Քաղաքավարությա՞ն, թե՞ քաղաքակրթության վնասները

Քաղաքավարությա՞ն, թե՞ քաղաքակրթության վնասները

Հայ անվանի գրող-երգիծաբան, XIX դարի երկրորդ կեսի հայ գրականության վառ դեմքերից մեկի՝ Հակոբ Պարոնյանի գրական ժառանգությունն այսօր էլ արդիական է ու արժեքավոր: Հայ ժողովրդին հերթական անգամ պատուհասած դա-ժան, անարդարացի փորձությունը՝ հիմնված աշխարհի «քաղաքակիրթ» (փաստորեն՝ անբարոյական) տիրակալների կողմից պարտադրված երկակի ստանդարտների վրա, փորձում ենք հաղթահարել քաղաքակիրթ, առանց ուժի կիրառման ճանապարհով: Չհաջողվեց: Չէր էլ կարող հաջողվել, քանզի մեզ միշտ ուղեկցել է վախը, որ մեզ կանվանեն բարբարոս, անկիրթ ու նման այլ որակումներ կտան:

«Բռնաւոր մը կայ որ գեղեցիկ անուան տակ ծածկուած զմեզ գերութեան կը դատապարտէ։ Նոյն իսկ այն առանձնաշնորհմանց մէջ զորս մեր կամքն կը շնորհէ մեզ եւ որոց չհակառակիր օրէնքն։ Այս բռնաւորը բնութեան ալ կը հակառակի եւ թոյլ չտար անոր որ ազատ համարձակ գործէ մարդ էակին վրայ։ Այս բռնաւորը քաղա-քավարութիւնն է։ Այս բռնաւորին հակառակողները անկիրթ կ՚անուանուին յանի-րաւի»,- գրել է մեծ հայը։

Հայտնի կիրթ անձնավորությունը, գուցե, լավ էր ուսումնասիրել Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները»: Կիրթ «ըլալով», այս անձնավորութ-յունը «քաղաքակիրթ» վարվեց՝ արժանանալով «քաղաքակիրթ» աշխարհի աջակ-ցությանն ու գովասանքին: 
Ի տարբերություն հայերի, թալիբները վախ չեն ունեցել եւ թույլ չեն տվել, որ-պեսզի «բռնաւորը բնութեան ալ հակառակի եւ թոյլ չտար անոր որ ազատ համարձակ գործէն»: Որպես պարգեւ, նրանց հանձնվեցին 85 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություններ, ներառյալ հարյուրից ավելի բարձր ճշգրտության զենքերը: Հավանաբար, թալիբների սպառազինությունների արժեքը, որոնց միջոցով հնարավոր եղավ վերահսկողություն սահմանել Աֆղանստանի նկատմամբ, մինչ այդ կարող է կազմած լինել 1-2 միլիարդ դոլար, թեկուզեւ 5 միլիարդ, բայց ոչ ավելի:

Կրկին դիմենք Պարոնյանին. «Սեդրաք աղան գնում է կոշկակարի խանութ»: Այստեղ ընդհատենք եւ «լսենք» Սըր Բեյլոքին: Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Բեյլոքը, դեռեւս 2003 թվականին, հետաքրքիր այլաբանություն է կիրառել (Beilok, R. Helping Armenia Without Helping the Blockade. Prepared for the Armenian International Policy Group Conference «Armenia: Recent Economic Trends and Growth Prospects», World Bank, Washington, D.C. January 25, 2003)՝ նկարագրելու Հայաստանի վիճակը. «Կապարե կոշիկ հագած մարդը ցանկանում է վազել: Իր ջանքերով եւ իր ընկերների օգնությամբ նա կարող է վազել սովորել եւ, նույնիսկ, իր արագությունը մեծացնելու համար զարգացնել դիմացկանությունը եւ տեխնիկան:

Այնուամենայնիվ, նա երբեք չի կարողանա այդ կոշիկներով այնքան արագ վազել, ինչպես կկարողանար առանց դրանց: Եթե նա ստիպված է հավերժ կրել այդ կոշիկները, ապա նրա ընկերները պետք է օգնեն նրան՝ նվազեցնելու դրանց խանգարող ազդեցությունը: Բայց եթե կոշիկները հանելը նրա ուժերից վեր է, եւ նա ու իր ընկերները պետք է ուշադիր դիտարկեն, թե նրա վարժվելու եւ հանդերձանքի տարրերն ինչպես կազդեն նրա այսօրվա վազելու վրա, նաեւ՝ թե դրանք ինչպես կարող են ազդել կոշիկներն անտեսելու խթանների եւ հնարավորությունների վրա: Իրոք, եթե մարդը կարող է, բայց ինչ-ինչ պատճառներով չի հանում կոշիկները, եւ եթե կոշիկներն իրոք վնաս են պատճառում, ծագում է հարց, թե ընկերները, արդյոք, պե՞տք է օգնեն նրան՝ այդ կոշիկներն ավելի հարմարավետ դարձնելու համար, անհրաժե՞շտ է, արդյոք, որ ընկերները նրան օգնեն վազել կոշիկներով: Մարդը կամ մարդիկ, որոնք կրում են այդ կոշիկները, Կովկասի ազգերն են… Ամենածանր զույգը կրում է Հայաստանը…»։

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները, պատերազմի նկատմամբ, այսպես կոչված, միջազգային հանրության կրավորական դիրքորոշումը (ո՞վ է ուրիշի փոխարեն պայքարել, կռվել եւ, ընդհանրապես՝ ո՞վ է ում ինչ-որ բան պարտական) փաստեց, որ Սըր Բեյլոքի հարցադրումներին տրվել են բացասական պատասխաններ. ի լրումն Հայաստանի կապարե կոշիկների ծանրության, այդ կոշիկները նաեւ կփոքրացվեն… Անցած երեք տասնամյակում միջազգային կազմակերպությունները ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանը չզարգանա, իսկ Հայաստանը չի դիմադրել, չի պայքարել, օրինակ, հրեաների, թեկուզեւ, թալիբների նման: Ինչպես կարելի է, գռեհկություն, գավառականություն, մի խոսքով՝ անքաղաքավարություն է ազգային արժեքների համար պայքարելը:

«…Ցավից արտասվելով՝ Սեդրակ աղան ճանապարհին որոշում է հանել կոշիկները: Չի հաջողվում: Սրճարանի սպասավորին է խնդրում, որ իրեն օգնի: Սպասավորը նույնպես չի կարողանում: Մի որոշ ժամանակ անց միացյալ ջանքերով ի վերջո հանում են կոշիկները, եւ Սեդրակ աղան հագնում է իր հին կոշիկները, որոնք վերցրել էր հետը: Հաջորդ օրը լաստիկ է գնում եւ հագնում ցավացող ոտքերին: Բայց նրան սկսում են մեղադրել խայտառակության մեջ: Հասարակության մեջ հարկավոր է մոդայիկ կոշիկ հագնել: Սեդրակ աղան համոզվում է, որ քաղաքավարությանը չեն հակառակվի: Հանում է լաբճինները եւ ընդունում է մոդային համաձայն կոշիկներն ու դրանց հարվածները…»։

Գագիկ Վարդանյան