Եթե լրատվամիջոցը հրաժարվի հեռացնել նյութը , իրենք կանգնում են փակուղու առաջ

Եթե լրատվամիջոցը հրաժարվի հեռացնել նյութը , իրենք կանգնում են փակուղու առաջ

Հայաստանում արտակարգ դրությունը դեռևս արտահայտվում է միայն ԶԼՄ հրապարակումները հեռացնելուն պարտադրելու դրսևորումներով ։Հեռացնել են տալիս այն հրապարակումներ, որոնք նույնիսկ կապված էլ չեն Կորոնավիրուսով վարակվածների թվի կամ դրա վերաբերյալ որևէ այլ տեղեկության հետ։ 2 օր առաջ մեզ ստիպեցին հեռացնել կալանավայրերում հանձնունքները չստանալուն վերաբերող հոդվածը, երեկ  լրատվամիջոցներին ստիպեցին հեռացնել տնտեսագետ Հրանտ Բագրատյանի տնտեսական վերլուծությունը։ Ոստիկանությունից որպես պատճառաբանություն բերվում է ընդամենը հետևյալ, ոչ գրագետ ձևակերպված միտքը․

«Հրապարակումը/հրապարակման հղումը՝ իրենցից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում, որը ենթակա է անհապաղ հեռացման։ Տեղեկացնում եմ, որ արգելված տեղեկատվությունն անհապաղ չհեռացնելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կհարուցի վարչական վարույթ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի 8-րդ մասի / Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով/ հատկանիշներով»։

Թեմայի շուրջ զրուցեցինք իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ։ Նրա խոսքով՝ այս ձևակերպման մեջ որևէ գնահատում արված չէ, թե ինչո՞ւ է խուճապ առաջացնում, և համեմատված չեն հանրային շահն ու պարետատան նպատակները․

«Ըստ էության, թեկուզ իրենք օրենքի տառին հետևել են, բայց դա անիրավաչափ վարչական ակտ է, որովհետև այդ լրատվական նյութի հանրային նշանակությունը գնահատված չէ այդ վարչական ակտի մեջ, այսինքն՝ իրենք ընդամենը մեկ բառով գնահատել են, որ դա խուճապ է առաջացնում, բայց պետք է նաև գնահատեին այդ կոնտենտի բովանդակությունը, համեմատեին հանրային նշանակության հետ, թե արդյոք հանրային նշանակությունը չի՞ գերակայում, որ մենք տվյալ կոնտեքստում թողենք այդ լրատվական նյութը, և արդյոք առերևույթ կամ առարկայակա՞ն է, որ կառաջացնի խուճապ, թե՞ ոչ։ Ստացվում է, որ իրենք լայն են մեկնաբանում, առանց վերլուծելու փաստական հանգամանքները, որ դա խուճապ է առաջացնում։ Այսինքն՝ դա անհամաչափ կարգավորում է, թեև օրենքի տառին հետևել են, վարչական ակտ են կայացրել, ծանուցել են, այլ ոչ թե հեռախոսը վերցրել և ուղղակի զանգել են, բայց այստեղ գնահատված չէ դրա հանրային նշանակությունը, որովհետև տվյալ հանգամանքների ներքո հնարավոր է, որ այդ լրատվանյութի հանրային նշանակությունը առավել մեծ է, քան դրա՝ խուճապ առաջացնելու կամ չառաջացնելու հավանականությունը»։


Տվյալ դեպքում լրատվամիջոցը իրավունք ունի՞ չհեռացնելու նյութը՝ հարցրինք Ղազարյանին․

«Հետաքրքիր հարց է, եթե դուք չհեռացնեք, արդյոք մեխանիզմ կա՞ հեռացնելու, թե՞ ոչ, որովհետև Հայաստանում  ամբողջությամբ կարգավորված չէ լրատվական կոնտենտը հեռացնելու հարցը։ Դա լավ հարց է։ Դեռ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ երբ հետազոտություններ էի անցկացնում, այն ժամանակվանից  կոնտենտը հեռացնելու կամ արգելափակելու հիմքերը Հայաստանում հստակ չեն կարգավորվել։ Այսինքն՝ եթե դուք հիմա հրաժարվեք հեռացնել, իրենք մեխանիզմ չունեն այդ նյութը հեռացնելու, իրենք պետք է ամբողջությամբ արգելափակեն կայքը , իսկ ամբողջությամբ կայքը արգելափակելը կլինի անհամաչափ քայլ։ Ամենաշատը պետք է խնդրեն դոմեյնի ռեգիստրարին վերանայել հարաբերությունները լրատվամիջոցի հետ։ Եթե լրատվամիջոցը հրաժարվի հեռացնել, իրենք փակուղի են մտնում, որովհետև հստակ կարգավորված չէ կոնտենտը հեռացնելու վարչաիրավական մեխանիզմները»։

