Ռազմիկ Աբրահամյանը լուրջ սթրե՞ս է տանում

Ռազմիկ Աբրահամյանը լուրջ սթրե՞ս է տանում

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, որը մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրումների գործով, այս օրերին պարբերաբար հաճախում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժին։ Այս մասին վկայում է «Հրապարակի» աղբյուրը։

Աբրահամյանն, ըստ մեր աղբյուրի, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, այդ թվում երիկամներում քարեր։ Այժմ նրա կոլեգաները հիվանդության պատմություն են կազմում Հանրապետական ծննդատան տնօրենի համար, և չի բացառվում, որ այդ բժշկական փաստաթղթերը դատարանում օգտագործվեն որպես մեղմացուցիչ հանգամանք։ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը հաստատեց, որ նա երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ «Այդ հիվանդությունն առաջ էլ կար, բայց հիմա հոգեկան ապրումներից թուլացում է տեղի ունեցել նյարդային համակարգի, լուրջ սթրես է տանում», - ասաց փաստաբանը։

Դուք այս հանգամանքը որպես մեղմացուցիչ օգտագործելո՞ւ եք դատարանում։  Նա պատասխանեց․ «Իհարկե, բժշկական տեղեկանքները օգտագործելու ենք։ Օրենքի պահանջ է դա»։  Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ Ռազմիկ Աբրահամյանը մի քանի օր անցկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի կարդիոռեանիմացիայի բաժանմունքում։ Նա սրտի իշեմիկ հիվանդության սրացում ուներ, և այդ հիմքով դեկտեմբերի 22-ին դատարանը մերժեց Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, որպես խափանման միջոց կիրառելով ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։ Ռազմիկ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու և առևտրային կաշառքի համար։