Նախարարությունը դադար է վերցրել

Նախարարությունը դադար է վերցրել

Մինչ ՍԴ-ում քննվում է բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի վերաբերյալ կառավարության որոշման սահմանադրականության հարցը, ԿԳՄՍՆ-ն օրեր առաջ սկսեց գործընթացը․ Երեւանի պետական համալսարանից պահանջեց ներկայացնել իր թեկնածուներին՝ խորհրդի ձեւավորման համար։ ԵՊՀ մի շարք դեկաններ եւ տնօրեններ նամակ-հայտարարություն տարածեցին՝ հրաժարվելով մասնակցել ՍԴ-ում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացին:

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թե՛ ուսանողական, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը մերժել է եւ կառավարման խորհրդի անդամության թեկնածու չի ներկայացրել, միայն ֆիզիկայի ֆակուլտետի կողմից է առաջադրում եղել՝ ֆակուլտետի գիտխորհուրդն առաջադրել էր նախկին դեկանին, որը, ինչպես հետո է պարզվել, տեղյակ չի եղել իր առաջադրման մասին։ Ըստ այդմ, ԵՊՀ-ից որեւէ առաջադրում չի գրանցվել ու ներկայացվել ԿԳՄՍՆ։ 

Թեեւ առանց ԵՊՀ-ի էլ, լիազոր մարմինը՝ իր 13 հոգանոց կազմով, հնարավորություն ունի խորհուրդ ձեւավորելու, բայց, ինչպես նկատում է Սողոմոնյանը, «պաուզա են տվել»։ «Կառավարության կողմից ընդունված անօրինական որոշման համաձայն՝ կարող են ընթացք տալ գործընթացին, բայց այդ որոշումը միաժամանակ վիճարկվում է Սահմանադրական դատարանում՝ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, այսինքն՝ իրենք էլի կարող են շարունակել ապօրինի գործողություններ անել, բայց ոնց հասկանում եմ, այս պահին դադար են վերցրել եւ մինչեւ վերջ չեն տանում, չնայած ոչ մի բան չես կարող բացառել, կարող են հենց այսօր էլ գործընթացը վերսկսել, ոչ մի ռացիոնալ բան նրանց գործողություններում չկա»,- ասում է Մ․ Սողոմոնյանն ու նշում, որ ցանկացած դեպքում իրենք տեղյակ կլինեին, եթե ցուցակ կամ առաջադրված մարդիկ լինեին։   

Հիշեցնենք, որ կառավարությունը մայիսի 4-ի նիստում բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի մեջ փոփոխություն անելու որոշում ընդունեց, համաձայն որի՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դառնում է 20, ըստ այդմ՝ կառավարությունն ապահովում է 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարությունը՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը՝ 2 (10%), ուսանողական համակազմը՝ 5 անդամ (25%)։ Իսկ նման համամասնությամբ կառավարության որոշումը հարվածի տակ է դնում բուհերի ինքնավարությունը։