Նպատակահարմար ենք գտել, որ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» խոսքով. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Ալեն Սիմոնյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են փոխել օրհներգը, սակայն փաստացի այն փոփոխության չի ենթարկվելու, ընդամենը քառատողերի տեղերն են փոխվելու։
Պատգամավորներն առաջարկում են՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի» քառատողը տեղափոխել` բերել մեջտեղ, իսկ
«Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան» քառատողը կիջնի ներքեւ։
Մենք կապվեցինք ԱԺ պատգամավոր, այս փոփոխության համահեղինակ Սիսակ Գաբրիելյանի հետ: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս տեղափոխության իմաստն այն է, որ օրհներգն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, այլ ոչ թե մահով։
«Նպատակահարմար ենք գտել, որ օրհներգը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» խոսքով, բացի այդ մինչև այժմ չկար պաշտոնական հրապարակված տարբերակ, ով ոնց ուզում էր` կատարում էր՝ մի տեղ արագ, մի տեղ դանդաղ, մի տեղ վոկալով, մի տեղ առանց։ Գտնում ենք, որ ճիշտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը սկսվի և ավարտվի Հայաստանի մասին խոսքերով»,-բացատրեց օրենքի համահեղինակը։
Ինչո՞ւ հաշտ չեք այն մտքի հետ, որ ավարտվի հետեյալ տողով՝ «Բայց երանի որ յուր ազգի ազատության կզոհվի», այսինքն՝ հանուն հայրենիքի ազատության զոհվելու գաղափարի հետ ինչո՞ւ հաշտ չեք, չէ՞ որ հայրենիքը վեհ հասկացողություն է, իսկ նրա համար զոհվելը` հերոսություն։ Այս հարցին հարցով է պատասխանում Սիսակ Գաբրիելյանը․ «Իսկ ինչո՞ւ հաշտ չեք այն մտքի հետ, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով»։
Հավելենք նաեւ, որ նախագծով առաջարկվում է օրհներգի կատարումն իրականացնել բացառապես կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված տարբերակին համապատասխան։ Նախագծի ընդունման դեպքում օրհներգը օրենքով նախատեսված առանձին դեպքերում Կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան:
«Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է»,- գրել է խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանի՝ օրհներգը փոխելու միտքը մեծ աղմուկ էր առաջացրել, այն ընկալվեց որպես «հերթական դավաճանությունը հայրենիքի նկատմամբ»։
Փաստացի ՔՊ-ականները օրհներգը փոխելու մտքից չեն հրաժարվել, բայց հիմնովին փոխել էլ վախենում են եւ գտել են կոմպրոմիսային լուծում, որը հայրենիքի ազատության համար զոհվելու գաղափարը մի փոքր ստվերում թողնելն է։ Գուցե սա առաջին փուլն է, հաջորդ փուլում ավելի «համարձակ» կլինեն եւ ամբողջությամբ կփոխեն օրհներգը։
Կարծիքներ