«Օրորոցային պատվիրան»` Վարդան Պետրոսյանից

«Օրորոցային պատվիրան»` Վարդան Պետրոսյանից

Դերասան Վարդան Պետրոսյանը մայիսի 24, 29, 30-ին Երեւանի Հ. Պարոնյանի անվ. թատրոնում հանդիսատեսին կներկայացնի իր նոր թատերախաղը` «Օրորոցային պատվիրան» վերնագրով։ Ներկայացման բեմադրիչն է Անի Համելը: 
«Կատակ ու լուրջ տեքստերով, ինչպես միշտ, ես կկիսվեմ Ձեզ հետ իմ մտորումներով, մեր ներկայի, անցյալի ու ապագայի, այսօրվա մեր հույսերի, հույզերի ու մտավախությունների մասին,- գրել է դերասանը։- Երաժշտական ու պատկերային նոր գեղագիտություն. կլսեք մեր հազարամյա օրորոցայինը։ Ներկայացումը հատուկ միտվածություն ունի դեպի հայ կինը, մայրը…»: Ներկայացման մեջ հենց նրա հետ է խոսում, նրան դիմում հատուկ որդիական սիրով, ակնածանքով ու սրբությամբ ինքը` դերասանը:

Նոյեմբերի 10-ին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում իր «Սկիզբ» գրքի առիթով կատակերգակ դերասան Վարդան Պետրոսյանն ասել էր. «Մարդկանց պետք է ասել, որ ապրելը միայն հարմարավետություն չէ, ապրելը միայն մեր ուզած կյանքով ապրելը չէ, ապրելը նաեւ պարտականություն է, մենք պարտավոր ենք ապրել, մենք պարտք ունենք, կյանքն այնպես չի տրվում, որ եթե մի բան դուրդ չգա, տղամարդկությունդ հերիքի, գնաս՝ քեզ կամրջից ցած գցես… Ապրելը պարտականություն է, եւ ես հենց դա եմ մարդկանց ասում, որ պետք է ապրենք մեր երեխաների, մեր հայրենիքի ու մեր հողի համար… Եվ այս դառնությունները, որ հազարապատիկ ավելի են, քան բանտում ունեցած իմ դառնությունները, այս զոհերը, սահմանային հարցերը, կրակոցները, մեր անորոշությունը, ծանր են, բայց պետք է հաղթահարենք, պարտավոր ենք ապրելով հաղթահարել… Նաեւ մարդկանց մեջ պետք է սերմանվի սեր՝ դժվարության նկատմամբ, սեր՝ այն մարդու նկատմամբ, որ քո կարծիքը չունի… Մի տեսեք, թե ինչքան ենք իրար ատում, սարսափելի մթնոլորտ է, իսկ ատելության մթնոլորտում լավ բան ծնվել չի կարող»: