքնաբաժան։ Ավելին՝ մեր բաժանումները նոր հանդերձներ հագան, հիմա էլ  կուսակցություն-կուսակցություն մենք հեռացանք մեզանից։ Ավելի վտանգավորը՝ նոր կուսակցություններ բուսնեցին, որոնք համախմբեցին ոչ թե գաղափարական մարդկանց, այլ՝ հոգեկան խեղումներ ունեցող, ազգայինը բացառող, աստվածամերժ ինչ-որ գոյանքների․ նկատի ունեմ ՔՊ կոչվածը և էլ մի քանիսին։ Սրանք եկան խաբելով, իշխեցին ստով, ավերեցին այն ամենը, ինչ մեր սերունդը, մեր ժողովուրդը բազում զրկանքների գնով ստեղծել էր։ Սրանք ոչ միայն  մարդադավ են, այլև համահավաք հերոստրատ են, նրանք մեկ հավաքական հուդայի ուղեղ են, և այդ պատճառով էլ այդ ուժն ավելի վտանգավոր է․․․ 
Եվ ես հիմա դիմում եմ մոլորվածներին՝ նրանց, ովքեր դեռ նույն մասսայական փսիխոզի մեջ են․ ուշքի եկեք․․․