Զինվորը, ոստիկանն ու պատգամավորը

Զինվորը, ոստիկանն ու պատգամավորը

Պատերազմող երկրում զինվորն առանց վրանի է քնում սարերում, բայց ՀՀ ոստիկանը զինված է մինչև ատամները և քննարկվում է նրան սպասարկող նոր մեքենաների դիզայնի հարցը։ Պայմանագրայինների սննդի փողն են կտրում, իսկ ԱԺ պատգամավորի գրպանի ծախսի փողն ավելացնում։ Բազմաթիվ ահազանգեր կան, որ սահմանին որևէ ինժեներական աշխատանք չի տարվում՝ հայ զինվորը քնում է պոլիէթիլենային վրանների տակ՝ խայտառակ պայմաններում, նրանից 300 մետր հեռավորության վրա գտնվող թուրքը նայում ու ծիծաղում է Նիկոլի պահած բանակի վիճակի վրա։

Սա, բնականաբար, հատուկ մարտավարություն է՝ մշակված քայլարածների կողմից։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանը աղքատ է և գումար չկա բանակի վրա փող ծախսելու, սահմանին կանգնած զինվորի համար արժանապատիվ միջավայր ստեղծելու համար։ Եթե փող չկա, ինչպե՞ս է ոստիկանի աշխատավարձը բարձրանում է 100 տոկոսով, պատգամավորի գրպանի գումարը հնգապատկվում, Պապիկյան Սուրենի ղեկավարած օբյեկտն էլ այլևս թքած ունի օրենքի վրա՝ ասֆալտ է փռում ում հետ ուզում է, մինչև 3 միլիարդի մեկ անձից գնում է կատարում՝ ումից ուզում է։ 

Նիկոլ Փաշինյանի գործողություններից կարելի է ենթադրել, որ բանակն անուշադրության մատնելը հատուկ քաղաքականություն է, արվում է ամեն ինչ, որպեսզի գալիք սերունդը հրաժարվի բանակում ծառայելուց, անմարդկային պայմաններ են ստեղծում, որ ծնողները թույլ չտան զավակներին բանակ տանել, վերջում էլ կպատճառաբանեն, որ ժողովուրդն է մեղավոր՝ հրաժարվում է հայրենիքի սահմանները պաշտպանելուց։

Ժողջանը այս մասին չի մտածում, ոգևորված է նրանով, որ իր որդին բանակում չի ծառայելու, որ Եվրամիության կողմից տրամադրված 2,6 միլիադից մի քանի փշրանք էլ իրեն կհասնի։ Նրան ասել են, որ ամերիկացին ու ֆրանսիացին են գալու իրեն պահապան, փողն էլ գնալու է մարզերի զարգացմանը։ Ժողջանը չի հասկանում, հասկացողներն էլ նրան չեն ասում, որ ոչ ոք հենց այնպես ոչինչ չի անելու եւ ֆրանսիացի կամ ռուս զինվորը չի գալու Հայաստանի սահմանին զոհվի, որպեսզի Երասխի բնակիչն անդարդ ապրի։ Իսկ եկած միլիարդների հիմնական մասն էլ պետական պարտք է՝ ԵՄ օգնության անվան տակ եկած, եւ մնալու է ժողջանի պատասխանատվության տակ՝ նա պիտի փակի ու նրա սերունդները։ 

Բայց այս ամենը կարևոր չէ, կարևորը վարչապետն այս պահին չի շեղվում, ՀՀ ոստիկանի համար ոսկե սարեր է խոստանում, երբ ժողջանը արթնանա թմբիրից ու հասկանա, որ խաբված է, իշխանությունը մահակն ու մուրճը գործի է դնելու արդեն նրա ուղղությամբ, այլ ոչ թե նախկինների։

Նարեկ Դաջունց