ՔՊ-ին չհաշված՝ ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի ու Արցախի համար, որքան ՀՅԴ-ն

ՔՊ-ին չհաշված՝ ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի ու Արցախի համար, որքան ՀՅԴ-ն

Իշխանական դաշտում մոլեգնող հակադաշնակցական մթնոլորտը գնալով  թանձրանում է։ Կուլիսներում կուսակցությունը կասեցնելու տրամադրություններ են, որոնք երեկ անուղղակի արտահայտվեցին նաեւ ԱԺ ամբիոնից։ Իշխանության ոչ պաշտոնական խոսափող Արման Բաբաջանյանն արտահերթ ելույթում խորհրդարանական գործընկերներին հորդորեց քաղաքական գնահատական տալ նախկինում «ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժին», որը հիմա «որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»։ «Մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետեւ վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններն են: Բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն»,- ասաց նա։

«Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, թե 31-ի գործն ինչի մասին էր, եւ թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ: Կարծում եմ՝ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք եւ հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: Այս կուսակցությունը մեդիայի ռեսուրսներն օգտագործում է՝ աննկարագրելի թույնը թափելու համար պետության եւ այս նոր փոփոխությունների դեմ: Թող խելքները գլուխները հավաքեն, եւ ԱԱԾ-ն թող իր ուշադրության տակ առնի այս երեւույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել նման երեւույթները»:

Հիշեցնենք, որ պարտիզանական հարվածների մասին իրենց նամակում հայտնել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները, որոնք մի քանի օր առաջ Հանրայինի եթերում հայտարարեցին, որ ՀՅԴ-ում ոչ բոլորն են պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

Ի՞նչ է նշանակում «պարտիզանական հարվածներ», եւ ինչո՞ւ է իշխանական թեւում անհանգստություն առաջացել։ Զրուցեցինք նախկին ՀՅԴ-ական, ներկայումս իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Նա վստահեցրեց, որ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող կուսակցության դեպքում դա բնականոն աշխատանք է։ «Պարտիզանական պայքարը չպետք է ուղիղ իմաստով հասկանալ, դա ապակենտրոն պայքարի տարբերակ է։ Իմաստն այն է, որ Դաշնակցությունը թե՛ կենտրոնում, թե՛ գյուղերում, թե՛ մարզերում այս կամ այն բացասական երեւույթը հայտնաբերելու դեպքում անմիջապես դրա մասին ահազանգեն, աղմուկ բարձրացնեն, որպեսզի տեսնեն, թե իշխանություններն ինչքան վատն են։ Է, հա, դա իրենց պայքարելու ձեւն է, ընդդիմությունն այդպես էլ պիտի անի, մենք էլ պիտի վախենանք դրանից ու թույլ չտանք սխալվել։ Դրանից միայն ժողովուրդը կշահի»,- ասաց Աղազարյանը։

Նա չի կիսում Արման Բաբաջանյանի՝ ՀՅԴ-ի «ահաբեկչական» լինելու մասին որակումները, ճիշտ հակառակը՝ բոլորովին այլ կարծիք ունի ՀՅԴ-ի մասին․ «Եթե հաշվի չառնենք մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու-երեք տարվա գործունեությունը, ավելի ճիշտ՝ դա դնենք մի կողմ, որովհետեւ դրա գնահատականը պետք է տան 2-3 տարի հետո, ապա նորօրյա Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի ու Արցախի համար, ինչքան Դաշնակցությունն է արել։ Երկրորդ․ այն, որ ՀՅԴ ղեկավարությունն այսօր  ճիշտ գործունեություն չի ծավալում, դա էլ է փաստ»։

Աղազարյանը համամիտ է Փաշինյանի գնահատականին, որ ՀՅԴ-ն քաղաքական զրո ազդեցություն ունի, բայց՝ վերապահումով․ «Այս պահին է դա այդպես, բայց չի նշանակում, որ հաջորդ պահին կարող է այլ վիճակում հայտնվեն, վերարժեւորեն իրենց մոտեցումները, ինչը բնորոշ է բոլոր քաղաքական ուժերին։ ՀՅԴ-ն եղել է, կա ու կմնա, եւ այս ոչ ճիշտ դրսեւորումները կհաղթահարվեն»։ Պատգամավորը չի կարծում, թե իրենց իշխանությունը 90-ականների՝ Դաշնակցությունը փակելու օպերացիան կիրականացնի եւ կկասեցնի կուսակցության գործունեությունը․ «Այդ արտահայտությունները բավարար չեն որեւէ կուսակցության գործունեությունը կասեցնելու համար։ Միգուցե Բաբաջանյանն այլ ինֆորմացիա ունի, բայց իրավապահներին, ուրեմն, պետք է հայտնի դրանց մասին»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ արձագանքել Բաբաջանյանի կոչին, ասաց․ «Կարծում եմ, որ ՀՅԴ-ում առանձին մարդիկ իրենց քայլերով են արատավորում կուսակցության վարկանիշը։ Սա շատ մտահոգիչ է, եւ կարծում եմ, որ հենց կուսակցության ներսում պետք է կանխվեն նման դրսեւորումները, որովհետեւ պարտիզանական ջոկատների պատրաստումը եւ հանրային դառնալը բոլորիս ապշեցրել է»։ Նա կարծում է, որ այդ խմբերի վտանգավորության հարցին պետք է պատասխանեն իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն։ Խմբակցությունում դեռ քննարկում չի եղել, իսկ ՀՅԴ գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին Մակունցն ասաց․ «Ես այդ առիթով չեմ կարող մեկնաբանություն անել։ Ես չեմ կարծում, որ նոր Հայաստանում կուսակցությունները կասեցնելու նախաձեռնություն կլինի։ Նրանց հետագա աշխատանքի, քաղաքականության մեջ ներգրավվածության որոշումը կայացնում է ՀՀ քաղաքացին։ Ես պարզապես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՅԴ-ում կան պարկեշտ մարդիկ, բայց առանձին անհատների կողմից խրախուսվող դրսեւորումներն արատավորում են ամբողջ կուսակցությունը, եւ հենց իրենք իրենց ներսում պետք է քայլեր ձեռնարկեն»։

ԲՀԿ-ից գերադասեցին չմեկնաբանել Բաբաջանյանի կոչը, Նաիրա Զոհրաբյանը մեզ ուղարկեց Արման Աբովյանի կողմը։ Վերջինս ասաց, որ խմբակցությունում քննարկում չեն ունեցել՝ չի ցանկանում անձնական կարծիք հայտնել։ ԼՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ կարծիք հայտնեց, թե «եթե հանցավոր գործունեություն կա, իրավապահները կարձագանքեն», բայց ինքը ՀՅԴ-ի կողմից որեւէ հանցավոր քայլ չի տեսնում․ «Այլ հարց է՝ համաձա՞յն եմ, թե՞ ոչ»։ ԼՀԿ-ականը ՀՅԴ-ին ահաբեկչական ուժ չի համարում։