Ղազարյանը նշում է, որ ԶԼՄ-ներին պետք է համաչափ մոտենալ, թեև արտակարգ դրության որոշումը արդեն կայացված է․


« «Սահմանադրական կարգին սպառնացող առեևույթ վտանգը» իրավական ձևակերպում է, բայց ես հիմա, երբ քաղաքում շրջում եմ, երբ չեմ տեսնում, որ ինչ-որ ․․․ գնալով մարդիկ ավելի են շատանում փողոցում, սրճարանները աշխատում են և այլն, բայց ես չեմ կարող դա մանրամասն մեկնաբանել, քանի որ ես չունեմ ինֆորմացիա, թե դա սահմանադրական կարգին սպառնո՞ւմ է, թե՞ ոչ։ Որոշումը կայացված է, բայց պետք է խիստ համաչափ մոտենալ ԶԼՄ-ներին, ես վաղուց ասել եմ, որ դա շատ անորոշ արտահայտություն է, և այնքան անորոշ է, որ նույնիսկ ինքը՝ իրավակիրառողը չի կարողանում դա կիրառել փաստերի նկատմամաբ։ Իրենց բերած վարչական ակտում չի վերլուծվել  փաստերով, թե ինչո՞ւ են իրենք գտնում, որ դա կարող է խուճապ առաջացնել։ Եթե դուք գտնում եք, որ կալանավայրում չեն ստանում հանձնունքներ, որը հանրային որոշակի նշանակություն ունեցող նյութ է, և հանկարծ վարչաիրավական համակարգում աշխատակիցը գտնում է, որ դա խուճապ է առաջացնում։ Ինչո՞ւ։ Այնքան անորոշ չափանիշ է կիրառվում, որ նույնիսկ կիրառողը չի կարող վերլուծություն կատարել»։

Հարցրինք նաև, թե ԶԼՄ-ն իրավունք ունի՞ վիճարկելու ոստիկանության և պարետատան հրահանգները, եթե նույնիսկ արդեն հեռացվել է նյութը․

« Եթե հեռացնում եք, հետո կարող եք վիճարկել այդ վարչական ակտը, որը, ըստ էության, վարչական ակտ է, դուք կարող եք դա վիճարկել վարչարարության եղանակով՝ սկզբում բողոքարկել վերադասին, ապա Վարչական դատարան, սակայն դա ձեզնից երկար ժամանակ կխլի, բայց արդյունքում այսօրվա դրությամբ վերջին հաշվով տուժում է ընթերցողը՝ հասարակությունը, որովհետև հասարակությունը չի ստանա այն արժեքավոր տեղեկությունը, որը ինքը կստանար, եթե այսպիսի անորոշ եղանակով ձեզ չպարտադրեին հեռացնել կոնտենտը։ Բացի այդ, դա ընդհանուր սառեցնող ազդեցություն է թողնում ինֆորմացիայի ազատ հոսքի վրա։ Հիմա հասկացանք, որ արտակարգ դրության ժամանակ ինֆորմացիայի հոսքը չի կարող լինել այնքան ազատ, ինչպես այն դեպքում, երբ արտակարգ դրություն չկա, բայց յուրաքանչյուր դեպքում մոտեցումը պետք է լինի անհատական, յուրաքանչյուր դեպքում պետք է վերլուծվի կոնտենտը հեռացնելու պահանաջի նպատակը հանրային շահի հետ։ Ենթադրում եմ, որ նպատակը կարգուկանոնն ու ազգային անվտանգությունը ապահովելն է, այդ նպատակը պետք է համեմատվի տեղեկատվություն ստանալու հանրային շահի հետ, և նոր որոշեն տվյալ հանգամանքների ներքո այդ կոնտենտը պետք է հեռացնեն, թե՞ ոչ, բայց ստանդարտն այնքան անորոշ է, որ նույնիսկ կիրառողը չի կարողանում վերլուծել իր իսկ ստանդարտը»։