Վաղարշակ Հարությունյանը ավելի երկար պայքարեց այդ պաշտոնի համար, քան զբաղեցրեց
Երեկ ՌԴ-ում ՀՀ արդեն նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրն էր։ Նոր դեսպանի՝ Գուրգեն Արսենյանի ժամանումը սպասվում է սեպտեմբերին։ Այս ընթացքում դեսպանի պարտականությունները կատարելու է դեսպանորդը։ Մոսկվայում երկար ժամանակ բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանին խնդրեցինք ամփոփել Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարումը, ինչո՞վ է նա հիշվել Մոսկվայի հայ համայնքի կողմից։
«Իր վերաբերյալ ընդամենը կարող եմ ասել, որ շատ ավելի երկար պայքարեց այդ պաշտոնի համար, քան զբաղեցրեց այն։ Նա երկար կհիշվի, կարծում եմ՝ մայիսի սկզբին տեղի ունեցած խայտառակ ինցիդենտով։ Դեսպանատան մոտից ոստիկանները 10 հայերի բերման ենթարկեցին Մոսկվայի Բասմաննի շրջանի ՆԳ բաժանմունք։ Նրանց թվում էին քաղաքացիներ, որոնք կարծելով, թե օրն աշխատանքային է, եկել էին հյուպատոսական ծառայություններից օգտվելու, նաեւ՝ «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ի երկու փոխնախագահները։ Ի զարմանս բոլորիս, դեսպանատունը ոստիկանություն էր կանչել, որ նրանց տանեն։ Կարծում եմ՝ դեսպանի նախաձեռնությամբ կամ տեղյակ լինելով էր դա տեղի ունեցել»։
Հետաքրքրվեցինք, թե ինչ սպասելիք ունի նոր դեսպանից։ «Նոր դեսպանը կադրային դիվանագետ չէ, բայց կարծում եմ՝ կկարողանա միավորել հայերի տարբեր շերտերին, ինչը պարոն Հարությունյանի մոտ այնքան էլ չէր ստացվում»։
Բոլորին հետաքրքրում է, թե ինչ արձագանք ունեցավ Ռուսաստանի հայերի միության նախագահի նամակը Պուտինին, ՌԴ նախագահի՝ Բաքու այցից առաջ, որով Արա Աբրահամյանը խնդրում էր բարձրացնել հայ գերիների հարցը։ Ի՞նչ կարծիքներ կամ տեղեկություններ կան դրա վերաբերյալ։
«Այդ նամակը, կարծում եմ, որեւէ լուրջ նպատակ չի հետապնդում։ Այն հրապարակվեց Բաքու այցի նախօրեին, իսկ պարոն Աբրահամյանը, ցավոք, չունի այն լծակները, որոնք, հիշում եմ՝ ուներ 2017, 2019, 2020 թվականներին,երբ ավելի մեծ ազդեցություն ուներ։ Եթե նա ունենար լծակ՝ ինֆորմացիա հասցնելու, չէր դիմի հանրային տիրույթին, իսկ եթե դիմել է, գոնե թող մի քանի օր առաջ դիմեր։
Ինչո՞ւ դա չարվեց, եթե հայկական համայնքում դրական համբավ ձեռք բերելու նպատակ չկար։ Ինձ համար գերիների թեման շատ էմոցիոնալ է, ես շատ հարգում եմ Ռուբեն Վարդանյանին ու դժվարանում եմ անգամ նրա մասին խոսել, ու ավելորդ անգամ այս մարդկանց անունները շահարկելուց, երեւի թե, պետք է զերծ մնալ»։
Կարծիքներ