Դեսպանների ու գործարարների հանդիպումը վերածվել է ժխորի

Դեսպանների ու գործարարների հանդիպումը վերածվել է ժխորի

Օգոստոսի 29-ին «Թումո» կենտրոնում Հայաստանում գտնվող դեսպանների եւ գործարարների միջեւ յուրօրինակ մերձեցման երեկո էր կազմակերպվել։ Մտքերի փոխանակումն ուղեկցվել է դեսպանների հասցեին գործարարների հանդիմանություններով՝ խոսափողը ձեռքից ձեռք են խլել, մեղադրանքներ հնչեցրել դիվանագետների հասցեին, եւ արտգործնախարարը ստիպված է եղել հիշեցնել, որ դեսպանները նախկինում ոչ թե տնտեսական, այլ դիվանագիտական խնդիրներով են զբաղվել եւ նոր պահանջները դեռ չեն յուրացրել։ 7-8 դեսպան է ելույթ ունեցել, տարբեր առեւտրային գաղափարներ են առաջարկել։ Հանդիպումն անկազմակերպ է եղել։ Խոսափողին մոտեցողների ձայնը լավ չի լսվել։ Ոմանք հանդիպման կեսից հեռացել են։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը ելույթ է ունեցել, եւս դժգոհների շարքում է։ Նա ասում է․ «Մենք ավելի մեծ ակնկալիքներ ունենք դեսպաններից։ Հիմնական մասը լավն է, հաջող է, բայց մեծ մասը պետք է փոխվի։ Որոշ դեսպանների ելույթներից զգացվում էր, որ իրենք, կարծես, չտիրապետեն Հայաստանի իրավիճակին եւ տնտեսական տեսանկյունից չեն պատկերացնում իրենց դերակատարությունը։ Իհարկե, խնդիրն այն է նաեւ, որ նախկինում նրանց առաջ դրված չի եղել խնդիր, որ պետք է նման հարցերով զբաղվեն։ Բայց ես նայում եմ Հայաստանում գործող օտարերկրյա դեսպաններին ու տեսնում, որ նրանք ավելի ակտիվ են, գիտեն, թե Հայաստանում օրեցօր ինչ փոփոխություններ են լինում, որ ճյուղերն են զարգանում, ակտիվ մասնակցում են կոնֆերանսներին, տնտեսական մասնակցությամբ են ակտիվ։ Մեր դեսպանները նման խնդիրներով չեն զբաղվում։ Շատ բաներ կան, որ իրենք կարող են կատարել»։

- Ի՞նչ պետք է անեն դեսպանները, օրինակ։

- Մենք ունենք GSP պլյուս եւ GSP արտոնյալ համակարգ։ Պետք է մեր դեսպաններն արտասահմանում ներկայացնեն, որ Հայաստանն ունի արտահանման արտոնյալ հնարավորություն, որ այնտեղի գործարարներն իմանան այդ մասին։ Արտասահմանյան երկրների մեր գործարարները, անկախ նրանից՝ հայ են, թե հայ չեն, հավանաբար, չգիտեն նման ռեժիմների մասին։

- Ո՞ր երկրների դեսպաններն են կտրված, գուցե մանրամասնե՞ք։

- Բոլոր երկրների մեր հայ դեսպանները՝ մոտ 45 հոգի։ Նրանք պետք է պահանջեն ու ստանան ասոցիացիաների, գործարարների միությունների, պալատների մասին տեղեկություններ, որոնք կարող են օգտագործել եւ այնտեղի ներդրողներին ուղղորդեն։ Ես նաեւ արտահայտել եմ դժգոհություն՝ առանց անուններ նշելու, որ սփյուռքի որոշ համայնքներ մեկը մեկին նախանձում են, խանգարում են, պառակտված են։ Քիչ է, որ դեսպանները չեն մասնակցում այդ կոնֆլիկտին ու չեն ուզում բարիշացնել, դեռ իրենք են այդ կոնֆլիկտները խորացնում։
Որոշ երկրներում երբ որ ներդրումներ են կատարվում, դեսպանները դժգոհում են, թե ինչու եք գնում այդ երկրները ու ներդրումներ բերում՝ առանց մեզ հետ համաձայնեցնելու։ Ու գիտենք դեսպաններ, որոնք անընդհատ առեւտրի մեջ են, բիզնեսի մեջ են մտնում ու իրենց գործն ավարտած՝ սկսում են բիզնեսով զբաղվել։ Որոշ դեսպաններ նեղացած կեցվածք ընդունեցին, ասացին՝ անուններ տվեք, եթե չեք տալիս, ուրեմն մեզ վիրավորում եք։

- Իսկ նախարարին այդ ընդհանուր մթնոլորտը դուր եկա՞վ։

- Տարբեր գործարարներ ու դեսպաններ հանդիպման ընթացքում հեռացան։ Իհարկե, լավ էր, տարբեր առաջարկներ հնչեցին, բայց մեր դեսպանների մեծ մասը կտրված է հայկական իրականությունից։

- Բայց իրենց առաքելությունը դիվանագիտական է, բրոքե՞ր են, մենեջե՞ր են, գովազդային գործակալնե՞ր։

- Մինչեւ հիմա խնդիրները չեն դրվել՝ սա մեկ, երկրորդը․ դեսպանները պետք է իմանան, որ իրենք երկրի շահերը ներկայացնող մարդիկ են։ Որոշ երկրներում դեսպանները նույնիսկ չեն ցանկանում իրենց քաղաքացիների հետ հանդիպել, խուսանավում են։

- Այսինքն՝ դեսպանները դառնում են գործարարներ։

- Չէ, չեն դառնում, ուրիշ ուղղությամբ մի տարեք․․․ երկու նախարարները՝ ե՛ւ էկոնոմիկայի, ե՛ւ ԱԳՆ, հստակեցրին, որ նրանք գործարարությամբ չեն զբաղվում, բայց առաջադրանք է եղել, որ աշխատանք տարվի, որ Հայաստանի գրավչությունը մեծացնեն եւ արտահանման գործընթացները խթանեն։