Ժողովրդական հեղափոխության առաջնորդը վախենում է մարդկանցից

Ժողովրդական հեղափոխության առաջնորդը վախենում է մարդկանցից

Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ նոյեմբերի 23-ից սկսած, Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց գործարարների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում է առանձին-առանձին։ Արդեն 12 գործարարի հետ է հանդիպել, բայց ոչ թե մեկ ընդհանուր սեղանի շուրջ, այլ՝ տետ ա տետ։

Պաշտոնական հաղորդագ- րություններից տեղեկանում ենք, որ քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը։ Նոյեմբերի 23-ի եւ 25-ի հանդիպումներից հետո հայտարարվեց, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
Սա ուշագրավ է նրանով, որ նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի բիզնեսմեն հյուրերից մեկը «Մենյու Էյ Էմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն էր, ով «ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»-ից երեք օր անց՝ նոյեմբերի 26-ին, նշանակվեց էկոնոմիկայի նախարար։ Այլոց հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների դրսեւորումներ առայժմ չկան։ Հիշեցնենք, որ հանդիպումներ են եղել Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Արման Սահակյանի եւ ուրիշների հետ։

Հետաքրքիրն այն է, որ համաժողովրդական շարժմամբ իշխանության եկած, հրապարակային հանդիպումներն ու հանրային շփումները գերադասող վարչապետն այսօր խուսափում է մեկից ավելի մարդու հետ հանդիպել նույնիսկ իր աշխատասենյակում։ Հանդիպման կողմերն էլ ընտրվում են բացառապես իր ճաշակով եւ իր ընտրությամբ։ Չենք ուզում անգամ պատկերացնել, թե մինչ հանդիպումը ինչպես են ստուգում եւ «զինաթափում» հյուրերին։

Մեր որոնումների արդյունքում պարզեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ մասնագիտացված կազմակերպություններ, որոնց համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր կլինի երկրի գահավիժող տնտեսությունը մոտեցնել գոնե զրոյական մակարդակին։ Այդ միությունները, մասնավորապես Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, Վաճառականների միությունը, Հայաստանի բանկերի միությունը, Հայրենական ապրանք արտադրողների միությունը եւ այլն, որտեղ հավաքված է ամբողջ գործարար էլիտան, որքան էլ իրենց բիզնեսում, առանձին վերցրած, հաջողություն ունենան, երկրի տնտեսական աճ չեն կարող ապահովել, եթե չգործեն որպես մեկ միասնական մեխանիզմ։

Իսկ քանի դեռ Հայաստանի վարչապետը նրանց մի սեղանի շուրջ համախմբելու, միասին մասնագիտական քննարկումներ անելու փոխարեն գերադասում է դեմառդեռ ձեւաչափը, փլուզված տնտեսությունը վերականգնելու մասին խոսելն անգամ դառնում է դատարկ զբաղմունք։
Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ինչի՞ հաշվին էր երկնիշ տնտեսական աճ խոստանում Հ1-ին տված հարցազրույցում, եթե երկրում՝առաջին դեմքի մակարդակով, խախտվում է բիզնեսի փոխգործակցությունը։

Գործարարների հետ հանդիպումից անցել է ավելի քան 10 օր։ Պաշտոնական հաղորդագրությունը չի բացել «ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»-ի փակագծերը։ Իսկ առայժմ միակ ցցուն դրսեւորումն այն է, որ տնտեսական լավատեսության վերականգնման նպատակով հանդիպումից հետո «Մենյու Էյ Էմ»-ի հիմնադիրը դարձավ նախարար։