Մեզ պատժում են ազատ խոսքի իրավունքի համար

Մեզ պատժում են ազատ խոսքի իրավունքի համար

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ընդդիմադիր քաղաքական ակտիվություն դրսեւորած դասախոսները կա՛մ դասավանդման ժամերից են զրկվում, կա՛մ կրճատվում են, կա՛մ նրանց հետ պայմանագրերը չեն երկարացվում։ ԵՊՀ-ում շուրջ 24 տարի դասավանդելուց հետո պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանն այս ամռանը տեղեկացել է, որ այլեւս դասախոսի կարգավիճակով բուհ չի կարող մտնել` նրա դասավանդած առարկայի անունը փոխել են եւ հայտարարել, որ իր առարկան այլեւս ներառված չէ ուսումնական պլանում, ուստի ինքը միայն մի փոքր ասպիրանտական կուրսի է դասավանդելու այսուհետ։ 1993-ից, ասում է, ճակատագրով անվերադարձ կապված է մայր բուհին, շեշտում է՝ ինչ-որ մեկի ցանկությամբ կամ քաղաքական որոշումներով չպետք է ԵՊՀ-ում դասախոսներ կրճատվեն։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Գալստյանը նշում է՝ իրավական ճանապարհով սեփական իրավունքների վերականգնումը մտնում է իր պլանների մեջ։ 

«Սա կամայական որոշում է, մեր պայքարի խնդիրը ոչ թե սեփական անձնական հարցերը բարձրաձայնելն է, այլ համալսարանին իր առաքելությունը վերադարձնելը։ Համալսարաններն ակադեմիական ազատությունների դարբնոցներ են, որոտեղ պետք է հարցերը քննարկվեն աշխատանքային, գործընկերային մթնոլորտում։ Ոչ ոք իրավունք չունի կամայական, իր քիմքին հարիր որոշումներ կայացնել»,- ասաց նա։

Գալստյանը ԵՊՀ-ում «Քաղաքագիտության հիմունքներ» առարկան է դասավանդել։ Այս տարվանից առարկան անվանափոխել են՝ «Քաղաքագիտության տեսություն եւ արդիականություն» անունն են տվել եւ առարկայի դասավանդումը հանձնել են այլ մասնագետի։ Գալստյանը չի կիսում այս իշխանության քաղաքականությունը, միշտ հանդես է գալիս ընդդիմադիր խոսքով ու գործունեությամբ։ «Հնարավո՞ր է, որ իրեն բուհից դուրս են թողել քաղաքական դրդապատճառներով» հարցին ի պատասխան ասում է․ «Մոռանանք քաղաքական ենթատեքստը, փորձենք գտնել այլ պատճառներ։ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է գործատու եւ աշխատող իրավահարաբերությունները, եթե մեզ թույլ տված լինեինք աշխատանքային օրենսգրքի խախտումներ, ավելի հեշտ կլիներ մեզ հեռացնել աշխատանքից։ Որեւէ ռացիոնալ խոսք, հոդաբաշխ բացատրություն մինչ այս պահը մենք չենք լսել որեւէ իրավասու մարմնից՝ սկսած ամբիոնի վարիչից, վերջացրած ռեկտորով։ Մնում է ենթադրել, որ պատճառը քաղաքական խտրականությունն է, այլ բացատրություն ես չգիտեմ»։

Ինչո՞ւ դասախոսական անձնակազմն այնքան միահամուռ չէ, որ կարողանա հաղթահարել այս իշխանությունների՝ մայր բուհում ստեղծած պատնեշները։ Գալստյանը նկատում է՝ պետական համալսարանում դասավանդում են իր հազարավոր կոլեգաները, բայց քչերն են պայքարում խախտված իրավունքների վերականգնման համար։ 
«Ինձ համար այս պայքարում ընդվզելու մոտիվացիան այն է, որ չհամակերպվենք, հալած յուղի պես չընդունենք, որ ամեն տեղից եկածը որոշի մարդկանց ճակատագրերը։ Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա դա ազատ խոսքի իրավունքն է, փաստացի մեզ պատժում են ազատ խոսքի իրավունքի համար։ Գործում են մթության քողի տակ, որեւէ մեկի կարծիքը հաշվի չառնելով՝ կրճատում են առարկաներ»,-ասաց նա։

Արդյո՞ք ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միանձնյա որոշման արդյունք են, թե՞, օրինակ, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի մատն էլ է խառը՝ հետաքրքրվեցինք Գալստյանից։ «Այդպիսի փաստ չունեմ։ Համալսարանում շարունակում են գործել այնպիսի ֆակուլտետներ եւ ամբիոններ, որոնց ղեկավարությանը՝ իմ կողմից փառք ու պատիվ, օրինակ, արեւելագիտության ֆակուլտետը։ Իսկ, օրինակ, մեր՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ամբիոնի վարիչ, դեկանով են այս հարցերը լուծվում, քանի որ համալսարանի ղեկավարությունը որքան էլ վերեւից ճնշի, մեր ծանրաբեռնվածությունը կազմվում է ամբիոններում։ Եթե ամբիոնի ղեկավարն իր գործին տիրապետում է, բարոյականության սահմանները, աշխատանքային հարաբերությունները պահում է, վերեւից ճնշումներն այդքան ազդել չեն կարող։ Մայիս ամսին ֆակուլտետի դեկանն ինձ մեղադրել է լսարանում քաղաքական քարոզչությամբ զբաղվելու համար, այն դեպքում, երբ ես մայիս ամսին լսարան չեմ մտնում։ Մերկապարանոց մեղադրանքներ»,- նշեց նա։

Գալստյանն ասաց, որ խոսակցություն է ունեցել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ «Ռեկտորի հետ խոսակցություն եղել է, ասել է՝ աստծո սիրուն, դա ամբիոնի խնդիրն է։ Օգտվելով առիթից՝ իմ երախտիքի խոսքերն եմ ասում այն ամբիոնի վարիչներին, որոնք դեռ դիմանում են ճնշումներին եւ իրենց դասախոսների ծանրաբեռնվածությունը, չնայած ընդդիմադիր գործունեությանը, ապահովել են, եւ ամոթ ու պարսավանք այն դեկաններին ու վարիչներին, որոնք կուլ են գնում ճնշումներին կամ սիրահոժար փորձում են արջի ծառայություն մատուցել»,- ասաց Գալստյանը։