Ադրբեջանն այս հնարավորությունը եւս ի շահ իրեն է օգտագործելու

Ադրբեջանն այս հնարավորությունը եւս ի շահ իրեն է օգտագործելու

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- Հոկտեմբերի 31-ին Սոչի քաղաքում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Պուտինը: Հանդիպման հիմնական առիթը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ նոյեմբերի 11-ի եւ 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքի քննարկումն էր: Ոչ մի խոսք չասվեց Արցախի մասին: Ձեր գնահատմամբ` այս հանդիպումն ինչի՞ մասին էր:

- Հրապարակված համատեղ հայտարարությունը, ըստ էության, այն մասին էր, որ ձախողվել են բանակցությունները, ուստի կողմերը չեն եկել համաձայնության: Հենց այս պատճառով էլ ոչ մի խոսք չասվեց Արցախի մասին, ոչ էլ այլ որոշ կարեւոր հարցերի մասին: Պուտինն էլ անուղղակի ձեւով հայտարարեց, որ բանակցություններն արդյունք չեն ունեցել: Այսպիսով Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կարելի է համարել ձախողված, որովհետեւ ենթադրվում էր, որ այնտեղ հիմնական խոսակցությունը պետք է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ լիներ, այսինքն` Ռուսաստանն Ադրբեջանին պետք է, այսպես ասած, համոզեր, որպեսզի խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները լինեին ռուսական փաթեթի հիման վրա: Ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինին դա անել չհաջողվեց: Ադրբեջանը շարունակում է պնդել միայն իր թեզերը: Այդ պատճառով էլ բանակցությունների այս փուլը, միանշանակ, ձախողված է:

- Ի՞նչ վտանգներ կարող են պարունակել ձախողված բանակցություններն այսօր։

- Այո, պետք է ասենք, որ արդյունքների բացակայությունը եւս կարող է արդյունք համարվել: Այսինքն` այն փաստը, որ կողմերի միջեւ ձեռք չբերվեց որեւէ համաձայնություն, սա եւս կարող է նոր իրողության հանգեցնել: Կարծում եմ՝ կտրուկ լարվելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող են շարունակվել խոսակցությունները, սակայն պատկերը կարող է լինել առավել վտանգավոր: Ադրբեջանը կարող է օգտագործել արեւմտյան հարթակը, նաեւ զուգահեռաբար իմանալով, որ Ռուսաստանը շատ խանդոտ է, կարող է սահմանային լարվածության նոր ալիք բարձրացնել:

- Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում խճճվել է իր քայլերի եւ գործողությունների մեջ: Նախ անում է հակառուսական գործողություններ, ապա թվացյալ ռուսամետ դիրքորոշումներ է հայտնում: Օրինակ` Զատուլինի եւ էլի որոշ պրոռուսական գործիչների մուտքը Հայաստան արգելում է, ապա թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարում, թե ընտրում է Ռուսաստանի կողմից առաջարկվող տարբերակը: Այս հակասության տակ ի՞նչ է թաքնված:

- Այստեղ չկա որեւէ հակասություն: Ռուսաստանը տարբեր խողովակների միջոցով Հայաստանի դեմ իր դժգոհությունը պարբերաբար արտահայտում է, այն է՝ Հայաստանը Ռուսաստանին թողած, փորձում է Արեւմուտքի հետ աշխատանքներ տանել: Ի վերջո, Հայաստանն այս ամենին հակադարձելու համար հայտարարեց, որ՝ շատ բարի, եթե Ռուսաստանը կարող է Ադրբեջանին, այսպես ասած, համոզել ինչ-ինչ հարցերում, ապա Հայաստանը դրան միայն կողմ է, եւ եթե դա հաջողվի Ռուսաստանին, Հայաստանն Արեւմուտքի աջակցությունից կհրաժարվի: Ինչպես տեսանք, Ռուսաստանի մոտ Ադրբեջանին համոզելն իսկապես չստացվեց: Ադրբեջանն այս հնարավորությունը եւս ի շահ իրեն է օգտագործելու:

- Նշում եք, թե Հայաստանը կհրաժարվի Արեւմուտքի աջակցությունից: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը: Հայ-ադրբեջանական լարվածության մասով ի՞նչ կոնկրետ գործողությունների է դիմել Արեւմուտքը:

- Կարող ենք փաստել քաղաքացիական դիտորդների առաքելության մասին, ինչը թեպետ կարճաժամկետ էր, սակայն ունեցավ իր ազդեցությունը: Ֆրանսիան եւս ակտիվ է բավականին: Առաջիկայում եւս, եթե չեմ սխալվում, պետք է Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել հանդիպում տեղի ունենա:

- Ձեր թվարկած քայլերը բավակա՞ն են Ադրբեջանին զսպելու համար:

- Ոչ, բավական չեն: Խոսքն այն մասին չէ, որ այդ ամենը մեզ համար կարող է հաջողված տարբերակ լինել, խոսքն այն մասին է, որ ակտիվացում է նկատվում, ինչը բոլորովին պարտադիր չէ, որ մեզ համար նպաստավոր լինի: Ես ընդամենը ասում եմ, որ Արեւմուտքն ակտիվ է, եւ այդ ակտիվությունը լինելու է շարունակական: Նշենք նաեւ, որ այդ ամենը կարող է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի խանդն առաջացնել, որն էլ իր հերթին անհետեւանք մնալ չի կարող:

- Սոչիի հանդիպման հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը մեկնեց Իրան: Սա կարո՞ղ ենք նույնպես անհասկանալի եւ անբովանդակ հանդիպում համարել։

- Կարծում եմ, որ այդ հանդիպման նախաձեռնությունն իրանական կողմինն է: Իրանը փորձում է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ, վերջապես՝ որոնք են Հայաստանի համար կարմիր գծերը: Այս հանդիպումն առավելապես ինֆորմացիոն բնույթի հանդիպում էր: Կան հարցեր, որտեղ Իրանի եւ Հայաստանի կարմիր գծերը համընկնում են: Այդ առումով նման հանդիպումները ես համարում եմ կարեւոր: