Սրբազան շարժումն աշխարհաքաղաքական կենտրոնների ծրագրերը փոխել է․ Սեֆիլյան

Սրբազան շարժումն աշխարհաքաղաքական կենտրոնների ծրագրերը փոխել է․ Սեֆիլյան

 «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ինչ ընթացքի մեջ է Սրբազան շարժումը՝ մարե՞լ է այն, թե ոչ, Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Մի հաջողություն եմ ուզում արձանագրել. Սրբազանի շարժումով մենք առաջին հերթին մեզ, հետո՝ աշխարհին, ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը չի մեռել: Մինչ այս շարժումը աշխարհին թվում էր, թե հայ ժողովուրդը մեռել է, այլեւս ժողովուրդ գոյություն չունի, հային չի հետաքրքրում իր հայրենիքը, նրա սահմանները: Միջազգային հանրությանը թվում էր, թե հայ ժողովուրդը չի ուզում թմբիրից դուրս գալ:

Մի մասը մեզ թաղել էին, մյուս մասը նոր էր թաղման պատրաստվում, բայց Սրբազան պայքարն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կա: Եվ սա անկախ ամեն ինչից, մեծ հաջողություն է: Իսկ ինչ վերաբերում է շարժման ընթացքին, ապա մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակը, դրա քաղաքական նշանակությունը այդ օրով չի վերջացել: Դրան հաջորդող շաբաթներով էլ չի վերջացել: Այդ հրապարակի ներգործությունը մինչ օրս շարունակվում է: Բոլորը պետք է դա հասկանան: Այլ հարց է, որ հունիսի 12-ին իշխանությունը՝ ինչ-ինչ միջոցների դիմելով, կարողացավ հետաձգել բուրգի տապալումը: Եվ մայիսի 9-ի լեփ-լեցուն հրապարակը, եւ հունիսի 12-ին իշխանության կողմից ցուցաբերված վայրագությունը, որպես քաղաքական ներգործող երեւույթներ, միչ օրս շարունակվում են: Աշխարհաքաղաքական կենտրոնների, խաղացողների ծրագրերը փոխվեցին: Սրբազանը խոսում է սեպտեմբերյան ակտիվությունից: Բայց չպետք է զարմանալ, եթե փոփոխություն տեղի ունենա մինչ այդ. Փաշինյան երեւույթը հեռանա իր պաշտոնից: Դա կլինի այդ շարժումների արդյունքը»: 

Ժիրայր Սեֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք շաբաթ երեկոյան` ՀրապարակTV-ի եթերում: