Գեղեցիկ չէր լինի, որ ասեին՝ Դալուզյանի մասին ֆիլմին գումար չենք տալիս

Գեղեցիկ չէր լինի, որ ասեին՝ Դալուզյանի մասին ֆիլմին գումար չենք տալիս

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հետ

- Պարոն Ջուլֆալակյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց-դասադուլը շարունակվում է։ Պատճառները բազում են՝ հայտնի առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունից մինչեւ Մել-Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին ֆիլմին 20 միլիոն դրամ հատկացնելու նախարարության որոշումը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ իշխանությունը 20 միլիոն է հատկացնում այդ ֆիլմին, այլ ոչ թե, ասենք, ըմբիշ Ջուլֆալակյանի  եւ մյուս անվանի մարզիկների մասին ֆիլմ նկարելուն։

- Եկեք չանձնավորենք ու սկսենք սկզբից։ Մոտ 20 տարի է՝ ես կրթության բնագավառում եմ, մասնավորապես՝ ԵՊՀ-ում, եւ բավականին լավ ծանոթ եմ ե՛ւ դասավանդման պրոցեսներին, ե՛ւ ընդհանրապես։ Ես ուզում եմ նախ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ առարկաները պարտադիր չդարձնելու մասին խոսքը դեռեւս նախագծի մասին է, որը կարող է հետագայում փոփոխության ենթարկվել։ Եթե ճիշտ հակահիմնավորումներ բերվեն այդ առաջարկների դեմ, չի բացառվում, որ փոխվեն։ Հետեւաբար, այս մասով կարծես թե պարզ է։ Թեեւ ես կարծում եմ, որ ներկայացված նախագիծն էլ քննադատության ենթակա չէ, որովհետեւ ինչ ասվում, ասվում է, որ ցանկացած բուհ ինքն է որոշելու՝ ընտրե՞լ, թե՞ ոչ այդ առարկաները, կուզեն՝ թող բոլոր առարկաների փոխարեն ընտրեն հայոց լեզու։ Միթե այս փոփոխության մեջ կարելի է վատ բան գտնել։

- Բողոքողներն ընդհանուր վարվող քաղաքականության համատեքստում են քննարկում այդ նախագիծը, ասում են՝ երբ  սեռափոխվածի մասին ֆիլմ է ֆինանսավորվում, դպրոցներից հանում են «Ռազմագիտություն» առարկան, հրապարակի մետրոյի մոտ անհասկանալի քարոզ է տարածվում, «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաներն են հանվում բուհերից, ուրեմն ապազգային վտանգավոր ծրագիր է իրականացվում։

- Պետք չէ մեկը մյուսի հետ կապել, եթե վտանգավոր բան լիներ, անձամբ կկանգնեի ու կասեի՝ ինչո՞ւ եք անում։ Բնականաբար, կան նման մտածողության մարդիկ, որոնք կարծում են, թե ինչ-որ ծրագիր է գործի դրվել, բայց դա ծանրակշիռ մեծամասնություն չէ։

- Այսինքն՝ համակարծի՞ք եք Արայիկ Հարությունյանին, որ իր դեմ բողոքողներն «անդաստիարակ» են։

- Ես նման բան չեմ լսել Արայիկ Հարությունյանից։

- Լավ, ի՞նչ բացատրություն ունեք, որ նախարարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել «Մել» ֆիլմի համար։

- Հավանաբար գիտեք, որ նախարարությունը միայն 10 տոկոսի չափով է գումար տրամադրել։ Եթե չեմ սխալվում՝ ֆիլմն արդեն 70 տոկոսով նկարված է եղել, երբ արդեն դիմել են նախարարությանը․ սա չեմ ասում արդարացնելու համար եւ չեմ էլ ասելու հիմա՝ լավ են արել, թե վատ են արել։ Ես կարծում եմ, որ ֆիլմեր պետք է նկարել ՀՀ-ի համար վաստակ ունեցող բոլոր մարդկանց մասին՝ բոլոր բնագավառներից, ովքեր որ ՀՀ պատիվն են բարձրացնում, պարծանք դառնում։ Պետք է պարզապես հասկանալ առաջնահերթություններն ու հերթականությունները։ Այո, Դուք ճիշտ եք․ եթե ֆիլմ ենք նկարում, գուցե պետք է սկսել ոչ թե Մելինե Դալուզյանից, այլ մեկ ուրիշից, բայց սա այն դեպքն է, երբ կրթության նախարարությունը չի որոշում, արտասահմանյան ծրագիր է, որի միայն 10 տոկոսն է ՀՀ-ն ֆինանսավորել։ Այ, երբ կառավարության որոշումը կլիներ, նոր հստակ կարծիք կհայտնեինք։

- Ուզում եք ասել, որ չէի՞ն կարող չտրամադրել այդ գումարը։

- Կարող էին տալ, կարող էին չտալ։ Ես, ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել՝ արդյոք սեռափոխության մասի՞ն է ֆիլմը։ Լսել եմ, որ բոլոր դրվագների մասին էլ կա։ Եվ, ի վերջո, հավանաբար, այդ 10 տոկոսը տվել է՝ ելնելով այն մտահոգությունից, որ չստեղծվի տպավորություն, թե Հայաստանը բացարձակ անտարբեր է իր մարզիկներով։

- Հայաստանը բազում մարզիկներ ունի, չե՞ք հետաքրքրվել՝ ինչո՞ւ կոնկրետ Մել Դալուզյանի մասին, գուցե արտասահմանյան ընկերության ուշադրությունը ոչ այնքան մարզիկ լինելն է գրավել, որքան այլ հատկանիշներ։

- Միգուցե, ես չգիտեմ, բայց զուտ սոլիդարությունից ելնելով է ԿԳՄՍ-ն վճարել, որ տպավորություն չստեղծվի, որ Հայաստանն իր ծանրորդի համար նույնիսկ սիմվոլիկ գումար չի ուզում վճարել։

- Դուք կարծում եք՝ Հայաստանն այն վիճակում է, որ 20 միլիոնը սիմվոլի՞կ գումար է։ Իշխանությունը որքա՜ն ծրագրեր կյանքի չի կոչում գումարի բացակայության պատճառով, բայց սեռափոխության մասին ֆիլմի համար գումար գտնվում է։

- Դուք վստա՞հ եք, որ սեռափոխության վրա է շեշտը դրված։ Ես վստահ չեմ։ Ես վստահ եմ, որ նախարարությունն այդ գումարը հատկացրել է ոչ թե որ Դալուզյանի սեռափոխության մասին ֆիլմ նկարվի, այլ այն մասով, որի մասին խոսեց վարչապետը՝ սպորտային հատվածի։ Գեղեցիկ չէր լինի, որ անմասն մնային եւ ասեին, որ Դալուզյանի մասին ֆիլմին գումար չենք տալիս։ Համենայնդեպս, նման եզրահանգման եմ եկել նախարարի եւ վարչապետի բացատրություններից։

- Այսինքն՝ նախարարի հրաժարականի պատճառ չեք տեսնում։

- Դուք ինչ հարց տվեցիք, ես պատասխանեցի պատճառների մասին։ Հիմա, եթե մարդիկ չեն ուզում այդ ամենը հասկանալ, ի՞նչ ասեմ։