ԱԺ գնալ պետք է, բայց՝ նայած երբ

ԱԺ գնալ պետք է, բայց՝ նայած երբ

Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ աշխատանքի եմ անցել Բագրատ սրբազանի մոտ: Բնականաբար, առանց աշխատավարձի, այսինքն՝ չակնկալիքով: Նա ինձ խորհրդականի պաշտոն առաջարկեց, ես էլ չմերժեցի: Ավելի ճիշտ՝ ասացի՝ կմտածեմ, բայց հենց իմացա, որ այցելել է ԱԺ, զանգահարեցի շարժման շտաբ ու խնդրեցի Սրբազանին փոխանցել, որ համաձայն եմ: Եվ հիմա շատ եմ ափսոսում, որ միանգամից չհամաձայնեցի: Ընդամենը մեկ օր շուտ տայի համաձայնությունս, Սրբազանն ԱԺ չէր գնա, ուղղակի չէի թողնի: Կասեի՝ սրբազան հայր, բա քեզ պե՞տք է շնչել այն օդը, որի մեծ մասն այս քաղաքական մեծամասնությունն է շնչում, ներառյալ գեներալ Գագոն, Քոչարյան Անդոն եւ մի 100-ի չափ «չաթլախներ»: Ախր, դա էն բոլուկն է, որին ո՛չ հարց պետք է տալ, ո՛չ էլ որեւէ պատասխան ակնկալել նրանցից: Լավ է՝ ինքդ ես ասում, սրբազան հայր, որ նրանք ստրուկներ են՝ ոսկու ստրուկներ, որոնք ոչինչ չեն որոշում եւ միայն հրահանգ են կատարում: Եվ այդ ստրուկներն արդեն 2 տարի է՝ կատարում են Փաշինյանի հրահանգը՝ համոզել ժողովրդին, որ Նիկոլը, իբր, հաղթել է 44-օրյա պատերազմում եւ, տալով ու կործանելով Արցախը, Հայաստանի անկախությունն է ապահովել: Եվ դու, սրբազան հայր, գնացել ես ԱԺ, էդ ստահակների, էդ ոսկու եւ պաշտոնի ստրուկների հետ ուզում ես խոսել, որ ի՞նչ անես… Ձեռքով, մարմնով կփակեի Սրբազանի ճանապարհն ու չէի թողնի, որ նա գնար ԱԺ:

Բայց դե, Սրբազան շարժման առաջնորդը Սրբազանն է, մի տեղ պետք է գնա, չէ՞: Մեր հենց առաջին հանդիպմանը ես նրան կառաջարկեմ ուղիղ գնալ կառավարության շենք: Չեմ կարող երաշխավորել, որ դռներն Արայիկ Հարությունյանը կբացի Սրբազանի առաջ, բայց, ամեն դեպքում, ճիշտը կառավարության շենք գնալն է: Դա միակ վայրն է, որտեղ հույս կա հանդիպելու անորսալի Ջոյին՝ Նիկոլին: Կասեն՝ տեղում չէ, հեծանիվ է քշում, Տավուշ է գնացել, ՔՊ-ի նիստ է… Ոչինչ, մի քիչ կսպասենք՝ կգա, ո՞ւր պետք է փախչի: Հիտլերն էլ, ասում էին՝ տեղում չէ, բայց պարզվեց՝ տարածքում է… Այո, կառավարությունում օդն ավելի մաքուր չէ, քան ԱԺ-ում, բայց մենք պատրաստված կգնանք՝ հակագազով: Կարելի է Անոյին խնդրել՝ բժշկական դիմակների խմբաքանակ ապահովել եւ ամենամեծ չափի փամպերսներ՝ Արայիկ Հարությունյանի եւ աշխատակազմի մյուս անդամների համար: Փաշինյանն էլ ճիշտ կանի՝ քաջություն չխաղա եւ զրահաբաճկոնով գա: Ասված է չէ՞, սատանան մանրուքների մեջ է: Ու հենց այդտեղ էլ՝ Նիկոլի համար ամենահարմար վայրում եւ ձեւաչափում, կարելի է քննարկել նրա հեռացման պայմանները: Այլապես գնալ ԱԺ, հուսալ, որ Հովիկ Աղազարյան, Վահագն Ալեքսանյան կամ ՔՊ խմբակցության քարտուղար կերեւա աչքիդ, մեղմ ասած՝ միամտություն է: Ո՞վ են նրանք, որ նրանց հետ հարց քննարկես, սրբազան հայր:

ՔՊ-ի գրասենյակ ընդհանրապես չարժե այցելել: Այնտեղ ընդհանրապես իսան չկա: Ավելի պատկերավոր ասած՝ դա Նիկոլի պահեստային արտաքնոցն է՝ ֆեյքերի ֆաբրիկայի նախադուռը, որտեղից տարածվում են բոլոր զազրախոսությունները, այդ թվում՝ նաեւ Ձեր հասցեին, սրբազան հայր: Լռեցնել զազրախոսությունները՝ հնարավոր է միայն Նիկոլին եւ նրա այդ արտաքնոցը փակելով:

Մեր հաջորդ կանգառը, բնականաբար, պետք է լինի ՀՀ նախագահի նստավայրը: Էդ բանից բեխաբարին պետք է ասել՝ այ տղա, մե իրար արի, Նիկոլն էլ չկա, երկիր ենք կորցնում, շտապ ընտրություններ կազմակերպիր, մի բան արա վերջապես, ինչքա՞ն կարելի է նստել թախտին ու սպասել բախտին: Գոնե էն Արմեն Սարգսյանին զանգիր, թող գա, խելք-խելքի տվեք, այսպես չի կարելի: Վաղն առանց թագի ու թախտի ես մնալու, էն ժամանակ ո՞ւմ դիմենք՝ Ալիեւին ու Էրդողանի՞ն:

Թե չէ՝ ԱԺ… ուսապարկ, կոճակսեղմիչ, Հակոբ, Լուլու, Հովիկ, Անդո…