Ուժի կիրառումը հակասում է մեր ջանքերին. ԱՄՆ պետքարտուղարը` Արցախի մասին

Ուժի կիրառումը հակասում է մեր ջանքերին. ԱՄՆ պետքարտուղարը` Արցախի մասին

ԱՄՆ–ն դեմ է ԼՂ–ում ուժի կիրառմանը՝ համարելով, որ նման մոտեցումը հակասում է տարածաշրջանում արդար խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ցանկանում ենք հստակ ասել, որ ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Այն հակասում է այն ջանքերին, որոնք մենք գործադրում ենք տարածաշրջանում։ Ավելի կարևորն այն է, որ երկու երկրներն էլ ջանքեր են գործադրում տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու համար»,– ասել է Բլինկենը:

Նա նաև մտահոգություն է հայտնել ԼՂ–ում հումանիտար իրավիճակի համար:

«Ես մտահոգված եմ դեպի ԼՂ մարդասիրական կազմակերպությունների անարգել հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այս հարցը ևս մեզ համար առաջնային է»,– ընդգծել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԼՂ իրավիճակի մասին խոսել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հացահատիկային գործարքը, ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցությունը և Անկարայի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները:

Նշվում է, որ հանդիպումը տևել է մոտ 45 րոպե: