Քաղաքական ո՞ր ուժը կառաջադրի Մասիս Մայիլյանին

Քաղաքական ո՞ր ուժը կառաջադրի Մասիս Մայիլյանին

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այսօր վերջնականապես հաստատել է, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու: Որոշ մեկնաբաններ հասցրել են այդ հայտարարությունը որակել «բեկումնային»: Իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Մասիս Մայիլյանի նախագահական հավակնությունները հայտնի էին վաղուց: Միակ առանցքային նորությունը, թերեւս, այն է, որ եթե այդ մասին հայտարարել է Մայիլյանը, նշանակում է նա չի լինի այսպես կոչված «միասնական» կամ «համաձայնեցված» թեկնածու: Հայտնի է, որ այդ օրակարգով քաղաքական խորհրդատվություններ է սկսել ՀՅԴ Արցախի կառույցը: Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-Մասիս Մայիլյան բանակցություններ կամ չեն եղել ի սկզբանե, կամ արդյունքում կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ինտրիգը նրանում է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը պետք է համաձայնեցնի որեւէ կուսակցության հետ: Արցախի գործող սահմանադրությամբ նախագահի թեկնախու կարող են առաջադրել միայն կուսակցությունները, ինքնառաջադրումը բացառված է: Եթե Մասիս Մայիլյանը նախագահի «միասնական թեկնածու» չէ, ինչպես հասկացվում է նրա հայտարարությունից, ուրեմն Արցախի ո՞ր կուսակցության հետ է նա համաձնայնեցրել իր որոշումը: Արցախի քաղաքական դաշտի առաջատար «Ազատ հայրենիքը» մոտ մեկ ամիս հետո կանցկացնի հերթական համագումարը:

Որեւէ կասկած չկա, որ նախագահի թեկնածու կառաջադրվի Արայիկ Հարությունյանը: Նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի առաջնորդն ԱՀ ԱԺ գործող նածագահն է: Խորհրդարանում ներկայացված «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նույնպես վճռական է նախագահի իր թեկնածուն առաջադրելու հարցում: ԱԺ-ում ներկայացված մյուս՝ Շարժում 88 կուսակցությունը, կարծես, տրոհվել է. խմբակցության անդամներից մեկը, ըստ լուրերի, միացել է Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությանը, մյուսը բանակցում է «Ազատ հայրենիքի» հետ, երրորդն, ամենայն հավանականությամբ, կհարի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Նախագահական ընտրություններին ո՞ր ուժն է առաջադրելու Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Իշխող տպավորություն է, որ գործող ԱԳ նախարարը փորձ է անում զատորոշվել իշխանությունից եւ ներկայանալ որպես այլընտրանք: Արցախում  վերջին ամիսներին կազմավորվել են քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս նույն հայեցակարգով: Հավանական է, որ նրանցից մեկն էլ Մասիս Մայիլյանին կառաջադրի նախագահի թեկնածու: Մեկ անգամ, 2007թ.-ին, Մասիս Մայիյանն արդեն իսկ այդ «փորձությունն» անցել է: ԱՀ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման մասին հայտարարելով նա «նույն ջրում երկրորդ անգամ ոտք դնելու» հա՞յտ է ներկայացնում: Թե իրավիճակն ավելի խորքային է, քան պատկերվում է առաջին հայացքի՞ց