ԵՄ-Ն որպես ինքնիշխանության խոչընդոտ

ԵՄ-Ն որպես ինքնիշխանության խոչընդոտ

Շուրջ երեք ամսից Վրաստանում վճռվելու է ազգային արժեքների լինել-չլինելու հարցը: Վճռվելու է Աստծո կամ բնության կողմից ստեղծված՝ «կին-տղամարդ» սեռական տարբերակման հարցը: Վճռվելու է, ի վերջո, հայրով ու մայրով նորմալ ընտանիքների կամ ոչ նորմալ՝ «ծնող 1»-ով ու «ծնող 2»-ով ընտանիքների լինելիության հարցը: Սակայն գործող իշխանության դեմ փողոց դուրս եկած ու հոկտեմբերի 26-ին դուրս գալու պատրաստ մարդիկ դա չեն ընկալում: Նրանց ուշադրության կենտրոնում միայն մեկ հարց է՝ վերացնել Եվրամիության անդամ դառնալու ճանապարհի խոչընդոտը՝ ի դեմս այսօր գործող իշխանության: Չէ, այնպես չէ, որ իշխանությունը դեմ է ԵՄ ընդունվելուն, ընդհակառակը, բազմիցս է կրկնել, որ վրաց ժողովուրդն իրեն տեսնում է ԵՄ-ում: Բայց, միաժամանակ, ասվում է, որ դա չպետք է տեղի ունենա երկրի ինքնուրույնության կորստի հաշվին:

Իսկ այն ճնշումը, որ այսօր այդ իշխանությունը զգում է իր վրա Արևմուտքից, խոսում է հենց այդ երևույթի օգտին: Եթե տրամաբանական ավարտի հասցվի այն, կստացվի, որ դեպի ԵՄ ձգտող Վրաստանի ինքնուրույնության խոչընդոտը նույն ԵՄ-ն է՝ գումարած Միացյալ Նահանգները:

Իսկ այդ դեպքում ստացվում է, որ Վրաստանի դեպքում ինքնիշխանության պահպանումը ենթադրում է Արևմուտքի հետ կապերի խզում: Հայաստանի գործող իշխանության ասելով՝ իր դեպքում «հակառակն» է՝ Ռուսաստանի հետ առնչությունների խզում: Ինչպե՞ս է ստացվում, որ վրացական իշխանության կողմից ինքնիշխանության պահպանման ջանքերը հանգեցնում են Եվրամիության անդամակցության գործընթացի կասեցմանը՝ թեկուզ ժամանակավորապես: Դա չի՞ նշանակում արդյոք, որ այդ գործընթացը չի նպաստում ինքնուրույնության պահպանմանը: Եվ եթե տրամաբանորեն մենք նման եզրակացության ենք գալիս, ապա ի՞նչ հիմքով են այստեղի արևմտամետները պնդում, որ ռուսական ազդեցությունը թոթափելու ու դեպի Արևմուտք շրջվելու դեպքում մենք կբարձրացնենք մեր երկրի ինքնիշխանությունը: Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր, որ երկու հարևան պետությունների դեպքում միևնույն երևույթը երկու տարբեր ազդեցություն է թողնում: Այդպես լինել ուղղակի չի կարող, ինչը նշանակում է, որ կողմերից մեկը կորցրել է կողմնորոշումը:

Իմանալու համար, թե որ կողմն է կորցրել կողմնորոշումը՝ երկար մտորելու կարիքը չկա. այն ակնհայտ է: Որովհետև Վրաստանի դեպքում առկա է օբյեկտիվ իրողությունը, իսկ մեր դեպքում՝ միայն ենթադրությունը: Իսկ օբյեկտիվ իրողությունն այն է, որ ընդամենը 2,5 տարի առաջ ԵՄ մուտք գործելու հերթագայության մեջ Վրաստանը զբաղեցնում էր հենց առաջին հորիզոնականը: Իսկ այդ ժամանակ հետխորհրդային երկրների շարքում հերթի մեջ էին՝ Վրաստանից բացի Ուկրաինան ու Մոլդովան: Հայաստանի մասին ընդհանրապես խոսք չէր գնում: Անկեղծ լինելու դեպքում պետք է ընդունենք, որ հիմա էլ չի գնում: Եվ մի քանի տասնյակ հկականների (նախորդ բառը ընդունված է գրել «ՀԿ-ական» ձևով, բայց կարծում եմ, որ «հկական» տարբերակը հայերենի ուղղագրությանն ավելի մոտ  է. ինչպես, օրինակ, «եհովական» ձևը) ու մարդ-կուսակցականների ցանկությունն այդ առումով իրենից ոչինչ չի ներկայացնում: Կամ, «ռուսահայերենով» ասված, «ասնավանի» չէ:

Ինչևէ, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը սկսվեց փոխվել 2022 թվականի ուկրաինական պատերազմով պայմանավորված: Ուկրաինայի իշխանությունը բազմիցս պահանջել է, որպեսզի Վրաստանը բացի երկրորդ ճակատ, սակայն այդ երկրի գործող իշխանությունն այնքան խելացի է, որ հանուն «ժողովրդավարության արևելյան դարպասի»՝ ինչպես ինքն իրեն ներկայացնում է Ուկրաինան, հարվածի տակ չդրեց Վրաստանը: Դրա փոխարեն սկզբնական շրջանում աջակցեց վրացիներով համալրված կամավորականների մեծ ջոկատի մասնակցությունը պատերազմին: Որքան հիշում եմ՝ ռուսական տելեգրամյան ալիքներում խոսվում էր 500 կամավորից բաղկացած ջոկատի մասին: Ինչևէ, պատերազմի ձգձգման հետևանքով վրացական ջոկատը բավական կորուստներ ունեցավ՝ այդ թվում գերիների տեսքով, ու, ըստ նույն աղբյուրների, Վրաստանում այդ տղաների հերոսականության «փառքը» խամրեց: Գործը հասավ նրան, որ որպես հերոսներ Ուկրաինա գնացած երիտասարդներից ետ վերադարձածներին իշխանությունն արդեն ընկալում էր որպես անվտանգային խնդիրներ գեներացնող:

Այդ երևույթին գումարվեց արտասահմանից (հիմնականում Արևմուտքից) ֆինանսավորվող կառույցների (այսպես կոչված գործակալների) թափանցիկության պահանջի վերաբերյալ օրենքի ընդունումը, ինչը դարձավ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության վերջնական գործոնը: Եվ հենց միայն այն, որ այդ օրենքի չեղարկման համար կիրառվեց սահմանադրական ողջ գործիքակազմը, վկայեց, որ, ի տարբերություն Հայաստանի, ժողովրդավարությունը մեր հարևան երկրում ընդամենը քարոզչական խոսք չէ: