Միակ որոշումը, որ դժվար եմ կայացնում` ամուսնանալ, թե չէ

Միակ որոշումը, որ դժվար եմ կայացնում` ամուսնանալ, թե չէ

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Իշխող Քաղպայմանագիրը մասնակցում է «Ասե'ք, կանենք» կարգախոսով, ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը։ 

Մենք զրուցել ենք ցուցակի տասներկուերորդ համարի ավագանու թեկնածու Տաթևիկ Հովակիմյանի հետ։

-Մեր հանրությունը Ձեզ համարում է սիրված դերասան, արվեստագետ և շատերի համար անսպասելի էր Ձեր՝ ավագանու թեկնածու առաջադրվելու որոշումը։

-Շնորհակալ եմ սիրո համար, ու ոնց ասում էր Մհեր Մկրտչյանը, երևի դա նրանից է, որ ես էլ մարդկանց եմ սիրում` մեկ առ մեկ ու հատկապես իմ հանդիսատեսին (հումոր)... Ստացա առաջարկ և համաձայնեցի: Եվ ուրախ եմ ու վստահ իմ որոշման մեջ:

-Ինչու՞ եք որոշել դառնալ ավագանու անդամ։ 

-Նպաստելու համար Երևան քաղաքում մշակութային կյանքի զարգացմանը: 

-Հեշտությա՞մբ եք կայացրել այդ որոշումը։ 

-Միակ որոշումը, որ դժվար եմ կայացնում`ամուսնանալ, թե չէ:

- Դուք անձամբ ի՞նչ եք ուզում փոխել Երևանում։ 

-Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երևանը ունի բազմաթիվ խնդիրներ` չլուծված, որոնք լուծման փուլում են, կամ կլուծվեն` միանշանակ...Բայց նաև կան ավագանու անդամներ, ովքեր զբաղվում են կոնկրետ որևէ հարցով, ես ուզում եմ զբաղվել մշակութային խնդիրներով և հնարավորինս ընդգրկել դրա մեջ տաղանդավոր ու կարևոր մարդկանց...Պարզապես ինձ ոչ թե հետաքրքիր չեն այլ խնդիրները, այլ իմ մասնագիտության մեջ ես չափազանց զբաղված եմ և կարևորում եմ դուրս չգալ այլ դաշտեր, իհարկե, աչք չփակելով նաև այլ խնդիրների վրա...

-Դերասանից` հանրային քաղաքականություն, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճանապարհը։

-Ես խաղում եմ թատրոնում, ինչպես միշտ, խաղալու եմ, սեպտեմբերին ունեմ նոր պրեմիերա, խաղացել եմ կինոյում ու կխաղամ, անում եմ իմ նախագիծը, որը չի կորցնում իր հետաքրքրությունը և շարունակելու եմ ստեղծագործել միշտ...

Կարեն Քերիմյան