ԿԱ՛Մ ՀԵՐՈՍ, ԿԱ՛Մ ԴԱՎԱՃԱՆ

ԿԱ՛Մ ՀԵՐՈՍ, ԿԱ՛Մ ԴԱՎԱՃԱՆ

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակումից՝ 2018թ. մայիսի 10-ից արդեն մի քանի ամիս անց ներհայաստանյան աղմկահարույց բացահայտումների դափնեպսակը կրող Արթուր Վանեցյանի 2019թ. սեպտեմբերի 16-ի հրաժարականն ուղեկցվեց ոչ միայն տարակուսանքով, այլեւ ցնծությամբ ու ափսոսանքով միաժամանակ: Ընդամենը մեկուկես տարի առաջվա հեղափոխության նոր հերոսի փառազրկումը նույնքան արագընթաց էր, որքան նրա վերելքը հետհեղափոխական Հայաստանում: Հայկական միջավայրն ինչպես նրան հերոսացրեց, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ վայր իջեցրեց հերոսի պատվանդանից: 

Այդպես միշտ է եղել հայկական միջավայրում, ուր հասարակական-քաղաքական ընկալումները եւ մտածողությունը փոփոխությունների գրեթե չեն ենթարկվում. դրանք ձեւավորվում են զգայական հողի վրա, ոռոգվում՝ հուզառատ աղբյուրներից, սնվում՝ սիրո եւ ատելության կենսանյութերով: Հիմնականում զուրկ սառը եւ սթափ դատողություններից, շրջահայացության նվազ պաշարով՝ հայ ժողովուրդն իր քաղաքական առաջնորդներին ընդունում է սիրո օվսաննաներով եւ հեռացնում ատելության աղաղակներով: 3000 տարի հայ ժողովրդի հավաքական հանրային ընկալումները գրեթե անփոփոխ են մնացել՝ առաջնորդներին հերոսացնելիս, հերոսներին փառազրկելիս, կուռքեր ստեղծելիս:

Իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ հայ մտավորականությունը ոչ միայն չի առաջարկում հանրային ընկալումների փոփոխությունների նոր ուղիներ եւ գաղափարներ, այլեւ կա՛մ ավելի է խորացնում պարզունակ ընկալումները, կա՛մ կրավորական կեցվածք ընդունելով՝ դառնում դրանց գերին: Նաեւ այդ պատճառով է հայոց համազգային ոգեւորությանը միշտ հաջորդում զանգվածային հուսալքությունը՝ հավերժական արտագաղթով եւ հույսերի կողոպուտով: 

«Հայ հասարակությունը կինն է»,- տարիներ առաջ պնդում էր ոչ անհայտ Ահարոն Ադիբեկյանը՝ այդ արտահայտության մեջ ներդնելով կնոջ կերպարի բացասական ընկալումը եւ զգացականությամբ որոշումներ կայացնելու ավանդույթը: 

Հայկական միջավայրի զգացական եւ պարզունակ ընկալումների համաձայն են կերտվում նաեւ նրա հասարակական, քաղաքական, ռազմական առաջնորդները, որոնք նախ հանրայնորեն սրբադասվում են, ապա՝ գանահարվում: Փրկիչներ փնտրելու, մարգարեներին վանելու, առաջնորդներից Աստվածներ կերտելու, ապա նրանց գանակոծելու հայկական սովորույթը դարերի ընթացքում վերածվել է ազգային բնավորության, նաեւ այդ պատճառով հայոց պատմության բոլոր ճակատագրական դեպքերն անվերջ կրկվում են՝ պատմության կեռմաններում կերտելով կեղծ հերոսներ եւ փառազրկելով կամ մոռացության մատնելով իրական հերոսներին:
Թեպետ հանուն ճշմարտության պետք է ասել, որ հայոց պատմության ճակատագրական ձախողումների պատճառը հաճախ հենց առաջնորդներն են եղել՝ տոգորված փառասիրությամբ, անսխալականությամբ, անհանդուրժողականությամբ: Հայ ժողովրդի իսկական հերոսները միշտ էլ նվազ հանրային աջակցություն են ունեցել:

Թվում էր, թե Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, առավելապես՝ ղարաբաղյան Շարժմամբ, հայ ժողովրդի մտածողության ընկալումները եւ նրա առաջնորդների վարքագիծը կփոխվեն: Մանավանդ որ, Շարժման առաջ բերած արժեքներն ու սկզբունքները կերտում էին նոր հասարակություն եւ մտածողություն՝ վեր հանելով ազգային բնավորության լավագույն հատկությունները: Շարժման եւ անկախության առաջին տարիները հանրության վերափոխման ժամանակաշրջան էին, ինչի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթեց ղարաբաղյան պատերազմում: 

Սակայն ներհայաստանյան քաղաքական փոթորիկների ընթացքում եւ քաղաքական առաջնորդների սխալների հետեւանքով հանրային ընկալումների եւ ազգային հավաքական մտածողության փոփոխությունների սերմերը չարմատակալեցին եւ ցրվեցին: Շարժման առաջնորդներն ինչպես հերոսացան, այնպես էլ դավաճան հռչակվեցին: Հերոսի եւ դավաճանի այս ողբերգական հերթագայությունը գրեթե անխուսափելի էր, մի կողմից՝ հանրության հույսերի փոշիացման, սպասումների ձախողման, մյուս կողմից՝ քաղաքական առաջնորդների փոխակերպումների պատճառով: Շարժման առաջնորդները հենց կենդանության օրոք վերածվեցին քավության նոխազի, ատելության եւ նզովքի թիրախի, դեպի ուր ուղղվում էին հանրային մեղադրանքների նետերը: Նման վարքագծի մեղքը որքան հանրությանն էր, նույնքան էլ՝ առաջնորդներինը: Անկախ Հայաստանի հիմնադիր հայրերն իրենք հեռացան անկախության ակունքներից եւ Շարժման արժեքներից: ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչպես երկինք բարձրացվեց, այնպես էլ վայր բերվեց, երբ իրատեսության փոխարեն առաջնորդվեց պարտվողականութամբ, ժողովրդավարության հաստատման փոխարեն՝ կանգնեց ընտրություններ կեղծելու վտանգավոր ճանապարհի վրա: Տեր-Պետրոսյանն իշխանության եկավ օվսաննաներով եւ իշխանությունից հեռացավ համընդհանուր լռության պայմաններում: 2008թ. քաղաքականություն վերադարձած Տեր-Պետրոսյանն այլեւս նույնը չէր, նա ընդամենը հնարավորություն էր ազատվելու Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ստեղծած ավազակապետությունից: 

1996թ. ընդդիմության միացյալ առաջնորդ Վազգեն Մանուկյանին հանրությունը չներեց նրա անվճռականության համար՝ նրան ընդմիշտ զրկելով ընդդիմության պատվաբեր տիտղոսից: Հետագայում Վ. Մանուկյանը դավաճանեց իր իսկ քաղաքական ճանապարհին եւ գաղափարներին՝ հեռանալով անկախության եւ ժողովրդավարության արժեքներից: 

Այդպես գահին բարձրացվեցին եւ այնտեղից վայր բերվեցին ընդդիմության այլ առաջնորդներ եւս, որոնք նույնպես չարդարացրեցին հանրության սպասումները: 
Առաջնորդների ինքնափառազրկման այս հարահոսում Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանն ընդամենն ինքնահռչակյալ առաջնորդներ էին, որ բռնազավթելով իշխանությունը՝ կառավարում էին հանրության անթաքույց ատելության պայմաններում: 

Եվ պարզ դարձավ, որ Հայաստանի անկախության երեք տասնամյակների ընթացքում սիրո եւ ատելության, հույզերի գերիշխանության, հերոսության եւ դավաճանության հանրային ընկալումները չեն փոխվել:
Հայկական «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հայ հանրության վերջին երկուսուկես տասնամյակում ամբարած հույսերի թեւերին նստած, կուտակած ատելությունը եւ կառավարման աղետից ազատվելու ձգտումը փայփայած հանրության սպասումներով:
Նիկոլն իշխանության եկավ՝ չկրկնելով ընդդիմության նախորդ առաջնորդների քաղաքական սխալները՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այն, ինչ տասնամյակներ շարունակ ձախողել էին նրանք՝ վհատության դատապարտելով հանրությանը, Փաշինյանն իրականացրեց երկշաբաթյա հեղափոխությամբ: Անկախ 2018թ. հեղափոխության կայծակնային եւ առեղծվածային բնույթից, անկախ Փաշինյանի հնարավոր պայմանավորվածություններից, հեղափոխությունը ցրեց վհատության սեւ ամպերը՝ ազդարարելով քաղաքական զարթոնքի՝ Նոր Հայաստանի սկիզբը: 

Հեղափոխությունից հետո Նոր Հայաստանի քաղաքական օրակարգում երկու խնդիր նախեւառաջ պետք է լուծվեր՝ արդարության, արդարադատության, օրինականության հաստատումը եւ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Նիկոլ Փաշինյանը ձախողեց երկուսն էլ: Եվ անգամ նրա լավագույն նպատակների իրականացումն իմաստազրկվեց՝ ազատ ընտրություններով անազատ խորհրդարան ձեւավորելիս, կոռուպցիայի դեմ պայքարելիս՝ պետական բյուջեն վատնելով, կադրային հեղափոխություն իրականացնելիս՝ անհեռանկար կադրեր ընտրելով: 

Նիկոլն իշխանության եկավ որպես հերոս, սակայն հայկական միջավայրում հերոսից մինչեւ դավաճան ճանապարհը երկար չէ: Կորցնելով հանրային աջակցությունը՝ Փաշինյանը դառնալու է քավության նոխազ եւ մերժման թիրախ:

Թե՛ հանրությունը, թե՛ Փաշինյանն ինքը Նիկոլին երկու ճանապարհ են թողել՝ կա՛մ հերոս, կա՛մ դավաճան: Հուզականությամբ ապրող հանրության մեջ երրորդ ճանապարհ չկա:

Հերոս մնալու Փաշինյանի ճանապարհն անցնում է կարեւոր քաղաքական փոփոխությունների՝ նոր Սահմանադրության ընդունման եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների միջով: Թեպետ երկուսն էլ նրա իշխանության ավարտը կարող են գուժել, սակայն իրական Նոր Հայաստանի կայացման ավետաբերը կդառնան:
Հերոսների քաղաքական կյանքը, որպես կանոն, երկար չի տեւում։ Ներհայաստանյան զարգացումներն ավելիով ապացուցել են, որ հերոսների փառազրկումը սկսվում է այն պահից, երբ նրանք բախվում են իշխանության փորձությանը եւ արբենում են փառքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղին հարթ չի լինելու, ինչպես հարթ չի եղել նրա նախորդներինը, ինչպես հարթ չի լինելու նրա հաջորդներինը: Նա կհեռանա կա՛մ որպես հերոս, կա՛մ որպես դավաճան: