Ո՞վ է հոգում արցախցիների ծախսերը. նախարարությունը միայն տվյալներ է լրացրել

Ո՞վ է հոգում արցախցիների ծախսերը. նախարարությունը միայն տվյալներ է լրացրել

Արցախից Հայաստան եկածների մեծ մասն ապաստանել է Երեւանում, նրանք հիմնականում կանայք են, երեխաներ եւ ծերեր։ Մի մասին իրենց հարկի տակ են ընդունել հյուրանոցային համալիրները։ Մենք մի քանի անգամ արդեն զրուցել ենք արցախցիների հետ, որոնք պատմել են իրենց ապրումների, այստեղ հայտնվելու, ինչպես նաեւ անելիքների մասին։
Այս անգամ «Հրապարակ»-ն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են նրանք այստեղ ապրում, ինչ միջոցներով։ Մեր հարցերին պատասխանել է «Սիթի հոթել» հյուրանոցի մենեջեր Գայանե Պետրոսյանը։

- Քանի՞ արցախցի ընտանիք է այստեղ բնակվում։

- Ընդհանուր 36 հոգի են, մոտավոր՝ 4-5 ընտանիք։

- Նրանց կենցաղային հարցերի, սննդի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է լուծվում։

- Հյուրանոցն է լուծում այդ հարցերը եւ կամավորական խմբերը, օրինակ՝ տիկնիկայինից ենք սնունդ վերցնում, ու էլի լինում է, որ դիմում ենք մեր ընկերներին, թեկուզ մեր միջոցներով՝ կազմակերպում ենք այդ հարցերը։ Այստեղ խոհարար ունենք, սնունդն ինքն է պատրաստում։

- Պետությունից որեւէ օժանդակություն ստացե՞լ եք։

- Այս պահին՝ դեռեւս ոչ, բայց խոսակցություններ կան, որ պետք է արդեն կոմունալ ծախսերը մուծվեն։ 36 մարդ օգտագործում է հոսանք, ջուր, գազ։ Դիմել ենք արդեն, բայց դեռ հստակ ընթացակարգ չկա, թե ինչպես է լինելու փոխհատուցումը։

- Բոլոր սենյակները զբաղեցվա՞ծ են։

- Այո, եթե սովորական ժամանակ 20-ից ավելի մարդ չէինք ընդունում, հիմա ստիպված ենք 36 հոգու հյուրանոցում պահել, որովհետեւ պարզապես ուրիշ տեղ չկա։

- Խնդիրներ եղե՞լ են եկածների հետ, դժգոհություններ։

- Չէ, բոլորն էլ գոհ են, մենք անձնական ոչ մի խնդիր չունենք։ Բոլոր իրենց ցանկություններն ու խնդիրները տեղում լուծվում են։ Նույնիսկ երեխաներին ենք դպրոցում տեղավորել, միջոցառումներ ենք կազմակերպել, որպեսզի չձանձրանան։

- Հագուստի հարցն ինչպե՞ս է լուծվել։

- Հագուստի հարցը եւս բարեգործների եւ կամավորների միջոցով է լուծվում, սփյուռքահայեր ունենք, որոնք տարել են իրենց խանութներ եւ նոր իրեր են գնել նրանց համար։

- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից արձագանք չի՞ եղել։

- Եկել են, գրել են անձնական տվյալները, բայց դեռեւս ոչ մի օգնություն։

- Հյուրանոցն այլեւս շահույթ չի ստանում, ինչքա՞ն վնաս եք կրել։

- Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, հյուրանոցը կորոնավիրուսի պատճառով փակ է եղել, բացվել է միայն արցախցիներին տեղավորելու համար, բայց թվային առումով ես տեղյակ չեմ։

- Այնուամենայնիվ, դուք այս օրերին քանի՞ աշխատող ունեք։

- Մաքրուհի, խոհարար եւ ես։ Հյուրանոցի աշխատողները վճարվում են գործի համար, պետք է նշել, որ ֆիքսված ժամերից էլ շատ են մնում՝ արդեն կամավորական հիմունքներով։

- Ովքեր ի սկզբանե եկել էին, մինչ այսօր մնացե՞լ են։

- Միայն մի խումբ ունեինք, որոնց ուղարկել ենք ամառանոց, որովհետեւ 10 հոգի էին, ու մի սենյակում չէինք կարող տեղավորել, բայց նրանք նորից վերադարձել են, որովհետեւ այնտեղ ջեռուցման խնդիր կար։

- Հաշվարկե՞լ եք ձեր ֆինանսական ծախսերը, ինչքա՞ն ժամանակ կարող եք նրանց այստեղ պահել։

- Չեմ կարող պատասխանել ֆինանսի հարցով, բայց այս պահին մենք մտածում ենք՝ պահելու ենք այնքան, ինչքան պետք լինի։