Բաղիշ Հովսեփյան․ Սերմնացանները չվերադարձան

Բաղիշ Հովսեփյան․  Սերմնացանները չվերադարձան

«Անտարես» հրատարակչությունը շուտով լույս կընծայի խորհրդահայ լավագույն ու ըստ արժանվույն չգնահատված արձակագիրներից մեկի՝ Բաղիշ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ (1922-2004) «Սերմնացանները չվերադարձան» վեպը: Ներկայացնում ենք մի հատված վեպից:
 
Լույսը բացվել է, անձրեւը՝ դադարել, իսկ մենք շարունակում ենք աշխատանքը։ Մեր շապիկները չորացել են, նորից թրջվել քրտինքով, բայց անելու դեռ շատ բան կա։ Չմերով ծածկում ենք խրամատների պատվարները, բուսականությամբ քողարկում գնդացիրը, հետեւում, որ ամեն բան կարգին լինի։ Քիչ հետո կգան հրամանատարները՝ վաշտից, գումարտակից, գուցե՝ գնդից։ Կա՛մ դիտողություն, կա՛մ գովասանք։ Զինվորն այնքան էլ մեծ չէ դիտողությունը հաշվի չառնելու եւ գովասանքից չփքվելու համար։ Մենք հասակակիցներ ենք, տասնինը-քսան տարեկան։

Արեւը բավական բարձրացել է։ Հունիս է։ Չգիտենք՝ տոթը մեր խրամատներից է բարձրանում, թե լցվում է մեր խրամատները։ Վաղուց անցել է նախաճաշի ժամը, եւ քաղցը տանջում է մեզ։ Իսկ հրամանատարները դեռ չկան։ Ծուլորեն դուրս ենք սողում խրամատներից, փռվում կանաչներին եւ փշրելով մաքրում մեր շորերի վրա չորացած ցեխը։

- Երեւի դիվիզիայի հրամանատարն անձամբ է ստուգում։ Թե չէ այսքան ե՞րբ էին ուշացել,- ասում է Արամայիսը, որի փորած խրամատը բոլորից խորն է, բոլորից անթերին։ Դա նշանակում է, որ ամենից շատ նա է ուզում գովեստի արժանանալ։

- Երանի ինձ երեկ կալանավորած լինեին, հիմա ես նախաճաշած կլինեի,- Կոնկինը երկար եղունգով է քերում իր շալվարի ցեխը։

Արամայիսը տարակուսած նայում է Կոնկինին, եւ նրանք չեն հասկանում իրար։

Շեփորն ազդարարում է տագնապի ավարտը, բայց մենք չենք հավատում մեր ականջներին։ Հրամանատարների գնահատականը մեր աշխատավարձն է։ Մենք աշխատել ենք ու հեռանում ենք առանց վարձատրության։ Դժգոհ ենք, եւ ամենից շատ դժգոհ է Արամայիսը, որ ճանապարհի կեսից մերթ ընդ մերթ ետ է դառնում, նայում իր փորած խրամատին։ Ես նրա աչքերի մեջ ափսոսանք եմ տեսնում։

- Ջո՜կ, կա՜նգ առ։

Արամայիսին կանգնեցնում եմ շարքի առաջ, վարձատրում շնորհակալությամբ, եւ նա այլեւս ետ չի նայում, ու մենք գնում ենք այնտեղ, որտեղից լսվեց շեփորի ձայնը։

Հավաքվում ենք բաց դաշտում։ Գալիս են վաշտի հրամանատարն ու քաղղեկը։ Նրանք փորձում են առաջվա պես կատակել մեզ հետ, սրամտել, սակայն չի ստացվում։ Ինչ-որ տարօրինակ բան կա նրանց դեմքին, աչքերի մեջ, շարժումներում, որոնք մեզ անծանոթ են, օտար, անհասկանալի։ Ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ նրանք հանկարծ, խոսքը կիսատ թողած՝ դառնում են մտախոհ, երազկոտ։ Ինչո՞ւ քաղղեկ Լիվշիցը նայում է ինձ ու կարծես չի տեսնում։

Մոտենում են մյուս դասակները։ Զինվորները քայլում են ծուլորեն, հոգնած։ Նրանք էլ մեզ պես ցեխոտ են, անտրամադիր եւ չեն պաշտպանում քայլերի համաչափությունը։ Ինձ թվում է, թե վաշտի հրամանատար Պերեվերզեւը հիմա, աչքերը բարկացկոտ չռելով, կորոտա.

- Սա ի՞նչ թափթփվածություն է։ Ապա, ոտքերը բարձր... Մեկ, երկու, երեք... Մեկ, երկու, երեք...

Սակայն Պերեվերզեւը դիտողություն չի անում եւ դասակի հրամանատարի զեկույցը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատելով՝ տալիս է «ազատ» հրամանը։ Սա էլ տարօրինակ է։

Երբ բոլոր դասակները հավաքվում են ի մի, նա ասում է.

