Ժողովուրդն արժանի է շատ ավելի որակյալ իշխանության․ Ս․ Գիմիշյան  

Ժողովուրդն արժանի է շատ ավելի որակյալ իշխանության․ Ս․ Գիմիշյան  

Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակ» թերթը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ։

- Պարո՛ն Գիմիշյան, արտահերթ ընտրություններին նախապատրաստվո՞ւմ եք։

- Նախապատրաստվում ենք։ Անպայման մասնակցելու ենք։ Երկար ժամանակ կուսակցություններով համագործակցում ենք։

- Ո՞ւմ հետ եք համագործակցում։

- Ես գտնում եմ, որ Հայաստանն այնպիսի վտանգների առջև է կանգնած, որ ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել։ Բոլորս պետք է անենք այն ամենը, որը կնպաստի, որ երկիրը ծանրագույն վիճակից դուրս գա։ Նախևառաջ ապահովի իր անվտագությունը՝ սահմանների, արտաքին անվտանգությունը, ներքին անվտանգությունը և բնակչության հանգիստը։ Սրանից ելնելով՝ գտնում եմ, որ բոլոր ուժերը պետք է անպայման մասնակցեն։ Սա է մեր ընդհանուր մոտեցումը, իմ մոտեցումը մասնավորապես։ Համագործակցում ենք տարբեր ուժերի հետ՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, մտավորականություն, գիտնականներ:

- Ո՞ր կուսակցությունների հետ։

- Հայք (Հայկազուններ), Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն։ Ազգային ուղղվածության կուսակցություններ են։

- Իսկ ՀՅԴ, Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցություն։

- Ոչ, ոչ։ Այսօրվա դրությամբ՝ ոչ։

- Ի՞նչ ծրագրով եք մասնակցելու։

- Իհարկե, բավականին մեծ, ծավալուն ծրագիր ունենք։ Կներկայացնենք, հիմա դրա մասին շուտ է խոսելը։ Պետք է բոլոր ուժերի հետ վերջնական համաձայնության գանք, հասկանանք, նոր սկսենք դրա մասին խոսել։

- Իսկ կորոնավիրուսի պայմաններում ինչպե՞ս եք քարոզարշավ, ընտրարշավ իրականացնելու։

- Դժվարություններ, իհարկե, լինելու են։ Ես հասկանում եմ այդ պրոբլեմները։ Բայց պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս հասցնենք ժողովրդին, որ բացի ներկա ու նախկիններից կան նաև այլ ուժեր, որոնք մասնակցելու են ընտրությանը։ Եվ ժողովուրդն ունենալու է այլընտրանք; Սա է ամենակարևորը, որ քաղաքական ուժերը պարտավոր են՝ ապահովել այլընտրանք։ Չլինի միայն ներկա և նախկինների ընտրություն։ Եթե երկրում լիներ նորմալ ընտրություն, նորմալ զարգացման իրավիճակ, ապա շատ-շատ քաղաքական ուժեր, հանգիստ լինելով, կարող էին չմասնակցել։ Բայց այսօր բոլորը, բոլորը պետք է․․․ Ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել։ Երկիրը ծայրահեղ վտանգի մեջ է, «հայհայա» վիճակում է։

- Իսկ «Ազգային - Ժողովրդական բևեռ» նախաձեռնության հետ համագործակցո՞ւմ եք։ «Սասնա ծռեր», Հայաստանի Եվրոպական կուսակցություն, առանձին գործիչներ կան նաև՝ Արա Պապյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան։

- Վերջին երկուսին ճանաչում եմ։ Բոլոր մասնակիցներին հարգանքով եմ վերաբերվում։ Էլի եմ կրկնում, ոչ ոք իրավունք չունի ձեռքերը ծալած նստել։ Բոլորը պետք է ամեն ինչ անեն, որ երկիրը այս ծայրահեղ վտանգներից դուրս բերեն։    

- Իսկ պատրա՞ստ եք համագործակցել ընդդիմադիր բոլոր թևերի հետ՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

- Ինչպե՞ս է հնարավոր բոլոր թևերի հետ։ Հետո նախ պետք է հասկանալ «ընդդիմադիր» ասածը ո՞րն է։ Ես 33 տարի քաղաքականության մեջ եմ, շատ-շատ ընդդիմադիր կուսակցություններ եմ տեսել, որոնք հռչակվել են ընդդիմադիր, բայց երբեք ընդդիմադիր չեն եղել։ Նախ պետք է հասկանալ՝ ինչ է հասկացվում «ընդդիմադիր կուսակցություն» ասածի տակ։

- Փաշինյանին աթոռից պոկելու օրակարգ հռչակած կուսակցությունների հետ պատրա՞ստ եք համագործակցել։

- Փաշինյանին աթոռից պոկելն ամենագլխավոր խնդիրը չէ։ Երկրում իշխանությունը պետք է փոփոխության ենթարկվի։ Միանշանակ է ինձ համար։ Իսկ գնահատական ժողովուրդը տվել է և՛ ներկաների, և՛ նախկինների վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի որակյալ իշխանության։ Եվ կարող է ունենալ այդպիսինը։ Իհարկե այսօրվա իշխանությունը շատ փնթի վիճակում է: Ե՛վ դրսի, և՛ ներսի ուժերն ամեն ինչ կանեն, որ ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանություն չձևավորվի, այլ լինեն կախյալ վիճակում պաշտոնյաներ, որոնք ավելի շատ ծառայեն դրսի ուժերին, քան թե սեփական ժողովրդին և երկրին։ Գլխավոր խնդիրն է այսօր ապահովել ժողովրդի խնդիրներով, ժողովրդի պրոբլեմներով հնարավորինս անկախ, ինքնուրույն գործող իշխանություն։ Լրիվ անկախ իշխանություն աշխարհում գոյություն չունի, նույնիսկ ամենահզոր պետությունների դեպքում, պետք է հասկանանք դա։ Բայց հնարավորինս, միմիայն հայ ժողովրդի ազգային շահերից ելնելով գործեն։ Ցանկացած քայլ այդ կոնտեքստում կատարեն։

- Իսկ ընտրությունները ռեյտինգայի՞ն կարգով պետք է լինեն, թե՞ համամասնական։

- Կարծում եմ՝ ռեյտինգայինը խեղկատակություն է։ Ընդհանրապես սահմանադրական համակարգն է պետք փոխել։ Պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Եվ ընտրությունն էլ պարզ լինի, հստակ։ Այդ բոլոր խուճուճ բաները դուրս գան Ընտրական օրենսգրքից։ Ճիշտ կլինի, ամբողջությամբ համամասնական անցակացնել ընտրությունները։ Եկող իշխանությունը, կարծում եմ, պետք  է ստանձնի պատասխանատվություն, երկու տարվա ընթացքում իրականացնի սահմանադրական փոփոխություններ։ Եվ մենք պետք է վերադառնանք կիսանախագահական կամ նախագահական համակարգի։ Մենք պատերազմող երկիր ենք, պատերազմը շարունակվում է։ Այս խայտառակ պառլամենտական համակարգը, որը բերվեց մեր գլխին, պառլամենտական էլ չէ, «անհասկանալի հիմարություն» կասեի, որը նաև մեր երկիրը բերեց այս վիճակին։ Դա պետք է վերացնել։ Առավելագույն ժամկետը երկու տարի պետք է լինի, երկու տարի հետո պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ և հետո՝ պառլամենտական։ Եվ նոր Սահմանադրության համապատասխան երկիրը ղեկավարել։