Արարատի մարզպետը մինչ օրս չի վճարել մթերած խաղողի գումարը

Արարատի մարզպետը մինչ օրս չի վճարել  մթերած խաղողի գումարը

Մեկ ամսից ավել է, ինչ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին փոխարինել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրը՝ Ռազմիկ Թևոնյանը, որը մարզում նաև հայտնի գործարար է և նրան է պատկանում «Երասխ» գինու գործարանը։

«Նորանշանակ մարզպետին, դեռևս չի հաջողվում համատեղել մարզպետի ու գործարանի տնօրենի պաշտոնները»,-ասաց  քաղաքացին,ով «Հրապարակ»-ին էր դիմել խնդրանքով։ «Ես այգեգործ եմ, ավելի կոնկրետ՝զբաղվում եմ խաղողագործությամբ։ Խնդրում եմ՝ գուցե Ձեզ հաջողվի պարզել, թե ինչու «Երասխ» գինու գործարանի տնօրինությունն արդեն 8 ամիս է՝ չի վճարում մեզանից գնած մթերքի գինը, միայն 100 տոննայից ավել ինձանից են խաղող մթերել, մի շարք ֆերմերներ փաստի առաջ են կանգնել»։

Քաղաքացու խոսքով՝ գործարանի տնօրինությունը վերջին անգամ  խոստացել էր հունվար ամսին վճարում անել, սակայն օրեր առաջ հրաժարվել են՝ ասելով, որ մեկ ամիս ևս ստիպված են սպասել։  

«Հենց իրեն ենք դիմում՝ Ռազմիկ Թևոնյանին, քանի որ գործարանի տնօրենն ինքն է, ու ամեն անգամ պատճառաբանությունները տարբեր են։ Հիմնական պատճառը՝ գումար չկա»,-նեղսրտած ասաց քաղաքացին՝ նշելով, թե, ըստ մարզում պտտվող ասեկոսեների, պատգամավորի հայրը վերևներին կլորիկ գումար է տվել՝ մարզպետի պաշտոնն ստանձնելու համար։«Ասում են՝ դրա համար էլ գումար չունի, սնանկ վիճակում է»,-խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։

«Հրապարակ»-ը Ռազմիկ Թևոնյանից փորձեց պարզել , թե ինչ է կատարվում։ Նորանշանակ մարզպետը, լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, միանգամից պատասխանեց, թե զբաղված է, խորհրդակցության է եւ շտապեց անջատել հեռախոսը։