«Իգլայի» հայկական պարադոքսը

«Իգլայի» հայկական պարադոքսը

Երեկ պաշտպանության նախարարությունը, հերոսական դրվագներ ներկայացնելով Արցախում ընթացող մարտերից, հայտնեց հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Մարգարյանի սխրանքի մասին։ Նա հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում «Իգլա»  համակարգով հետեւել է թշնամու ռմբարկու ինքնաթիռների թռիչքներին եւ ճշգրիտ հաշվարկ կատարելով՝ խոցել հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ։ Եվ այդ նույն «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, որով խոցվել են թշնամու ինքնաթիռները, հիշատակվում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել  Բաբայանի գործում։ Բաբայանն այսօր հայրենի Արցախում է, ասում են՝ ակտիվ ներգրավված է պաշտպանության կազմակերպմանը, իսկ Հայաստանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է նրա գործը։ Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը 2017 թվականից մեղադրվում է այն բանի համար, որ մի խումբ անձանց դրդել է ապօրինաբար «Իգլա» ձեռք բերել եւ Վրաստանից տեղափոխել Հայաստան։

Մի անգամ դատարանն այս գործով նրան մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման, սակայն վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության։

Հոկտեմբերի 5-ին, երբ մեր երիտասարդ հերոսը «Իգլայով» խոցեց թշնամու ինքնաթիռերնը, Երևանում «Իգլայի» այս ծիծաղելի գործով հեթական դատական նիստն էր։ Հիրավի՝ պարադոքսների երկիր է Հայաստանը։
Ի՞նչ փուլում է դատաքննությունը՝ հետաքրքրվեցինք Սամվել Բաբայանի պաշտպան Արամ Ղլեչյանից։ «Առայժմ նիստերը հետաձգում են, այլեւայլ պատճառներով։ Այս պահի դրությամբ նիստ չկա նշանակված, հետաձգվել է, մինչեւ որ իրավիճակը կարգավորվի։ Սա այն դեպքն է, երբ հայրենիքը պետք է գիտակցի, որ իր նվիրյալներն իրեն պետք են, ու անհեթեթ մեղադրանքներով պետք չէ մարդկանց նեղացնել»,- պատասխանեց պաշտպանը։

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանի դեմ որեւէ մեկը «Իգլայի» գործով ցուցմունք չի տվել։ Իր մեղադրանքը Բաբայանը չի ընդունել ու այդ ողջ գործը համարել է կրկես։ Դատապարտվելուց առաջ իր վերջին խոսքում հորդորել է՝ «կրկեսը թարգեք»։

Այսօր նա մարտի դաշտում է։ Ավելին՝ համառ, բայց չճշտված խոսակցություններ են գնում, որ ՀՀ իշխանությունը նրան ուզում է տեսնել Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնում։