Ես հավատում եմ այս վարկածին

Ես հավատում եմ այս վարկածին

Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցու մահվանից հետո 897 թ․ կաթողիկոս է ընտրվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աստվածաբաններից մեկը՝ Մաշտոց Եղիվարդեցին։ Վերջինս գրեթե ամբողջ կյանքում զբաղվել է ուսուցչությամբ և ճգնել Սևանի Ս․ Առաքելոց վաքում։

Ցավոք սրտի նորընտիր կաթողիկոսի պաշտոնավարումը չափազանց կարճ է տևում, ընդամենը 7 ամիս, քանի որ 898 թ․-ին նա մահանում է։ Որոշ հետազոտողների կարծիքով Մաշտոց Եղիվարդեցու մահվան պատճառը ոչ միայն տարիքն էր, այլ՝ նաև կյանքի պայմանների փոփոխությունը։ Ողջ կյանքը վանքի պատերի ներսում ճգնող աստվածաբանը չի դիմացել արքունիքի ցոփ ու շվայտ կյանքին, սննդին, աղմուկին և չընդհատվող իրարանցմանը։

Ես հավատում եմ այս վարկածին, քանի որ իսկապես մարմինը կարող էր և ֆիզիկապես չդիմանալ այդ փոփոխությանը, ինչպես որ միտքը հաճախ չի դիմանում ու մարդիկ հիմարանում են։ Վերջին ձևակերպումը համահունչ է հատկապես մեր օրերին։ Երևույթի մասին մենք բազմիցս կարդացել էինք պատմական աշխատություններում, բայց չէինք տեսել։ Իսկ հիմա հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչպես է արքունական կյանքը հիմարացնում որոշ մարդկանց և մարդկային տեսանկյունից ոչնչացնում։