Դա, իրապես, մշակութային հեղափոխություն էր

Դա, իրապես, մշակութային հեղափոխություն էր

Եթե անկեղծ՝ պիտի խոստովանեմ, որ «Շարմ հոլդինգ»-ի կողմից նկարահանված ֆիլմերը, մշակութային մասսայական բեմադրությունները՝ որպես արվեստի բացարձակ գործեր, մի տեսակ վերապահումով եմ ընդունել: Իսկ եթե ավելի անկեղծ՝ ո՛չ «շոու» բառն է ինձ հոգեհարազատ, ո՛չ էլ բառի բովանդակությունը: Այդ մասին անթաքույց անդրադարձել եմ նաեւ մամուլում:
Սակայն «Զարթնում է Երեւանը» շոու ծրագիրը՝ «Շարմ հոլդինգ»-ի եւ «Հայ համերգ. փրոջեքթ»-ի մատուցմամբ, մշակութային կատարյալ հեղափոխություն էր: Հեղափոխություն՝ անցյալ դարի ազգային դասական երգարվեստի, նրա ժառանգության, ներկայի ու արդիականի փայլուն համադրությամբ:

Նախ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Դվին» հյուրանոցի ինքնատիպ ձեւավորված սրահում 1,5-2 ժամ տեւած այդ համերգ- ներկայացումն էսթետիկական, գեղագիտական մեծ բավականություն պատճառեց ներկաներին: Համերգ-ներկայացումը` այսպես անվանելն ավելի ճիշտ կլինի, Ամանորի նախօրեին մեծ նվեր էր ոչ միայն ներկաներին, այլեւ ամբողջ մշակույթին եւ հանրությանը:
Երբ ինքդ քեզ համար ուզում ես պարզել, թե որն էր բեմադրության հաջողության գրավականը, ապա առանց վարանելու գալիս ես այն եզրահանգման, որ «Զարթնում է Երեւանը» բեմադրող հեղինակների անսահման սերն ու նվիրվածությունն է, անցյալ դարավերջի մեր ունեցած երգարվեստը, մշակույթը, կատարողական արվեստը մոռացությունից փրկելը եւ նորովի, մեզ ու նաեւ երիտասարդ սերնդին վերադարձնելը:

Եվ այդ ռետրո արվեստը, մոռացված ազգային հարստությունը  մեզ է վերադարձվել բարձր արվեստով, չափի զգացողությամբ, առանց ավելորդ ճիգերի: Ահա, ազգային մշակույթի անցյալի ներկապնակի եւ ներկա արտահայտչամիջոցների  բեմադրության համադրության փայլուն մի օրինակ, որը մեր նոր սերնդի ձեռքից կարող է բռնել եւ զգուշորեն վեր բարձրացնելով՝ առաջնորդել դեպի 21-րդ դար։ 

Առանձնակի պիտի նշել երգերի տեքստերի տողացի բովանդակությունն էկրանին համահունչ մայրենիով ներկայացնելը, որով ունկնդիրը ներքաշվում ու հաղորդակցվում է ամբողջ բեմադրությանը, կատարողական արվեստին: 

Մեր սերունդը 60-70-ական թվականներին ականատես է եղել, երբ 75 հազարանոց լեփ-լեցուն «Հրազդան» մարզադաշտը  թնդում էր «Հայհամերգի» ղեկավար, լուսահոգի Գեորգի Ասատրյանի կազմակերպած երեւանյան «Ոսկե աշուն» ներկայացումների որոտընդոստ ծափահարություններից: Երբ մեր հայ երգիչների հետ մեկտեղ հանդես էին գալիս համաշխարհային աստղերը, ինչպիսին, ասենք, ժամանակին Իմա Սումակն էր, իսկ մարզադաշտի կանաչ գորգի վրա համերգի մասնակիցների թիվը 10-15 հազար էր կազմում: Ի դեպ, մի փոքրիկ ակնարկ տեսնում ենք նաեւ բեմադրության  էկրանի լուսանկարներում: Այո, ավագ սերնդին այնքան էլ հեշտ չէ զարմանք պատճառելը։ Սակայն այդ բեմադրությունը, նվագախումբը, երգիչները, պարային շոուն, չափավոր լուսային էֆեկտներն ու այլ ատրիբուտներ մատուցված էին անսովոր, ճաշակով եւ բարձրարվեստ:
Մնում է ավելացնել գլխավոր պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանի, Արթուր Ջանիբեկյանի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանի, բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբայանի անունները, ովքեր այս պատվաբեր, ժամանակակից բեմադրությունը կներկայացնեն թե՛ մեզանում  եւ թե՛ արտերկրում: 

«Զարթնում է Երեւանը» համերգ-ներկայացումն առաջին հերթին կորցրած անցյալը վերագտնելու գեղեցիկ մի գործ է: Բարի երթ…

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