Մերուժան Տեր-Գուլանյանի բաց նամակը «Հրապարակ»-ի խմբագրին
Սիրելի Արմինե, կարդացի խոսքդ: Շատ եմ ափսոսում, որ մեր օրերի Սողոմոն Թեհլիրյանը ես չեմ, ցավոք նաև Գուրգեն Յանիկյանը չեմ, երևի ինձ մնում է գնդապետ Հովհաննես Մազմանյանի օրինակը, ով Անդրկովկասյան սեյմի հրամանը ստանալով՝ թողնել Կարսը թուրքերին, հրաժարվեց հեռանալ Կարսից և ինքնազինաթափվող հայկական բանակի առջև ինքնասպան եղավ.
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,- հետո գրեց Չարենցը:
Եվ հետաքրքիրն այն է, որ Մազմանյանը բացի Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունից ոչ մի հուշարձան չունեցավ իր հայրենիքում։
Ի՞նչ անեմ հիմա ես, ինքնասպան լինե՞մ, չէ՞ որ հայրենիք ենք կորցնում, թե՞ հուսահատությունը համարեմ համազգային մեղք:
Այսօր նշանավոր Մել Գիբսոնը գրել էր.
- Հայեր, մի հուսահատվեք, Աստված ձեր հետ է:
Սիրելի մեծ դերասան և ռեժիսոր, եթե Աստված մեզ հետ է, ո՞վ է մեր դեմ:
Ցավոք դուք չգիտեք՝ մեր դեմ մեր ներսի Հուդան է, մեր հին թշնամի թուրքը, որը դուրս է Աստծո ծիրից. աշխարհում ազգեր հայրենազրկողը, առաջին ցեղասպանություն գործողը, ներում չխնդրողը ու այսօր ցեղասպանությունը շարունակողը:
Վաղը աշխարհի բոլոր Առաքելական Սուրբ եկեղեցիներում հնչելու է ազգափրկության տագնապի զանգը, որը համոզված եմ, ոտքի է հանելու աշխարհահայությանը:
-Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ օրհնեք նրանց, ովքեր մնացել են Արցախում. հրաշալի Ռուբեն Վարդանյանին, ով արդեն թուրքական բանտում է, օրհնիր Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Վիտալի Բալասանյանին և բոլոր նրանց, ովքեր չլքեցին Արցախը և չեն լքելու:
Այս ձևի մեջ, Սիրելի Արմինե, առայժմ այսքանը:
Մի հուսահատվիր և օգնիր քո հրաշալի թերթի ընթերցողներին չհուսահատվել:
Հարգանքներով` Մերուժան Տեր-Գուլանյան
Կարծիքներ