- Քաղղեկ, խոսիր։

Լիվշիցը խոսում է, եւ մենք իմանում ենք, որ պատերազմ է։

***
Պատերազմ է։ Մենք զինվորներ ենք ու չենք կարող զերծ մնալ պատերազմից։ Վաղ թե ուշ մեկնելու ենք։ Մենք նշան կբռնենք ոչ թե թիրախների վրա, ինչպես անում էինք փորձերի ժամանակ, այլ մարդկանց վրա, նրանց վրա, որոնք գրավել են Եվրոպան։ Նրանք էլ մեզ վրա կկրակեն։ Եվրոպան գրաված զինվորը դիպուկ կկրակի։ Պատերազմում մարդիկ են սպանվում։ Մենք մարդ ենք, եւ կյանքը կորցնելու ահը հեռվից նայում է մեզ։ Սակայն մեզանից եւ ոչ մեկը դեռ հստակ չգիտի, թե ինչ բան է պատերազմը։ Կոնկինը նույնիսկ դժգոհ չէ։

- Պատերազմը լուրջ գործ է,- ասում է նա,- այնտեղ գոնե գիտես ինչ ես անում։ Թե չէ սա ի՞նչ խաղ է, փոսի կողքին նորից փոս փորիր։ Կարծես փոսը մեքենա է, պիտի քանդելով սովորես։

Գնում ենք, ու մեր շուրջը արեւից տաքացած ծղրիդները երգ են ասում խոտերի մեջ, եւ այնպես խաղաղ է, այնպես անդորր, որ մարդ չի հավատում, թե երկրի վրա պատերազմ կա, եւ հիմա մարդիկ սպանում են իրար։ Ծղրիդները երգում են, ու մենք փոշոտ ճանապարհով գնում ենք առաջ։

Ամառ է, հունիս, 1941 թվական։

Գիտենք, որ թողնում ենք մեր ճամբարը, մեր վրանները եւ երկար ժամանակ այլեւս ծածկ չենք ունենա մեր գլխի վրա։ Գիտենք, որ այդ ճանապարհը տանելու է դեպի Սիմֆերոպոլ, սակայն այնտեղից ուր կգնանք, ինչ կլինի՝ անհայտ է։ Դա ռազմական գաղտնիք է, եւ զինվորն իրավունք չունի իմանալու։ Գուցե եւ գեներալն էլ չգիտե։ Ո՞վ իմանա։

Լուռ ենք։ Պատերազմի բոթը թմրեցրել է մեզ՝ յուրաքանչյուրին թողնելով իր մտքերի հետ։ Կարծիքներ փոխանակում են միայն նրանք, ովքեր ավելի մոտ են իրար, մտերիմ։

Մհերն իմ դպրոցական ընկերն է եղել՝ առաջին դասարանից սկսած մինչեւ ավարտելը։ Հիմա մենք միասին ենք միեւնույն ջոկում, եւ նա ասում է.

- Արտո, լավ եղավ, որ պատերազմ սկսվեց։

Ես լուռ նայում եմ նրան։

- Զարմացած մի նայիր։ Դու չգիտես, լավ եղավ։

- Իսկ դու գիտե՞ս, որ կարող են քեզ թրխկացնել, ինձ՝ նույնպես։

- Գիտեմ, բայց...

- Էլ ի՞նչ բայց...

- Սպանվողը չի էլ իմանում, որ սպանվեց, իսկ ես... Հիշո՞ւմ ես գյուղում ինչպես էին վարվում ինձ հետ։ «Դուք կուլակ եք եղել», ամեն օր, ամեն տեղ՝ նույն բանը։ Մենք որտեղի՞ կուլակն էինք, երբ ես, չե՞ս հիշում, բոբիկ էի գնում դպրոց։ Նույնիսկ կոմերիտմիության մեջ չընդունեցին։

- Դատարկ բան է, Մհեր... Կյանքն այդքան էժան չէ, որքան դու կարծում ես։

- Ես գիտեմ, է՜, որ կյանքը էժան չէ, բայց դու չգիտես, թե որքան եմ տանջվել։ Կհավատա՞ս, ես հազար անգամ ափսոսացել եմ, թե ինչու քաղաքացիական կռիվների ժամանակ մեծ չեմ եղել։ Հիմա, փառք աստծո, առիթը ներկայացավ։ Հիմա կերեւա, թե մեզանից ով է ազնիվն ու նվիրվածը, ով՝ ոչ։ Պատերազմից լավ փորձաքար չկա։

Շարքի կողքից, ոտքը կախ գցելով, ետ է ընկնում քաղղեկ Լիվշիցը։ Մենք հայերեն ենք խոսում, եւ թեպետ նա չի հասկանում մեզ, սակայն զգում է, որ Մհերը հուզված է։ Դա երեւում է Մհերի կտրուկ շարժումներից, որոնք երեւան են գալիս միայն այն ժամանակ, երբ նա տաքանում է։

- Հը՜, Մգեր,- Լիվշիցը մտերմության համար է անունով դիմում նրան,- սիրածիցդ վատ լո՞ւր ես ստացել։

Մհերն աշխուժանում է.

- Դժբախտաբար, ես սիրած չունեմ։

- Օ՜,- երկարացնում է Լիվշիցը,- ինչպիսի դժբախտություն։ Դու, սիրելիս, դեռ մարդավարի բեղեր էլ չունես։ Այ, դա է քո դժբախտությունը։ Երբ բեղավոր դառնաս, այն ժամանակ աղջիկներն իրենք կվազեն քո հետեւից։ Դրա համա՞ր ես հուզվել։

- Ոչ։ Ես ուրիշ բան էի խոսում սերժանտի հետ։ Ասում էի՝ ռազմաճակատում պետք է ընդունվել կուսակցության մեջ։

Լիվշիցը կախում է գլուխը, միայն մի պահ, հետո նորից է բարձրացնում, եւ նրա աչքերը գորովանքով են նայում Մհերին։

- Ես կերաշխավորեմ քեզ,- ու մտածկոտ քայլերով հեռանում է։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