Ո՞ւմ ծրագիրն է սա

Ո՞ւմ ծրագիրն է սա

Պատահականություններն այսքան շատ չեն լինում: «Հայոց պատմություն»-ը «Հայաստանի պատմություն» դարձնել փորձողները հիմա էլ «ազգային» բառի հետեւից են ընկել` որոշել են «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով: Դրանից առաջ հանրակրթության չափորոշիչներն էին փոխում, դպրոցական դասագրքերից հանում հայ հեղինակներին: Ապա պատմության դասագրքում հայերի` ոչ տեղաբնակ լինելու թեզն էին առաջ մղում: Հետո Արարատ սարից հրաժարվեցին, եւ Արագածը քարոզելու հերթը եկավ: Ոչ միայն Արցախից հրաժարվեցին, այլեւ «Արցախ» բառն իսպառ հանեցին իրենց լեքսիկոնից` փոխարինելով «Լեռնային Ղարաբաղ»-ով, որտեղ «Հանրապետություն» բառն արդեն չկար:

Անկախության հռչակագրին «պատերազմ» հայտարարեցին եւ սկսեցին թուրքի առաջ արդարանալ, թե Հռչակագիրը, ըստ էության, չեղարկված է, որովհետեւ ուրիշ օրենքներ ենք հետո ընդունել, ուստի Հռչակագրի դրույթները գործում են այնքանով, որքանով ՀՀ գործող Սահմանադրության մեջ արտացոլված են «տառացի եւ բառացի»: Եվ քանի որ 1990 թվականից հետո, երբ ընդունվել է Հռչակագիրը, մենք մի քանի Սահմանադրություն ենք փոխել, կնշանակի՝ այդ դրույթները գործել են մինչեւ 95 թվականը, եւ մենք Արցախի հետ կապված այլեւս որեւէ երազանք չունենք: Սա էր երեկ Նիկոլ Փաշինյանի խայտառակ ելույթի բովանդակությունը` միջազգային ֆորումի ժամանակ, որի ժամանակ քիչ մնաց պապայի արեւով երդվի, որ ոչ մի հավակնություն հայերը չունեն Արցախի նկատմամբ, եւ ինքը պատրաստ է ամեն ինչի, միայն թե Ալիեւն իր հետ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրի եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Խեղճի, նվաստի, պարտվածի, խնդրողի ելույթ, ով անընդհատ արդարանում է եւ խաղաղության պայմանագիր մուրում` չհրապարակելով, թե այդ ինչ կետեր են, որի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ ինքն ու իր յոլդաշը: