Ինչքան էլ արեւը դուրս է կանչում` մնացեք տանը

Ինչքան էլ արեւը դուրս է կանչում` մնացեք տանը

Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, սիրված դերասան Աշոտ Եդիգարյանը նույնպես տանն է անցկացնում, ասում է` տանը նստած իր նոր դերի վրա է աշխատում, փոքրիկ հումորային պատմություններ գրում. «Շատ քիչ եմ դուրս գալիս, հիմնականում տանն եմ, բոլորին էլ խորհուրդ կտամ լինել զգույշ եւ հնարավորինս պաշտպանվել, որովհետեւ գնալով ավելանում է վարակակիրների թիվը»:  

Դերասանն ընդգծում է` պետք է ուժեղ լինել եւ խուճապի չենթարկվել. «Ի պատիվ մեր ժողովրդի խուճապ չկա, որովհետեւ խուճապից ավելի վատ բան չկա, հուսանք, որ օր- օրի կնվազի այդ թվերը, քանի որ պետությունն ամեն ինչ անում է, զգուշացնում է ժողովրդին, դե մենք էլ ականջալուր պետք է լինենք առողջապահության նախարարության խորհուրդներին: Ես էլ իմ հերթին խորհուրդ կտամ բոլորին, որ աշխատանքը տանից անեն եւ քիչ դուրս գան փողոց, շփումը պակասեցնեն: Թեպետ հիմա խստացրեցին եւ սրճարաններն էլ այսօրվանից փակեցին, բայց արեւը դուրս է կանչում մարդկանց, շատերն էլ թերահավատորեն են նայում այս հարցին, ինչը շատ սխալ է: Պետք է լուրջ վերաբերվել, մնալ տանը, հետեւել կանոններին ու պաշտպանվել»: