Փաստագրել փախստականների վկայությունները՝ միջազգային դատարաններում իրավական հիմք ունենալու համար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է արցախահայության բանավոր պատմությունների, վկայությունների արձանագրում։ «Արցախից եկած մեր հայրենակիցների շրջանում իրականացնում ենք հարցազրույցներ, խնդրում ենք ներկայացնել հատկապես իրենց կյանքի վերջին շրջանը՝ կյանքն Արցախում բլոկադայի ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ բռնատեղահանության շրջանն ու ընթացքը»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի հայության բռնաճնշումների բաժնի գիտաշխատող (պ. գ. թ.) Գայանե Հովհաննիսյանը։
Ի տարբերություն Բաքվի կամ սուգայիթյան ջարդերի, երբ մարդիկ, բառի բուն իմաստով, մազապուրծ փախել էին՝ առանց որեւէ փաստաթղթի, Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո արցախահայության մի մասը հասցրել էր իր հետ վերցնել որոշ փաստաթղթեր, որոնք հետո կարող են համալրել այն ապացուցողական բազան, որը հետագայում թույլ կտա իրավական հարթակում, փախստականների իրավունքների հարցում Ադրբեջանին որոշակի պահանջներ ներկայացնել։ Արդյո՞ք այդպես է։
«Այո, իրականում, երբ 88-90-ական թվականներից սկսվեց Ադրբեջանից հայ փախստականների առաջին ներհոսքը, փախստականների հարցերով զբաղվող պետական մարմիններ ձեւավորվեցին հընթացս, այսինքն՝ փախստականների ներհոսքին զուգահեռ։ Այդ ժամանակ փախստականների վիճակը շատ ծանր էր՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, աղքատության բարձր մակարդակով եւ այլն։ Ու դրա հետեւանքով Հայաստանում հաստատված փախստականների մեծամասնությունը դուրս էր եկել Հայաստանից, նաեւ՝ հետագա տարիներին, ու մենք արդեն ուսումնասիրության համար խնդիր ունեինք։ Սակայն, եթե անդրադառնանք ներկա ժամանակաշրջանին, պետք է նշել, որ առաջին հերթին անհրաժեշտ է պարտադիր կերպով փաստագրել փախստականների պատմությունները, բանավոր վկայությունները, որոնք կարող են օգտագործվել մի շարք հարթակներում, ինչպես, օրինակ, գիտական, կրթական, իսկ հետագայում՝ նաեւ իրավական ու իրավաբանական առումով»։
Հարցին՝ արցախահայության քանի՞ տոկոսն է Արցախից բռնի տեղահանման ժամանակ իր հետ վերցրել իր գույքի, սեփականության վկայականները, սա իրավական առումով բավարա՞ր հիմք է՝ հետագայում միջազգային դատարաններում Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու եւ ոչ միայն դրա համար, Գ․ Հովհաննիսյանը նկատում է․ «Ցավոք, բոլորը չէ, որ բերել են, քանի որ խուճապը շատ է եղել բռնատեղահանության շրջանում, եւ եղել են մարդիկ, որ չեն հասցրել իրենց հագուստը վերցնել, ուր մնաց՝ փաստաթղթերը։ Սակայն կան նաեւ այնպիսիները, որոնք ունեն իրենց փաստաթղթերը, եւ դրանք հետագայում կարող են հիմք հանդիսանալ հայկական կողմի համար՝ միջազգային իրավական ատյաններում փախստականների ունեցվածքային կորուստների եւ ընդհանրապես իրենց իրավունքների հարցը բարձրաձայնելու համար»։
Որքանո՞վ է դա ռեալ, թե՛ 1918-ից, թե՛ 1988-ից հետո եղե՞լ են նախադեպեր, որոնք հաջողել են։ «Եթե խոսենք 90-ականների փախստականների մասին, պետք է ասենք, որ միջազգային դատական գործընթացներ չեն եղել։ Մի քանի տարի առաջ եղան հայտարարություններ, որ կրկին պետք է կատարվի հաշվառում՝ ունեցվածքային կորուստների գնահատում, ու իրավական գործընթաց սկսվի, բայց հիմա տեղեկություն չունեմ՝ արդյոք այդ գործընթացն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։ Փաստացի, 90-ականների փախստականների մասով նման օրինակ չունենք, բայց դա չի նշանակում, որ այս պարագայում չենք կարող ներկայացնել։ Կարծում եմ, որ ճիշտ կազմակերպման, իրենց բանավոր պատմությունների, վկայությունների փաստագրման դեպքում դա լիովին հնարավոր է»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ այդ բանավոր վկայությունները, միանշանակ, կարող են իրավական հիմք հանդիսանալ միջազգային դատարաններում, իսկ եթե նաեւ փաստաթղթավորված լինեն, հիմքերն ավելի ամուր կլինեն։ Թե մեր հայրենակիցներն իրենց նոր կարգավիճակի եւ իրավունքների մասին որքանով են տեղեկացված, Գ․ Հովհաննիսյանը դժվարանում է ասել, բայց փաստ է, որ շատ կարեւոր է փախստականների շրջանում տեղեկատվական գործընթացներ ծավալելը։
«Բանավոր պատմությունների հավաքագրման, փախստականների խնդիրը մենք ուսումնասիրում ենք հենց այդ նպատակով, որ հետագայում դրանք հիմք հանդիսանան Հայաստանի համար՝ միջազգային դատարաններում հայցեր ներկայացնելու։ Թե որքանով պետությունը դա կօգտագործի կամ չի օգտագործի, դժվար է ասել»,- ընդգծում է Գ․ Հովհաննիսյանն ու նկատում, որ շուրջ 2 տարի է՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում ձեւավորվել է խումբ, որն ուսումնասիրում է ադրբեջանական ու թուրքական հայատյացության դրսեւորումները՝ միաժամանակ «ներկայացնելով նաեւ պատմական համատեքստը մինչեւ մեր օրերը։ Դա առանձին հետազոտության նյութ ենք դարձրել՝ հաշվի առնելով հատկապես վերջին մի քանի տասնամյակներում Ադրբեջանի իրագործած հայատյաց քաղաքականությունը»։
Կարծիքներ