Ինչպիսին չպետք է լինի ղեկավարը

Մաս 2
Արդեն շուրջ 25 տարի է, ինչ Նիկոլի ընտանիքին պատկանող բիզնեսի՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 10 տոկոսի փայատերն եմ։ Ընկերությունը մինչեւ 2017-ը նախկին իշխանությունների ժամանակ աշխատել է միայն շահույթով, իմ շահաբաժինը տարեկան կազմել է 1․5-2․4 միլիոն դրամ, որը ես հիմնականում թողել եմ Նիկոլի տնօրինության տակ՝ որպես քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ պայքարում իմ ներդրում: Այն 15 տարվա ընթացքում կազմել է 22 միլիոն դրամ, բայց Նիկոլն իշխանության գալուց հետո ոչ միայն չվերացրեց քրեաօլիգարխիկ համակարգը, այլեւ ավելի ամրացրեց՝ յուրային օլիգարխների հանցավոր դրսեւորումներով։
2021թ. հունվարին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից պահանջեցի վճարել վերջին տարիների իմ շահաբաժինը, որը, ըստ իրենց տրամադրած տեղեկատվության, կազմել է. 2016 թվականին՝ 703 հազար 924 ՀՀ դրամ, 2018-ին՝ 378 հազար 030, 2019-ին՝ 2 մլն 269 հազար 398, ընդամենը՝ 3 մլն 351 հազար 357 ՀՀ դրամ։ Բայց ոչ միայն չվճարեցին, այլեւ բացահայտ, օրենքները ոտնահարելով, հրաժարվեցին պատասխանել իմ դիմումներին։ Ինձ այլ բան չէր մնում, քան դիմել դատարան, բայց պարզվեց, որ դատարանները եւս վերածվել են վարչապետի ընտանեկան ՍՊԸ-ի։ Համոզված լինելով, որ դատարանում գործընթացները դեպի փակուղի են տանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նորից չեն առաջադրում, եւ նա որոշակի արժանապատվության դրսեւորում կարող է հանդես բերել, 2022-ի օգոստոսին հայտարարությամբ դիմեցի գլխավոր դատախազին՝ վարչապետի ընտանիքին պատկանող բիզնեսում կոռուպցիոն դրսեւորումների, փողերի լվացման եւ հովանավորչության մասով, հարուցվեց քրեական վարույթ, 16 ամիս քրեական գործը քնեցնելուց հետո՝ նոր գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը կարճվում է։ Որպեսզի իմ 10 տոկոս շահաբաժնի հարցը վերջնականապես փակեն, 2020 թվականից սկսում են ցույց տալ, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վնասով է աշխատում։ 2021 թվականին վարչապետի հայտարարագրից պարզ է դառնում, որ 2020-ին, չնայած ընկերությունը վնասով է աշխատել, Մարիամ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը շուրջ 10 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել, ինչը փողերի լվացման ակնհայտ դրսեւորում է, այնուհետեւ որոշում են 2022-ին դադարեցնել թերթի տպագրությունը։
Նիկոլը՝ վարչապետի կարգավիճակով, անտեսում է սահմանադրական կարգը եւ օրենքները, ասվածի հիմնավորումներից է նաեւ այն, որ sms-ով է աշխատանքից ազատվում ԲԴԽ նախագահը, իսկ վարչապետի ընտանիքը շուրջ 5 տարի է՝ հրաժարվում է վճարել իմ շահաբաժինը, եւ դատաիրավական համակարգն այլեւս իշխող ընտանիքի կամակատարն է դարձել։
Մեծ հաշվով, հասարակությունն արդեն իր մաշկի վրա է զգում, երբ իշխանության ղեկին են հայտնվում մարդիկ, որոնք անչափ ագահ, չտես ու քինախնդիր են եւ հանուն իրենց քմահաճույքների բավարարման, արհամարհում են հանրային կարծիքը՝ օրենքները շրջանցելով, անտեսելով պետական ու ազգային շահերը։
ՀԳ 1․ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ «Հայկական ժամանակ» թերթը ֆինանսավորել է Միքայել Մինասյանը, ինչի մասին նա հրապարակային խոստովանեց 2020 թվականին, ապա ավելի համոզիչ կլինի, թե ինչքան հեռու պետք է պահել իշխանությունից ՔՊ-ական երիտհայերին՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ։
ՀԳ 2․ 2008-ի մարտի 1-ի ջարդերի օրը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ժողով է հրավիրում՝ փոխելով «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինելով Աննա Հակոբյանով, որով կարելի է գնահատել նրանց արժեհամակարգը։
Պետրոս Մակեյան
Կարծիքներ