15.000 դրամի փոխարեն քաղաքացին վճարելու է 21.000 դրամ, 75.000 դրամի փոխարեն՝ 105.000 դրամ

15.000 դրամի փոխարեն քաղաքացին վճարելու է 21.000 դրամ, 75.000 դրամի փոխարեն՝ 105.000 դրամ

Երևան համայնքի բյուջեի եկամուտների աճի մասին խոսելիս Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշել է, որ նաև տուրքերի բարձրացման հաշվին է, որ ունենք ինչ-որ աճ բյուջեում։ Խաչատրյանի այս հայտարարությունը փորձեց հերքել «Fip.am» կայքը՝ ասելով,  որ Խաչատրյանի  հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ կայքի՝  2020 թ․ նախագծով հարկերից ու տուրքերից ստացված եկամուտը կազմելու է 18 միլիարդ դրամ, ինչը քաղաքի բյուջեի 107 միլիարդ դրամ եկամտի միայն 17 տոկոսն է։ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին հարցրինք, թե ի՞նչ հաշվարկներ են արել  և ի՞նչն է իրենց թույլ տալիս պնդել, որ բյուջեի աճը տուրքերի բարձրացման հաշվին է, Վարդանյանը պնդեց իրենց դիրքորոշումը․

« Այո, սեփական եկամուտների ավելացումը պայմանավորված է նաև տեղական տուրքերի բարձրացմամբ, որը տեղի է ունեցել և՛ անցյալ տարի, և՛ այս տարի է նախատեսվում։ Օրինակ, շինարարական աշխատանքների թույլտվություն ստանալու համար 15.000 դրամի փոխարեն քաղաքացին վճարելու է 21.000 դրամ, 75.000 դրամի փոխարեն՝ 105.000 դրամ և այլն։ Սա արդյո՞ք բարձրացում չէ։ Ինչ վերաբերվում է կայքի տարածած նյութին՝ կարող ենք նստել և միասին քննարկել»,- ասաց Վարդանյանը։ 

Բացի այս՝ ասուլիսի ժամանակ «Լույս» խմբակցության ներկայացուցիչները ասել էին, որ բյուջեի թերակատարման այս տարվա ցուցանիշի նման ցուցանիշ երբևէ չի գրանցվել։ «Ունենք թերծախս, որը գերազանցել է նույնիսկ քաղաքապետ չունեցած ժամանակահատվածին։ Աննախադեպ մեծ չափի թերծախս է եղել՝ 7 միլիարդ 800 միլիոն դրամ»։ Կայքը համարում է, որ այս պնդումը մասամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, որպես կանոն, տարեսկզբի ազատ մնացորդը բյուջեի նախագծում ներկայացվում է որպես կանխատեսված ցուցանիշ և հստակեցվում է միայն նախորդ տարվա բյուջեի ամփոփումից հետո․

 «Այն աշխատանքները, որոնք նախատեսված են եղել իրականացնել 2018 թվականին, տարվա երկրորդ կեսից թերի են իրականացվել։ Այդպիսով՝ ունեցել ենք բյուջեի թերակատարում։ Գրեթե նույն իրավիճակն է այս տարի՝ ելնելով մի շարք հանգամանքներից։ Ի դեպ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, որ ֆինանսական բլոկի պատասխանատուն է, վերջին հարցազրույցի ժամանակ այդ ամենը փաթեթավորեց գնումների մրցույթները չկայանալով և մի շարք այլ հանգամանքներով։ Այո, այս բյուջեն աննախադեպ է։ Սակայն աննախադեպ չէ այն հանգամանքով, որ 100 մլրդը գերազանցում է, ինչը դրոշակ են դարձրել քաղաքային իշխանությունները։ Հորդորում եմ սթափվել և պարզ աչքերով նայել իրականությանը։ Այդ ավելացումը շուրջ 70%-ով պայմանավորված է կառավարության կողմից տրվող սուբվենցիայով և վարկային ծրագրերով։ Քաղաքապետարանն ունի պատվիրակված լիազորություններ, ինչպիսիք են, օրինակ, պոլիկլինիկաները, դպրոցները... Կառավարության կողմից տրված սուբվենցիաները քաղաքապետարանը չի կարող վերաբաշխել այլ հոդվածների վրա։ Այնուամենայնիվ, առջևում դեռ ներկայացվելու է բյուջեի կատարողական, որի արդյունքում, կարծում եմ, բազմաթիվ հետաքրքիր փաստեր ևս ի հայտ կգան»,- արձագանքեց Վարդանյանը։